«Տեղեկատվական և հաղորդակցության տեխնոլոգիաների գործատուների միության» (ՏՀՏ) կողմից և ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության աջակցությամբ կազմակերպված RISE 2026 բարձր տեխնոլոգիաների ցուցահանդեսի շրջանակում տեղի է ունեցել պանելային քննարկում՝ «Ռազմական արդյունաբերության զարգացման մարտահրավերները» թեմայով։ Քննարկումը վարում էր ԱՊՐԻ Արմենիայի ավագ խորհրդական Լեոնիդ Ներսիսյանը։
Քննարկմանը մասնակցում էին ոլորտի առանցքային դերակատարներն ու պաշտոնյաները՝ Դավիթ Գալոյան, «Davaro» ընկերության հիմնադիր, Ադամ Կաբլանյան, «Սյունիք» ներդրումային ֆոնդի կառավարիչ, Մխիթար Հայրապետյան, ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար, Արամ Ջիվանյան, Ռազմարդյունաբերության կոմիտեի նախագահ, Վարդան Ջհանյան, Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի (ԶՊՄԿ) գլխավոր տնօրենի առաջին տեղակալ, Գեղամ Վարդանյան, «Advanced Technologies Group» (ATG) ընկերության գործադիր տնօրեն։
Ելույթների հիմնական շեշտադրումը Հայաստանի ռազմատեխնիկական ոլորտի զարգացման հաջորդ փուլն էր՝ անցումը առանձին հաջողված օրինակներից դեպի ամբողջական ու կայուն ռազմարդյունաբերական էկոհամակարգի ձևավորում։
Բանախոսներն անդրադարձան պետական քաղաքականությանը, ներդրումների ներգրավմանը, սերիական արտադրության կազմակերպմանը, անօդաչու թռչող սարքերի (ԱԹՍ) արդյունաբերությանը և բարդ սարքակազմերի թողարկմանը։ Բացի այդ, կարևորվեցին արտահանման հնարավորություններն ու տեղական արդյունաբերական պոտենցիալի դերը՝ բարձրտեխնոլոգիական ռազմական արտադրությանն աջակցելու գործում։
Առանցքային շեշտադրում.
☑️ Անհրաժեշտ է անցում կատարել պետության և մասնավոր հատվածի միջև ավելի երկարաժամկետ համագործակցության ձևաչափերի։ Դրանք պետք է փոխարինեն նախկինում հիմնական գործիք հանդիսացող եռամյա պայմանագրային համակարգին՝ ապահովելով ոլորտի կայունությունն ու հեռանկարային զարգացումը։