ԱՊՐԻ Արմենիան՝ «Համապարփակ անվտանգություն և դիմակայունություն – 2025» համաժողովին

2025թ. սեպտեմբերի 15-16-ին Երևանում տեղի ունեցավ «Կանայք և գլոբալ անվտանգային ճարտարապետությունը» մտակենտրոնի կողմից կազմակերպված «Համապարփակ անվտանգություն և դիմակայունություն – 2025» համաժողովը։

Հաաժողովի շրջանակներում ԱՊՐԻ Արմենիայի ռազմավարության և զարգացման հարցերով փոխնախագահ Անահիտ Փիլիպպոսյանը հանդես եկավ որպես «Դիմացկունության կառուցում Հայաստան-ԵՄ գործընկերության միջոցով. հնարավորություններ և մարտահրավերներ» խորագիրը կրող պանելային քննարկման մոդերատոր։ 

Քննարկման բանախոսներն էին ՀՀ Ազգային ժողովի եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը, Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, արտակարգ և լիազոր դեսպան Ն.Գ. Վասիլիս Մարագոսը, Եվրոպական միության դիտորդական առաքելության ղեկավար Մարկուս Ռիտերը և Հայաստան-ԵՄ քաղհասարակության պլատֆորմի համանախագահ Լուսինե Հակոբյանը։

Քննարկման ընթացքում անդրադարձ է կատարվել Հայաստան-ԵՄ զարգացող գործընկերության առավելություններին ու սահմանափակումներին։ Մասնակիցները քննարկել են Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի (CEPA) ձեռքբերումները՝ միաժամանակ ընդգծելով դրա իրականացման գործնական մարտահրավերները։ Նրանք անդրադարձել են այն ոլորտներին, որտեղ առաջընթացն ակնհայտ է՝ ինչպես, օրինակ, բարեփոխումները, կառավարումը և անվտանգության ոլորտում համագործակցությունը, միաժամանակ նշելով այն ինստիտուցիոնալ և հասարակական խոչընդոտները, որոնք դեռևս պետք է հաղթահարվեն։

Միավորելով կառավարության, դիվանագիտական, քաղաքացիական հասարակության և անվտանգության ոլորտի առաջատար ներկայացուցիչներին՝ քննարկման մասնակիցները վերահաստատեցին Գործընկերության համապարփակ բնույթը, որտեղ ներգրավված են բազմաթիվ շահառուներ, ինչպես նաև Գործընկերության ողջ ներուժն իրացնելու գործում գործընթացների նկատմամբ պատասխանատվության կարևորությունը։

նմանատիպ լուրեր

Գրանցվեք APRI Armenia-ի թարմացումների համար