ԱՊՐԻ Արմենիայի ավագ գիտաշխատող Բենիամին Պողոսյանը հուլիսի 7-8-ը Անկարայում կայացած ՆԱՏՕ-ի պաշտոնական գագաթնաժողովի շրջանակներում մասնակցել է մի շարք բարձր մակարդակի հանդիպումների ու քննարկումների։
Հուլիսի 7 | Անկարայում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի երկխոսություններ
Բենիամին Պողոսյանը մասնակցել է Թուրքիայի Ատլանտյան խորհրդի (Turkish Atlantic Council) կազմակերպած երկխոսությունների ձևաչափին։ Միջոցառումը համախմբել էր շուրջ 200 միջազգային փորձագետների, գիտնականների և պաշտոնաթող դիվանագետների՝ քննարկելու գլոբալ աշխարհաքաղաքականության ու աշխարհատնտեսության զարգացումները և նախանշելու հետագա քայլերի գործնական առաջարկներ։
Հուլիսի 8 | «Դիմակայունության ուղիներ» պանելային քննարկում
Բենիամին Պողոսյանը ելույթ է ունեցել «Դիմակայունության ուղիներ. քարտեզագրելով Միջին միջանցքը, «Զարգացման ճանապարհը» և կապակցվածության նոր օրակարգը» խորագրով պանելային քննարկմանը, որը համակազմակերպել էին ԱՊՐԻ Արմենիան և Թուրքիայի Ատլանտյան խորհուրդը։ Քննարկումը տեղի է ունեցել Մյունխենի անվտանգության համաժողովի և SETA հիմնադրամի կողմից համատեղ կազմակերպված «Դաշնակիցներն Անկարայում» պաշտոնական միջոցառումների շրջանակում, որոնք տեղի են ունեցել 2026թ-ի հուլիսին Անկարայում անցկացված ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի կապակցությամբ։
Քննարկման ընթացքում Բենիամին Պողոսյանն ընդգծել է Հարավային Կովկասի լիարժեք ապաշրջափակման անհրաժեշտությունը։ Նա նշել է, որ Հայաստան-Ադրբեջան և Հայաստան-Թուրքիա սահմանների բացումը, ինչպես նաև Գյումրի-Կարս և Երևան-Նախիջևան երկաթուղիների գործարկումը պարտադիր նախապայմաններ են տարածաշրջանում տևական խաղաղության, կայունության և անվտանգության ապահովման համար։