Հոկտեմբերի 1-3-ը Կիպրոսի ֆորումը համախմբեց Կիպրոսի և արտասահմանի քաղաքական առաջնորդների, լրատվամիջոցների ներկայացուցիչների, գիտնականների և քաղաքացիական հասարակության անդամների՝ հանրային քաղաքականության հիմնական մարտահրավերներին նորարարական մոտեցումներով անդրադառնալու համար։
ԱՊՐԻ Արմենիայի գիտաշխատող Նվարդ Չալիկյանը ելույթ ունեցավ «Կիպրոսը և Եվրո-միջերկրածովյան տարածաշրջանը. դիվանագիտություն, առևտուր և անվտանգություն փոփոխվող հավասարակշռությունների տարածաշրջանում» պանելային քննարկմանը։ Բովանդակային տեսանկյունից ԱՊՐԻ Արմենիան աջակցել է այս քննարկմանը։
Քննարկմանը, որի մոդերատորը Նիկոսիայի համալսարանի միջազգային հարաբերությունների և եվրոպական ուսումնասիրությունների դոկտորանտ Պետրոս Պետրիկկոսն էր, Նվարդ Չալիկյանից բացի մասնակցեցին նաև Կիպրոսում Մեծ Բրիտանիայի գերագույն հանձնակատար Մայքլ Թաթհամը, Energy Shift Capital-ի համահիմնադիր Իլքայ Դեմիրդաղը և ֆրանսիական IFRI վերլուծական կենտրոնի Թուրքիա-Մերձավոր Արևելք ծրագրի ղեկավար Դորոթի Շմիդը։
Քննարկման ընթացքում Նվարդն անդրադարձավ Հարավային Կովկասի աշխարհաքաղաքականությանը՝ նկարագրելով այն որպես միկրոտիեզերք։ Ըստ նրա՝ այս տարածաշրջանում Ռուսաստանի ազդեցության թուլացումը նոր դինամիկայի հնարավորություն է ստեղծել։ Նա նաև անդրադարձավ Հարավային Կովկասում Թուրքիայի աշխարհաքաղաքական նկրտումներին, այդ թվում՝ Հայաստանի տարածքով Ադրբեջանի հետ նրա հաղորդակցության կապերի հարցին և այդ նկրտումների հնարավոր ազդեցությանը Եվրո-Միջերկրածովյան տարածաշրջանի, մասնավորապես՝ Կիպրոսի և Հունաստանի վրա։ Նվարդը ընդգծեց Կիպրոսի և Հունաստանի հետ Հայաստանի բազմակողմանի հարաբերությունների ամրապնդման կարևորությունը։
Նա նաև խոսեց Հայաստանի արտաքին քաղաքականության դիվերսիֆիկացման մասին և ընդգծեց տարածաշրջանում Եվրամիության և Միացյալ Նահանգների, ինչպես նաև Հնդկաստանի և Չինաստանի աճող ներգրավվածությունը։