Նոյեմբերի 11-ին ԱՊՐԻ Արմենիան կազմակերպեց «Հայաստանի արտաքին քաղաքականության դիվերսիֆիկացիան և տարածաշրջանի փոփոխվող աշխարհաքաղաքականությունը» խորագիրը կրող ինտերակտիվ պանելային քննարկում՝ ներգրավելով հայաստանյան տարբեր ԲՈՒՀ-երի միջազգային հարաբերոթյունների և քաղաքագիտության ոլորտներում մասնագիտացող ուսանողների։
Միջոցառման ժամանակ ԱՊՐԻ Արմենիայի ավագ գիտաշխատող Բենիամին Պողոսյանը ներկայացրեց թեմայի վերաբերյալ կազմակերպության պատրաստած զեկույցը՝ «Հայաստանի արտաքին քաղաքականությունը ղարաբաղյան երկրորդ պատերազմից հետո. դիվերսիֆիկացիան հետմիաբևեռ աշխարհում»՝ ուրվագծելով դրա հիմնական ուղերձներն ու եզրակացությունները, որոնք հիմք ծառայեցին հետագա քննարկման համար։
Զեկույցի ներկայացմանը հաջորդեց պանելային քննարկում ԱՊՐԻ Արմենիայի գիտաշխատողներ Բենիամին Բողոսյանի, Նվարդ Չալիկյանի և Սերգեյ Մելքոնյանի մասնակցությամբ։ Քննարկման մոդերատորն էր ԱՊՐԻ Արմենիայի հաղորդակցության հարցերով ղեկավար Գրետա Ավետիսյանը։
Մասնակիցները քննարկեցին Հայաստանի արտաքին քաղաքականության դիվերսիֆիկացիայի հիմնական ուղղությունները՝ ընդգծելով տնտեսության դիվերսիֆիկացիայի անհրաժեշտությունը ևս: Նրանք նաև անդրադարձան Վաշինգտոնի հռչակագրի՝ Հարավային Կովկասի վրա ազդեցությանը:
Միջոցառման նպատակն էր ուսանողներին հավելյալ վերլուծություն տրամադրել տարածաշրջանային աշխարհաքաղաքական զարգացումների, ինչպես նաև Հայաստանի առջև ծառացած արտաքին քաղաքականությանն առնչվող հնարավորությունների և մարտահրավերների վերաբերյալ։