Հարավային Կովկասում հաղորդակցության ուղիները չպետք է սահմանափակվեն TRIPP-ով

2026թ-ի ապրիլի 15-ի դրությամբ

Հարավային Կովկասի երկրների տնտեսական քաղաքականության գլխավոր առաջնահերթությունների շարքում են երկարաժամկետ տնտեսական աճը, կայունությունը և կենսամակարդակի բարձրացումը:  Այդ նպատակներին հասնելու համար պահանջվում է տարածաշրջանի պետությունների ավելի սերտ փոխգործակցություն։ Մինչ օրս «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» (TRIPP) նախագիծը համարվում է տարածաշրջանային փոխգործակցության և բարգավաճման բոլոր խոչընդոտները վերացնելու բանալին: ԱՊՐԻ Արմենիայի սույն վերլուծությունում մենք պնդում ենք, որ TRIPP-ը օգտակար, բայց ոչ բավարար քայլ է՝ Հարավային Կովկասի ապաշրջափակման համար, և ներկայացնում ենք, թե Հարավային Կովկասի երկրներն ու համախոհ գործընկերները ինչ քայլեր պետք է ձեռնարկեն տարածաշրջանային խաղաղությանն ու բարգավաճմանը հասնելու համար: Վերլուծությունն իրականացվել է որակական և քանակական մեթոդներով՝ ներառյալ Հայաստան-Թուրքիա սահմանի բացման ազդեցության վերաբերյալ գրականության ակնարկը։

Հիմնական շեշտադրումներ

  • TRIPP-ն անհրաժեշտ, բայց ոչ բավարար քայլ է Հարավային Կովկասում տարածաշրջանային կայունության ամրապնդման ճանապարհին: Հայաստանի շարունակական տնտեսական մեկուսացումը կանխելու համար նախաձեռնությունը պետք է զուգորդվի Հայաստան-Ադրբեջան և Հայաստան-Թուրքիա սահմանների լիակատար բացմամբ:
  • Թուրքիա–Հայաստան և Ադրբեջան–Հայաստան սահմանների ամբողջական ապաշրջափակումը կարող է ստեղծել արևելք-արևմուտք մատակարարման լրացուցիչ շղթաներ, ներառյալ արդեն իսկ առկա երթուղին, որը Բաքվից և Նախիջևանից Հայաստանի տարածքով անցնում է դեպի Թուրքիա:
  • ԱՄՆ-Իսրայել-Իրան պատերազմը նոր մարտահրավերներ է ստեղծում TRIPP նախաձեռնության համար և փաստում, որ Հայաստանի կողմից ԱՄՆ-ի և Իրանի շահերի առավել զգուշավոր հավասարակշռման անհրաժեշտություն կա:
  • Տարածաշրջանային ենթակառուցվածքների լիակատար ապաշրջափակումը կարող է ներգրավված երկրների համար ապահովել տարեկան հավելյալ 1,5 միլիարդ ԱՄՆ դոլարի եկամուտ՝ առևտրի, զբոսաշրջության և տարանցման ոլորտներից: Համեմատության համար նշենք, որ միայն TRIPP նախագիծը, ըստ գնահատումների, տարեկան կապահովի 351,3 միլիոն դոլար:
  • Տարածաշրջանային հաղորդակցությունների լիակատար ապաշրջափակումը բխում է Հարավային Կովկասի երեք երկրների, նրանց հարևանների և միջազգային գործընկերների շահերից: Այն կարող է Հարավային Կովկասը դարձնել ոչ թե սրված մրցակցության, այլ համագործակցության թատերաբեմ:
  • Լիակատար ապաշրջափակումը կարող է նաև ազատության լրացուցիչ աստիճան հաղորդել Հարավային Կովկասի երկրներին և ձևավորել տարածաշրջանային ինքնություն, ինչը տարածաշրջանին պակասում է Խորհրդային Միության փլուզումից ի վեր:

կիսվել՝

նմանատիպ հրապարակումներ

Գրանցվեք APRI Armenia-ի թարմացումների համար