2025թ-ի օգոստոսի 14-ի դրությամբ
ԱՊՐԻ Արմենիայի այս վերլուծությունն արտացոլում է գագաթնաժողովում արձանագրված առաջընթացի հետևանքները Հայաստանի, Ադրբեջանի, վերջիններիս միջև երկարատև խաղաղության գործընթացի, ինչպես նաև տարածաշրջանում հարևանների հետ հարաբերությունների վրա։ Չնայած Հարավային Կովկասում առավել կայուն իրավիճակի ապահովման ուղղությամբ ձեռք բերված որոշակի առաջընթացին՝ մասնավորապես, տարաձայնությունների պատճառ հանդիսացող տարանցիկ ուղիների հարցում, ԱՄՆ-ի՝ խաղաղության գործընթացում վերականգնված ներգրավվածության հաջողությունը կպայմանավորվի նրանով, թե ինչպես կմեկնաբանվեն և կիրականացվեն պայմանավորվածությունների մանրամասները, ինչպես կարձագանքեն տարածաշրջանային տերությունները:
2025 թվականի օգոստոսի 8-ին Հայաստանը, Ադրբեջանը և Միացյալ Նահանգները Վաշինգտոնում կայացած գագաթնաժողովի ընթացքում (այսուհետ՝ «վաշինգտոնյան գագաթնաժողով») ստորագրեցին համատեղ հռչակագիր (այսուհետ՝ «համատեղ հռչակագիր» կամ «հռչակագիր»): Հռչակագիրը նախատեսում է ստեղծել «Ադրբեջանի հիմնական մասի և (…) Նախիջևանի միջև (…) Հայաստանի տարածքով անխոչընդոտ հաղորդակցություն, Հայաստանի համար միջազգային ու ներպետական հաղորդակցության փոխադարձ առավելություններով» Ադրբեջանի տարածքով։ Այն նաև ամրագրում է, որ Հայաստանը «աշխատելու է Ամերիկայի Միացյալ Նահանգների և փոխադարձաբար համաձայնեցված երրորդ կողմերի հետ՝ Հայաստանի Հանրապետության տարածքում «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» («Trump Route for International Peace and Prosperity» (TRIPP)) հաղորդակցության ծրագրի իրականացման շրջանակը սահմանելու նպատակով»:
ԱՄՆ-ի գլխավորությամբ ստորագրված համաձայնագիրը Հայաստանի և Ադրբեջանի միջև երկարատև վեճի լուծում է առաջարկում, թե ինչպես և ինչ հանգամանքներում նրանք կսկսեն տարանցիկ հաղորդակցություն իրականացնել երկու պետությունների միջև: 2020 թվականի նոյեմբերին՝ 44-օրյա պատերազմից հետո, Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի կողմից ստորագրված հրադադարի մասին հայտարարությամբ նախատեսվում էր, որ երկու երկրների միջև տարանցիկ կապերը կվերականգնվեն, իսկ տրանսպորտային կապերի վերահսկման համար պատասխանատու կլինեն Ռուսաստանի ԱԴԾ սահմանապահ ծառայության մարմինները։ Հայաստանն ու Ադրբեջանը, սակայն, տարաձայնություններ ունեին երթուղիների կառավարման և վերահսկողության հարցում: Վաշինգտոնում առաջարկված լուծումը կարող է ամերիկյան կառույցներին հնարավորություն ընձեռել Հայաստանի հարավով անցնող տարանցիկ երթուղիների կառուցման և կառավարման համար՝ համագործակցելով Հայաստանի իշխանությունների հետ։ Ըստ հայ պաշտոնյաների՝ անձնագրային վերահսկողությունն ու մաքսային ստուգումներն իրականացվելու են Հայաստանի պետական հաստատությունների կողմից՝ ԱՄՆ-ի աջակցությամբ զարգացնելով Հայաստանի սահմանային և մաքսային ծառայությունների հնարավորությունները: Վարչապետ Փաշինյանի մամուլի ասուլիսի համաձայն՝ անվտանգությունը կապահովի Հայաստանը, մինչդեռ ամերիկյան ներդրումային ընկերությունները կարող են ունենալ իրենց սեփական
անվտանգությունն ապահովող մարմիններ՝ ի լրումն Հայաստանի ոստիկանության, Ազգային անվտանգության ծառայության և իրավական համակարգի:
Համատեղ հռչակագրին զուգահեռ՝ Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդները նախաստորագրել են երկու երկրների միջև խաղաղության հաստատման և հարաբերությունների կարգավորման մասին համաձայնագրի տեքստը: Նախաստորագրումը նշանակում է խաղաղության համաձայնագիրն ապագայում վերջնականացնելու պարտավորություն, չնայած ժամկետները դեռ չեն հայտարարվել:
Հայաստանն ու Ադրբեջանը ԱՄՆ-ի հետ նաև երկկողմ փոխըմբռնման հուշագրեր են ստորագրել։ Հայաստանի համար այդ հուշագրերը կհանգեցնեն ԱՄՆ-ի ներգրավվածության ընդլայնմանը էներգետիկ անվտանգության, ՀՀ կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախագծի շրջանակներում ենթակառուցվածքների զարգացման, ինչպես նաև արհեստական բանականության և կիսահաղորդիչների հետ կապված տեխնոլոգիաների ոլորտներում։ Ադրբեջանի համար ԱՄՆ-ի հետ կապերը կընդլայնվեն ռազմավարական գործընկերության հաստատմամբ, որը կներառի պաշտպանության, թվային տեխնոլոգիաների և էներգետիկայի ոլորտներում ավելի սերտ համագործակցություն։
Որո՞նք են Հայաստանի համար հետևանքները
Համատեղ հռչակագիրն զգալիորեն նվազեցնում է Հայաստանի և Ադրբեջանի միջև ռազմական էսկալացիայի հավանականությունը մոտակա ժամանակաշրջանում՝ հնարավորություն տալով Երևանին շարունակել իր ջանքերը տնտեսական զարգացման և պաշտպանական կարողությունների ամրապնդման ուղղությամբ։
ԱՄՆ-ի հետ էներգետիկ անվտանգության, ենթակառուցվածքների, արհեստական բանականության և կիսահաղորդիչների ոլորտներում առավել ընդլայնված գործընկերությունն, ի լրումն ռազմավարական գործընկերության կանոնադրությամբ արդեն իսկ նախատեսվածից, հավանաբար կխթանի Հայաստանի տնտեսության վերոնշյալ ոլորտները։ Հայաստանի կառավարությունը կարող է հրապարակայնորեն ներկայացնել այն առավելությունները, որոնք տվյալ համաձայնագրերը կարող են ընձեռել հայկական բիզնեսին, ինչպես դա արվեց «Firebird AI» նախագծի մասին հայտարարելու ժամանակ։ Հարկ է նշել, որ Հայաստանի թիվ մեկ առևտրային գործընկեր Ռուսաստանի, ինչպես նաև Իրանի հետ տնտեսական հարաբերությունները կարող են փոփոխվել ԱՄՆ-ի հետ ավելի սերտ համագործակցության անցնելու արդյունքում: Ադրբեջանի հետ առևտրի և տարանցման ապաշրջափակումը, մասնավորապես, եթե այն ապաշրջափակի առևտուրն ու ապասառեցնի դիվանագիտական հարաբերությունները Թուրքիայի հետ, նոր մարտահրավերներ և հնարավորություններ կստեղծի Հայաստանի տնտեսության համար: Ի թիվս այլ գործոնների՝ դա կարող է նվազեցնել բացառիկ կախվածությունը, մասնավորապես՝ Ռուսաստանից։
Համատեղ հռչակագրի իրականացման մանրամասների և դրա նկատմամբ պատասխանատվության վերաբերյալ ընդհանուր ընկալման բացակայության պայմաններում կան որոշ խոցելի կետեր, ինչպիսիք են՝ TRIPP-ի կառուցման ընթացքում իրավական տարբեր մեկնաբանությունների և տեղում առաջացող հակասությունների հավանականությունը: TRIPP-ի հայեցակարգի համար անհրաժեշտ են իրականացման շրջանակներ, որոնք կներառեն համակարգման մեխանիզմներ, ֆինանսավորման ծրագրերի հստակություն, ինչպես նաև հակամարտությունների կարգավորման և միջնորդության պոտենցիալ մեխանիզմներ: Կարևոր է նշել, որ Հայաստանը մշտապես, այդ թվում նաև վերջին շրջանում, ընդգծել է, որ Հայաստանի տարածքով անցնող ոչ մի տարանցիկ երթուղի չպետք է ազդի Իրանի հետ նրա սահմանի և հաղորդակցության վրա: Եթե այն բացասաբար է անդրադառնում նրանց ընդհանուր սահմանի պատշաճ գործունեության վրա, դա կարող է վտանգել նոր TRIPP-ը:
Որպեսզի ընդհանուր առաջարկն ավելի մեծ աջակցություն ստանա, անհրաժեշտ է հստակեցում մտցնել Ադրբեջանի տարածքով անցնող փոխադարձ առևտրային երթուղու վերաբերյալ: Թեև համատեղ հռչակագրում նշվում է «փոխադարձ առավելությունների» մասին, ինչը ենթադրում է, որ Հայաստանի քաղաքացիները և հայկական ծագում ունեցող ապրանքները կշահեն Ադրբեջանի տարածքով տարանցումից, ձևակերպումները, թե ինչպես դա կիրագործվի, մնում են անորոշ: Եթե դա տեղի ունենա Ադրբեջանի տարածքով, մուտքն ու ելքը կկարգավորվեն Ադրբեջանի իշխանությունների կողմից՝ առանց երրորդ կողմերի ներգրավման, որը կապահովեր հայ ուղևորների անվտանգությունն ու կտրամադրեր պաշտպանության լրացուցիչ երաշխիք։ Նման իրավիճակը կարող է ընկալվել որպես անհավասարակշիռ լուծում և մեծ զիջում հայկական կողմից:
Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթերում որևէ հիշատակում չի արվել Բաքվում պահվող հայ ռազմագերիների ազատ արձակման, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղից տեղահանված էթնիկ հայերի վերադարձի իրավունքի և նրանց պաշտպանության այլ երաշխիքների վերաբերյալ։ Վերջինիս առնչվող որոշակի հիշատակում կարելի էր ակնկալել, հաշվի առնելով, որ Նախագահ Թրամփը 2024 թվականի նախընտրական քարոզարշավի ժամանակ հայտարարել էր, որ կաջակցի Լեռնային Ղարաբաղի հայերի նկատմամբ հետապնդումների դադարեցմանը: Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ) Մինսկի խումբը (բանակցային հարթակ, որը ստեղծվել է 1992 թվականին՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ լուծում գտնելու համար) լուծարելու Հայաստանի և Ադրբեջանի համատեղ կոչը կսահմանափակի այդ բնակչության իրավունքները կամ 2023 թվականին Ադրբեջանի կողմից նրանց բռնի տեղահանման հանգամանքներին վերաբերող հարցերը բարձրաձայնելու հնարավորությունները։ Ավելին, քանի որ խաղաղության պայմանագիրը ներառում է հոդված՝ միջազգային դատարաններից իրավական գործերի հետկանչման վերաբերյալ, հայերը սահմանափակ հնարավորություններ կունենան մարդու իրավունքների խախտումների փոխհատուցմանը հասնելու համար։ Սա դժգոհություն կառաջացնի հայկական հանրության որոշ շերտերում՝ թե՛ հայրենիքում, թե՛ Սփյուռքում:
Հայ-ադրբեջանական հարաբերությունների բարելավումը և այն, թե ինչպես դա կանդրադառնա Հայաստանի քաղաքացիների վրա, լինելու է 2026թ․ հունիսի 7-ի ընտրությունների հիմնական առանցքներից մեկը: Հայաստանում հասարակական կարծիքը միտված է խաղաղության հաստատմանը Ադրբեջանի հետ և այն դիտարկում է որպես կառավարության առաջնային նպատակ։ Այս առումով Վաշինգտոնում ստորագրման արարողությունը կարող է դիտարկվել որպես նշանակալի ձեռքբերում, որը, հավանաբար, կուժեղացնի կառավարության ժողովրդականությունն ընտրությունների նախաշեմին: Սպասվում է նաև Հայաստանի նոր սահմանադրության վերաբերյալ հանրաքվե այն համատեքստում, երբ Սահմանադրության փոփոխությունները շարունակում են նախապայման լինել Ադրբեջանի կողմից՝ խաղաղության համաձայնագիրը վերջնականապես ավարտին հասցնելու համար։ Զուգահեռաբար, հաշվի առնելով Հայաստանում առկա խիստ բևեռացված քաղաքական միջավայրը, ԱՄՆ-ի միջնորդությամբ ստորագրված համաձայնագրի վերաբերյալ ցանկացած դժգոհություն կամ անհամաձայնություն, կամ ավանդական գործընկերների հետ հնարավոր լարվածություն, հավանաբար, կուռճացվի կառավարության քաղաքական հակառակորդների կողմից։
Համատեղ հռչակագրից դուրս մնացած մեկ այլ գլխավոր հարց վերաբերում է ադրբեջանական զինված ուժերի կողմից հայկական տարածքների ներկայիս օկուպացիային։ 2021 թվականի մայիսի, 2021 թվականի նոյեմբերի և 2022 թվականի սեպտեմբերի հարձակումների ժամանակ Ադրբեջանի զինված ուժերը գրավեցին ռազմավարական նշանակության մոտ 200 քառակուսի կիլոմետր հայկական տարածք։ Հայաստանն ու Ադրբեջանը բազմիցս հայտարարել են, այդ թվում՝ 2022 թվականին Պրահայում և վերջերս Վաշինգտոնում, որ հավատարիմ են 1991 թվականի Ալմա-Աթայի Հռչակագրին,
որը ճանաչում է իրենց պետությունների տարածքային ամբողջականությունը՝ համաձայն Խորհրդային Միության գոյության ընթացքում իրենց վարչական սահմանների։ Այնուամենայնիվ, Հայաստանից ադրբեջանական զորքերի դուրսբերման հարցը չի քննարկվել: Սահմանների պաշտոնական սահմանագծման և սահմանազատման գործընթացը, որը խաղաղության գործընթացի կարևոր բաղադրիչներից է, կարող է տարիներ կամ նույնիսկ տասնամյակներ տևել, և այդ ճանապարհին կարող են նոր տարաձայնություններ ի հայտ գալ:
Որո՞նք են Ադրբեջանի համար հետևանքները
Այն ժամանակ, երբ գործնականում կներդրվի TRIPP-ի ենթակառուցվածքը, Ադրբեջանի համար ամենամեծ ձեռքբերումը կլինի ցամաքային ուղիղ կապի ապահովումն իր նախիջևանյան էքսկլավի հետ, այնուհետև՝ դեպի դաշնակից Թուրքիա։ Միևնույն ժամանակ, գործարքն Ադրբեջանի համար ավելի լայն աշխարհաքաղաքական վերադասավորման հնարավորությունների ազդակ է։ Վաշինգտոնի գագաթնաժողովի արդյունքում Ադրբեջանը սկսեց ԱՄՆ-ի հետ ռազմավարական գործընկերություն հաստատելու գործընթացը: Սա կարող է բացասաբար անդրադառնալ Ռուսաստանի (սկսել են վատթարանալ 2024 թվականի դեկտեմբերից) և հնարավոր է նաև Թուրքիայի հետ վերջինիս հարաբերությունների վրա ՝ միևնույն ժամանակ խորացնելով տնտեսական համագործակցությունը ԱՄՆ-ի հետ էներգետիկայի և այլ ոլորտներում: Ադրբեջանը նաև հնարավորություն ունի ավելի սերտորեն համագործակցելու ԱՄՆ-ի հետ պաշտպանության հարցում այն բանից հետո, երբ Թրամփը հայտարարեց Ադրբեջանի և ԱՄՆ-ի միջև պաշտպանական համագործակցության բոլոր սահմանափակումների վերացման մասին: Սրան հաջորդեց Թրամփի կողմից ԱՄՆ-ի «Ազատության աջակցության մասին» օրենքի 907-րդ հոդվածի չեղարկումը, որն արգելում էր ԱՄՆ-ի օգնությունը՝ գործնականում ռազմական աջակցությունն, Ադրբեջանի կառավարությանը (հոդված, որն ընդունվել էր 1992 թվականին հայկական ակտիվ լոբբինգի հետևանքով և ժամանակավորապես չեղարկվել էր հետագա բոլոր վարչակազմերի կողմից՝ սկսած Ջորջ Բուշ կրտսերից մինչև 2023թ.):
Բաքվին զիջում կատարելով (վերջին երկու տարվա ընթացքում Երևանի դիրքորոշումն այն էր, որ խաղաղության համաձայնագրի ստորագրման հետ միևնույն օրը կստորագրվի ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարման մասին փաստաթուղթ)` Հայաստանն ու Ադրբեջանը համատեղ դիմում են հղել ԵԱՀԿ-ին՝ ԵԱՀԿ Մինսկի խումբը փաստացի լուծարելու վերաբերյալ։ Քանի որ խաղաղության համաձայնագիրը մոտենում է վերջնական ստորագրմանը, Բաքվի կառավարությունը ստիպված կլինի զգալի քայլեր ձեռնարկել իր բնակչությանը Հայաստանի հետ կանոնակարգված հարաբերություններին նախապատրաստելու համար: Այս քայլը կպահանջի ադրբեջանական հասարակության վերակողմնորոշում և նրա ղեկավարության կողմից տարածվող խոսույթի (Հայաստանը երկար ժամանակ ներկայացվում էր որպես հավաքական թշնամի, ինչպես նաև փառաբանվում էր հարևանի դեմ ուժի կիրառումը) փոփոխություն: Սա կլինի դրամատիկ շրջադարձ, որը կզրկի Ալիևի կառավարությանը իր ամենահաճախակի շրջանառվող թեմաներից մեկից, որը ծառայել է որպես ներքին դժգոհությունից շեղող միջոց:
Ինչպիսի՞ն կլինի Ռուսաստանի պատասխան քայլը
Համատեղ հռչակագիրը կամրապնդի Միացյալ Նահանգների ազդեցությունն ու ներգրավվածությունը Հարավային Կովկասում՝ մի տարածաշրջանում, որը Ռուսաստանը դիտարկում է որպես իր ազդեցության գոտի:
Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի միջև 2020 թվականի նոյեմբերին կնքված եռակողմ հայտարարության համաձայն՝ Ռուսաստանի իշխանությունները պետք է ստանձնեին հարավային
Հայաստանի միջով անցնող հնարավոր ճանապարհը կառավարելու և պարեկային ծառայություն իրականացնելու դերը: Այժմ, TRIPP-ի մոդելի համաձայն, հիմնական գործառնական դերը կանցնի ԱՄՆ-ի և Հայաստանի կառույցներին, իսկ դրա հետ կապված հեղինակությունը՝ Վաշինգտոնին: Սա թե՛ ռազմավարական, թե՛ մարտավարական հարված է Ռուսաստանին, քանի որ ԱՄՆ-ի համար այն նոր ներկայություն է ստեղծում այն տարածքում, որտեղ Մոսկվան նախկինում գերիշխում էր առանց լուրջ մրցակցության:
Ռուսաստանի սկզբնական արձագանքը զգուշավոր էր՝ Ռուսաստանը ողջունեց հռչակագիրը։ Սակայն այն նաև առաջ քաշեց երկու հարց, որոնք Մոսկվան կարող է ներառել Հայաստան-Ռուսաստան օրակարգում և որոնք կարող են ազդել ԱՄՆ-ի հետ գործարքի իրականացման վրա՝ Հայաստանի անդամակցությունը Եվրասիական տնտեսական միությանը (ԵԱՏՄ)՝ որպես տարանցման և փոխադրման հիմնական գործոն, ինչպես նաև ռուս սահմանապահների ներկայությունը հայ-իրանական սահմանին։ Միջնաժամկետ հեռանկարում Մոսկվան, ամենայն հավանականությամբ, կփորձի ազդել փոփոխությունների գործընթացի վրա՝ իր շահերը պաշտպանելու նպատակով, մասնավորապես՝ տրանսպորտային կապերի հարցում։ Միևնույն ժամանակ, չնայած Հայաստանի և Ադրբեջանի վրա ազդող զգալի տնտեսական և էներգետիկ լծակներին, Մոսկվան պետք է հաշվի առնի երկու հարևանների՝ Ռուսաստանից հեռանալու ռիսկը։
ԱՄՆ կառույցների ներգրավվածությունը Եվրասիական Տնտեսական Միության անդամ պետության միջոցով մաքսային վերահսկողության և տարանցման գործընթացում կարող է լուրջ մտահոգություն առաջացնել Ռուսաստանի համար: Ռուսաստանը միության առևտրի և տարանցման կանոնների միջոցով Հայաստանի վրա ճնշում գործադրելու լծակներ ունի՝ Վաշինգտոնի հետ գործարքների ընթացքը դանդաղեցնելու համար: Հատկանշական է, որ Ռուսաստանը կարող է առաջ քաշել ԵԱՏՄ պայմանագրի 29.1 հոդվածը՝ պնդելու, որ անդամ պետության ներկայացուցիչներ չհանդիսացող կազմակերպությունների ներգրավվածությունը խախտում է պայմանագիրը:
Ռուսաստանը կարող է նաև ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ հաշվի առնելով նրանց փոխկապակցված տնտեսական շահերը հաղորդակցության նախագծերում՝ TRIPP-ի գործընթացում իր որոշակի ներգրավվածությունը պահանջելու նպատակով։ Հետաքրքիր է, որ ռուս մեկնաբանները պարբերաբար ընդգծում են, որ Վաշինգտոնի հետ կնքված համաձայնագիրը նաև սպառնալիք է Իրանի համար՝ փորձելով ևս մեկ անգամ Թեհրանին մոտեցնել Մոսկվայի դիրքորոշմանը: TRIPP-ի երկաթուղային հատվածը կանցնի հայ-իրանական սահմանի անմիջական հարևանությամբ, որտեղ տեղակայված են ռուսական սահմանապահ զորքերը: Ռուսաստանը կարող է ակնկալել, որ, ի վերջո Հայաստանը կխնդրի ռուսական սահմանապահ զորքերի դուրսբերումը հայ-իրանական սահմանից, ինչը ևս մեկ քայլ կլինի Հայաստանում ռուսական ռազմական ներկայությունը նվազեցնելու ուղղությամբ: Մյուս կողմից, եթե «Խաղաղության խաչմերուկն» իրականացվի այնպես, ինչպես այն ներկայումս նախագծված է, Մոսկվան կշահի Հայաստանից Ռուսաստան երկաթուղային հասանելիությունից՝ Ադրբեջանի միջոցով:
Բացի վերը նշված կետերից, Մոսկվան կարող է ձգտել մասնակցել նախագծի իրականացմանը, օրինակ՝ TRIPP-ը «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ին ինտեգրելու միջոցով։ Սա կօգնի Մոսկվային հավասարակշռել փոփոխությունները և ապահովել իր շարունակական ներկայությունը տարածաշրջանում։ Քանի դեռ Ռուսաստանը շարունակում է կենտրոնանալ Ուկրաինայում ընթացող պատերազմի և Արևմուտքի հետ հակասությունների վրա, Մոսկվան չունի բավարար ներուժ և կարողություններ՝ անմիջական քայլեր ձեռնարկելու ԱՄՆ-ի ղեկավարությամբ ձեռք բերված համաձայնությանը հակազդելու համար։ Ավելին, հաշվի առնելով ԱՄՆ-ի հետ համաձայնության հասնելու կարևորությունը Ռուսաստանի համար, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը պատրաստ չէ ուղղակիորեն խաթարել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հեղինակությունը:
Իրավիճակը կարող է փոխվել, եթե Ռուսաստանն ու ԱՄՆ-ը մինչև 2025 թվականի վերջը կարողանան դադարեցնել պատերազմն Ուկրաինայում։ Վերջապես, հաշվի առնելով զարգացումները և դրանց աշխարհագրական մերձավորությունը, Ռուսաստանն ու Հայաստանը պետք է ձգտեն վերանայել իրենց հարաբերությունները՝ տարածաշրջանում երկարատև խաղաղության հասնելու նպատակով։
Որո՞նք են Իրանի համար հետևանքները
Թեհրանի արձագանքը երկիմաստ էր, որտեղ երկու հիմնական շեշտադրում արվեց. Հայաստանի և Իրանի միջև հաղորդակցությունների պահպանման հրամայականը, որն ազդել էր «Զանգեզուրի միջանցքի» դեմ Իրանի դիրքորոշման վրա, և ԱՄՆ-ի ներկայությունը նրա սահմանների մոտ։
Հայաստանի միջոցով Ադրբեջանից Նախիջևան և Թուրքիա «անարգել մուտքը», որն ամրագրված է համատեղ հռչակագրում, կարող է մտահոգության պատճառ դառնալ Իրանի համար, եթե վերջինս համարի, որ TRIPP-ը փակում է իրանա-հայաստանյան սահմանը և վտանգում է Հայաստանի ինքնիշխանությունը։
Իրանի գերագույն առաջնորդի ավագ խորհրդական Ալի Աքբար Վելայաթին «Թասնիմ» լրատվական գործակալությանը հայտնել է, որ «Թեհրանը կփակի ԱՄՆ-ի կողմից աջակցվող կովկասյան միջանցքը՝ Ռուսաստանի հետ կամ առանց նրա՝ պնդելով, որ այդ անցումը գերեզմանոց կդառնա Թրամփի վարձկանների համար»։ Ավելի մեղմ ձևակերպմամբ Իրանի արտգործնախարարն ընդգծել է, որ Թեհրանը գոհ է այն հանգամանքից, որ տարանցիկ ուղին կկառուցվի Հայաստանի ինքնիշխանության և իրավասության ներքո, թեև ամերիկյան ընկերության հնարավոր մասնակցությունը շարունակում է մտահոգություն առաջացնել: Իրանի նախագահը ՀՀ վարչապետ Փաշինյանի հետ իր հեռախոսազրույցի ընթացքում ընդգծել է, որ TRIPP-ի նախաձեռնության իրականացմանը ռազմական կամ անվտանգության ուժերի միջամտությունը պետք է բացառվի։ Նախագահ Փեզեշքիանի սպասվող այցը Հայաստան լույս կսփռի հայ-իրանական հարաբերությունների ամրության և Իսլամական Հանրապետության դիրքորոշման այս նոր կոնֆիգուրացիայի վրա:
Քանի որ Իրանը ձգտում է վերականգնել իր կարողությունները 12-օրյա իրանա-իսրայելական պատերազմից հետո, Թեհրանը, հավանաբար, անհապաղ գործողություններ չի ձեռնարկի: ԱՄՆ-ի ներկայությունը հայ-իրանական սահմանի երկայնքով, որը գործնականում անխուսափելի կլինի TRIPP-ի ծրագրի իրականացման դեպքում, կարող է դիտվել որպես Իրանի համար անվտանգության սպառնալիք, հատկապես Իսրայելի և Իրանի միջև հնարավոր նոր ռազմական էսկալացիայի լույսի ներքո՝ ԱՄՆ-ի հնարավոր ներգրավվածությամբ:
Եթե Թեհրանը ցանկանա խանգարել TRIPP-ի ծրագրի իրականացմանը, Իսլամական Հանրապետությունը կարող է խոչընդոտել Հնդկաստանից և միջազգային այլ գործընկերներից կարևորագույն պաշտպանական սարքավորումների հոսքին կամ բարդացնել ներմուծման/արտահանման գործողությունները (Հայաստանի առևտրային տարանցիկ փոխադրումների մոտ 30%-ն իրականացվում է դեպի Իրան կամ դրա միջով):
Այս ամենով հանդերձ, Իրանը պետք է ապահովի, որ իր հարևանների հարաբերությունները հակառակորդ երկրների հետ ուղղված չլինեն Իրանի շահերի դեմ։ Այս նպատակի հստակ դրսևորումը հայ-իրանական երկկողմ հարաբերությունների ակտիվ զարգացումն է։ Իրանցի պաշտոնյաների խոսքով՝ Երևանն ու Թեհրանն աշխատում են ռազմավարական գործընկերության համաձայնագրի վրա, որը կխթանի երկու հարևանների միջև համագործակցությունը։
Ո՞րն է Թուրքիայի տեսակետը և ինչպե՞ս դա կարող է ազդել Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման վրա
Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը ողջունեց Վաշինգտոնում ձեռք բերված առաջընթացը կայուն խաղաղության ուղղությամբ։ Հայտարարությունում ասվում էր, որ «պատմական հնարավորություն է ստեղծվել Հարավային Կովկասի համար՝ հասնելու խաղաղության և բարեկեցության, և որ Թուրքիան շարունակելու է աջակցել եղբայրական Ադրբեջանի նվիրական ջանքերին»՝ ընդգծելով իր կողմնակալությունը Բաքվի և վերջինիս շահերի նկատմամբ։ 2025 թվականի օգոստոսի 9-ին Ադրբեջանի և Թուրքիայի առաջնորդների միջև հեռախոսազրույցի ընթացքում նախագահ Ալիևը բարձր գնահատեց նախագահ Էրդողանի և Թուրքիայի դերը Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացում, թեև նրանց անմիջական ներգրավվածությունը Վաշինգտոնի գագաթնաժողովին դեռևս հստակ չէ։
Ադրբեջանից դեպի Նախիջևան և Թուրքիա Հայաստանի տարածքով «անխոչընդոտ մուտքի» հաստատումը համապատասխանում է Անկարայի շահերին, քանի որ այն կընդլայնի Թուրքիայի ազդեցությունը Հարավային Կովկասում և լրացուցիչ առևտրային ուղիներ կբացի դեպի Կենտրոնական Ասիա։ Ռուսաստանի և Իրանի ազդեցության հնարավոր նվազումը տարածաշրջանում ևս շահավետ է Թուրքիայի համար: Այնուամենայնիվ, ԱՄՆ-ի երկարաժամկետ ներկայությունը Հայաստանում կխոչընդոտի Թուրքիայի՝ ԱՄՆ առաջնահերթություններից անկախ տարածաշրջանային գերիշխող պետություն դառնալու ծրագրերին։ Այն նաև խաթարում է մրցակցության-համագործակցության ցիկլը, որի միջոցով Թուրքիան և Ռուսաստանը համատեղ կառավարել են տարածաշրջանում առկա խնդիրները։
Վաշինգտոնի գագաթնաժողովի ազդեցությունը Թուրքիա-Հայաստան հարաբերությունների կարգավորման գործընթացի վրա ակնհայտ կդառնա առաջիկա ամիսների ընթացքում։ Թուրքիայի վրա ճնշում է գործադրվում՝ իրականացնելու 2022 թվականի հուլիսին Հայաստանի հետ ձեռք բերված պայմանավորվածությունները, որոնք մասամբ կբացեն երկու երկրների միջև սահմանը։ Այլընտրանքորեն՝ Թուրքիան կարող է շարունակել օգտագործել կարգավորման գործընթացը որպես միջոց՝ ստիպելու Երևանին համաձայնել լրացուցիչ պահանջներին։ Այդպես կարելի է մեկնաբանել Թուրքիայի հայտարարությունը նախագահ Էրդողանի և վարչապետ Փաշինյանի միջև օգոստոսի 11-ին կայացած հեռախոսազրույցից հետո։ Ի հակադրություն, նույն հեռախոսազրույցի ժամանակ վարչապետ Փաշինյանը նշել է, որ Ադրբեջանի հետ հարաբերությունների բարելավումը նշանակում է, որ Հայաստանի և Թուրքիայի միջև նախկինում ձեռք բերված համաձայնագրերը կյանքի կոչելու հնարավորությունն ավելի մեծ է, քան երբևէ։
Ամեն դեպքում, Թուրքիայի (և Ադրբեջանի) հետ սահմանների բացումը Հայաստանի համար կհանգեցնի առևտրային քաղաքականության խնդիրների՝ հաշվի առնելով երկրների տնտեսական անհավասարությունը և այն հանգամանքը, որ ԵԱՏՄ անդամ լինելով՝ Երևանը չի կարող ինքնուրույն ձևավորել կամ փոփոխել իր առևտրային և մաքսային կարգավորումները։ Սահմանների բացումը պետք է նախապես մանրակրկիտ գնահատվի, որպեսզի այն շահավետ լինի և չվնասի տեղական բիզնեսին:
Դեպի ո՞ւր ենք շարժվում
Վաշինգտոնի գագաթնաժողովը կարելի է դիտարկել որպես Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցային գործընթացի կարևորագույն հանգրվան, մասնավորապես այն պատճառով, որ Բաքուն գնաց Վաշինգտոն այն պայմաններում, երբ բազմիցս շեշտել էր բացառապես երկկողմ բանակցությունների պահանջը։ Գագաթնաժողովը նվազեցրեց էսկալացիայի հավանականությունը առնվազն մինչև 2026թ․-ի ընտրությունները, եթե ոչ ավելի երկար ժամանակով և ամրապնդեց ԱՄՆ-ի դերը որպես հիմնական միջնորդ՝ միաժամանակ մի կողմ մղելով Ռուսաստանին և շրջանցելով Եվրոպական Միությանը, որը մինչ այդ ակտիվ ներգրավվածություն ուներ տարածաշրջանում: Համատեղ հռչակագիրը գործնականում փոխարինել է 2020-2022 թվականներին ստորագրված Հայաստան–Ադրբեջան–Ռուսաստան եռակողմ մի շարք հայտարարությունները, երբ խոսքը վերաբերում էր Սյունիքով Ադրբեջանը Նախիջևանին կապող երթուղիների նկատմամբ ռուսական սահմանապահ զորքերի վերահսկողության ապահովմանը: TRIPP-ի ծրագրի ֆինանսավորումը և դրան կից «Խաղաղության խաչմերուկի մասին» երկկողմ փոխըմբռնման հուշագիրն առայժմ մնում են անորոշության մեջ։ ԵՄ-ն կարող է լինել ֆինանսավորման պոտենցիալ աղբյուր՝ հաշվի առնելով վերջինիս երկարատև աջակցությունն ու ներգրավվածությունը երկրի հարավում գտնվող հայկական ենթակառուցվածքային նախագծերում։ Այլ երկրներ, ինչպիսիք են Միացյալ Արաբական Էմիրությունները, նույնպես հետաքրքրված են ռազմավարական ներդրումներով։
Ռուսաստանի և Իրանի երկարաժամկետ տարածաշրջանային հաշվարկների փոփոխությունները Հարավային Կովկասում ԱՄՆ ներկայության աճի պայմաններում կարող են ազդել համատեղ հռչակագրում շարադրված ծրագրերի վրա: Ուկրաինայի վերաբերյալ ԱՄՆ-Ռուսաստան հնարավոր գործարքը նույնպես, հավանաբար, կազդի գործընթացի վրա, քանի որ փոխադարձ զիջումները կարող են ընդգրկել ոչ միայն Ուկրաինան, այլև նախկին խորհրդային տարածքի այլ շրջաններ, այդ թվում՝ Հարավային Կովկասը:
Վաշինգտոնի գագաթնաժողովը մեկ քայլ առաջ է, սակայն այն չի կարող ազդարարել տասնամյակներ տևած այս հակամարտության ավարտը։ Ադրբեջանը շարունակում է Հայաստանի նկատմամբ պահպանել հստակ ռազմական և ռեսուրսային առավելություն, որը կարող է գործի դրվել տարաձայնությունների դեպքում։ Բաքուն շարունակում է առաջ մղել մի շարք պահանջներ, ներառյալ՝ Հայաստանի Սահմանադրության շուրջ վիճահարույց փոփոխությունները, ինչպես նաև «Արևմտյան Ադրբեջանի» վերաբերյալ ռևիզիոնիստական հավակնությունները՝ դրանցից պաշտոնապես չհրաժարվելու պայմաններում։ Մյուս չլուծված և էական հարցերից են սահմանագծումն ու սահմանազատումը, անկլավների խնդիրը, Բաքվում պահվող գերիների ճակատագիրը, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղից տեղահանված հայերի վերադարձի իրավունքն ու նրանց պաշտպանության այլ երաշխիքները:
Վաշինգտոնի գագաթնաժողովի հաջողության ապահովման համար կարևոր է, որ Երևանը ձեռք բերի հստակ օգուտներ և հավասարակշռված պայմանավորվածություններ, ներառյալ՝ գործուն և անվտանգ փոխադարձ ճանապարհային կապ Ադրբեջանի տարածքով։ Այս վերլուծության շրջանակում մենք բազմիցս ընդգծել ենք համատեղ հռչակագրի իրականացման պայմանների կարևորությունը՝ հատկապես այն հանգամանքը, թե ինչպես է ձևավորվելու հավանական պետական-մասնավոր գործընկերությունը՝ միաժամանակ ապահովելով Հայաստանի և ԱՄՆ-ի շահերը, ինչը կնպաստի այս ծրագրի ցանկալի հաջողության ապահովմանը։ Գործընթացի ցանկալի արդյունք արձանագրելու համար ԱՄՆ-ը պետք է ցուցաբերի շարունակական և ամուր միջնորդական դերակատարում՝ երաշխավորելով գործընթացի անխափան ընթացքը: