2026թ-ի «Երևանյան երկխոսություն» համաժողովի շրջանակում ԱՊՐԻ Արմենիայի ավագ խորհրդական Լեոնիդ Ներսիսյանի մոդերացմամբ տեղի ունեցավ «Ռազմարդյունաբերական համագործակցություն. մատակարարման շղթաներ, մարդկային ռեսուրսներ և փոքր պետությունների դերը» խորագրով քննարկումը։ Պանելին մասնակցում էին հեղինակավոր բանախոսներ Հայաստանից, Հնդկաստանից և Լեհաստանից։
Քննարկման առանցքային մտքերից էր այն, որ անցումը դեպի ծրագրային լուծումներ և արհեստական բանականություն (ԱԲ) հավասար հնարավորություններ է ստեղծում այն երկրների համար, որոնք մասշտաբների փոխարեն նախապատվությունը տալիս են ճկունությանը։
Քննարկման հիմնական շեշտադրումներն էին.
- Փոքր պետությունները և մասնագիտացված ընկերությունները պետք է թիրախավորեն այնպիսի ուղղություններ, ինչպիսիք են ԱԲ-ն, անօդաչու սարքերը և էլեկտրոնիկան։ Այս ոլորտներում նրանք կարող են շատ ավելի արագ նորարարություններ ներդնել, քան ավանդական արդյունաբերական հսկաները։
- Ժամանակակից պատերազմական մարտահրավերներին դիմակայելու համար պետությունները պետք է ներդնեն գնումների ճկուն մեխանիզմներ։ Դա թույլ կտա մշտապես համաքայլ լինել տեխնոլոգիական սրընթաց զարգացմանը։
- Պաշտպանական մեծ ծախսերը չպետք է լինեն լրացուցիչ բեռ հարկատուների համար։ Գիտահետազոտական աշխատանքների (R&D) ճիշտ կազմակերպման դեպքում ռազմական նորարարությունները ստեղծում են բարձրտեխնոլոգիական աշխատատեղեր և երկակի նշանակության տեխնոլոգիաներ, որոնք զարկ են տալիս ողջ տնտեսությանը։