Թուրքիայի քաղաքականությունը Հարավային Կովկասում. կարգավորման ջանքերի առաջմղում Անկարայի՝ «Ադրբեջանն առաջինը» քաղաքականության ֆոնին

2020թ-ի Լեռնային Ղարաբաղի երկրորդ պատերազմը և դրան հաջորդած աշխարհաքաղաքական զարգացումները բացահայտեցին Թուրքիայի երկակի դերը Հարավային Կովկասում: Սույն զեկույցն ոսումնասիրում է Հարավային Կովկասում Թուրքիայի քաղաքականության հիմնական ուղղությունները՝ հիմնվելով գրականության ուսումնասիրության, զեկույցի շրջանակներում իրականացված 18 հարցազրույցների և տարբեր գիտաժողովների և քննարկումների ժամանակ թեմայի վերաբերյալ ստացած տեղեկատվության վրա։

Հիմնական եզրակացությունները

  • Հարավային Կովկասի կարևորությունը Թուրքիայի համար թերագնահատված է։ Այս տարածաշրջանը Թուրքիայի համար ունի ինչպես աշխարհաքաղաքական, այնպես էլ աշխարհատնտեսական նշանակություն։
  • Թուրքիայի քաղաքականությունը Հարավային Կովկասում հիմնված է և, հավանաբար, կշարունակի հիմնված լինել Ադրբեջանի հետ ռազմավարական դաշինքի վրա և կարող է ձևակերպվել որպես «Ադրբեջանն առաջինը» քաղաքականություն։
  • Ադրբեջան-Թուրքիա հարաբերությունները բնութագրվում են տարբեր ոլորտներում ուժեղ փոխկախվածությամբ՝ քաղաքականից մինչև սոցիալական և տնտեսական, և դրանք չպետք է դիտարկել «ավագ եղբայր-կրտսեր եղբայր» հայեցակարգի տեսանկյունից։ Եթե Սյունիքի մարզով Ադրբեջանից դեպի Նախիջևան, որից հետո անմիջապես Թուրքիա ցամաքային մուտք ապահովվի, Թուրքիան կարող է կորցնել Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման և սահմանների բացման իր մոտիվացիան։
  • Թուրքիան Ռուսաստանին դիտարկում է որպես «անխուսափելի չարիք», որը միշտ կհանդիսանա Հարավային Կովկասի աշխարհաքաղաքականության մի մասը։ Անկարան շահագրգռված է Մոսկվայի հետ հարաբերությունների կարգավորմամբ, որոշ հարցերի դեպքում ռուս–թուրքական համատեղ վերահսկողության ստեղծմամբ և ԱՄՆ-ի ու ԵՄ-ի ներկայության ու ազդեցության, ինչպես նաև տարածաշրջանում ՆԱՏՕ-ի դերի զգալի կրճատմամբ:

Առաջարկներ

  • Հայաստանը պետք է պնդի, որ հայ–թուրքական սահմանի բացումը 2025թ-ի օգոստոսի վաշինգտոնյան հռչակագրով նախատեսված հաղորդակցությունների վերականգնման անբաժանելի մասն է և պետք է իրագործվի TRIPP-ի գործարկման հետ միաժամանակ։  
  • Հայաստանը նաև պետք է ուղերձ հնչեցնի առ այն, որ Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման հնարավորությունների պատուհանը հավերժ բաց չի մնալու՝ հաշվի առնելով Ուկրաինայում պատերազմի ավարտից հետո  տարածաշրջանային ուժերի հավասարակշռության հնարավոր փոփոխությունները, իսկ ժամկետների ձգձգման Թուրքիայի ներկայիս քաղաքականությունը կարող է բարդացնել տարածաշրջանում երկարատև կայունության հաստատման ջանքերը։ 
  • Հայաստանը պետք է ամերիկացի գործընկերների հետ կիսվի իր մտահոգություններով առ այն, որ հայ–թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացում առաջընթացի բացակայությունը կարող է խոչընդոտներ ստեղծել 2025թ-ի օգոստոսին ընդունված վաշինգտոնյան հռչակագրի լիարժեք իրականացման համար։  
  • Հայաստանի կառավարությունը պետք է ավելի արդյունավետ փոխգործակցի Հայաստանի քաղաքացիների և հայկական սփյուռքի հետ՝ սահմանի բացման շարժառիթների, օգուտների և հնարավոր ռիսկերի, ինչպես նաև բացասական հետևանքները մեղմելու իր ռազմավարությունը ներկայացնելու համար  և ապահովի կարգավորման ուղղությամբ իր ջանքերի ավելի լավ ընկալումը հայ բնակչության կողմից:        

Զեկույցին կարող եք հղում կատարել այսպես՝ Պողոսյան, Բենիամին. «Թուրքիայի քաղաքականությունը Հարավային Կովկասում. կարգավորման ջանքերի առաջմղում Անկարայի՝ «Ադրբեջանն առաջինը» քաղաքականության ֆոնին», հոկտեմբեր, 2025, Հայաստանի կիրառական քաղաքականության հետազոտական ինստիտուտ (ԱՊՐԻ Արմենիա). DOI: https://doi.org/10.71308/GFSX8454
կիսվել՝

նմանատիպ հրապարակումներ

Գրանցվեք APRI Armenia-ի թարմացումների համար