On Think Tanks 2026 համաժողովի շրջանակներում ԱՊՐԻ Արմենիայի Ֆոնդհայթայթման և բարերարների հետ կապերի ղեկավար Շարմաղ Սաքունցը ելույթ է ունեցել «Վստահության գրավականը. ինչպես ձևավորել վստահություն՝ ճկուն ֆինանսավորում ներգրավելու համար» (The Currency of Credibility: Building Trust to Secure Unrestricted and Less-Restricted Funds) խորագրով քննարկմանը։ Իր խոսքում Շարմաղն անդրադարձել է կազմակերպության ֆոնդհայթայթման գործընթացին և աջակիցների հետ վստահության ձևավորմանը։
Ելույթի հիմնական շեշտադրումները.
- ֆոնդհայթայթման հստակ ռազմավարություն ունենալը սոսկ ներքին աշխատանքային գործիք չէ. այն կարևոր ազդակ է բարերարների ու գործընկերների համար: Ֆինանսավորող կողմը վստահում է այն կազմակերպություններին, որոնք ունեն հստակ տեսլական, պատկերացնում են իրենց նպատակներին հասնելու ուղիները և յուրաքանչյուր քայլ անում են գիտակցված ու նպատակաուղղված։
- Ինստիտուցիոնալ սկզբունքների և «կարմիր գծերի» սահմանումը փաստում է, որ կազմակերպությունը չի առաջնորդվում սոսկ ֆինանսավորման ցանկացած հնարավորության հետևից գնալով, այլ գործում է արժեքների միասնական ու հաստատուն համակարգի հիման վրա։
- Բարերարների ու գործընկերների հետ շփման առանցքային թեմաներից պետք է լինի կառույցի գործունեության իրական ազդեցությունը։ Աջակիցներին հետաքրքրում է ոչ թե պարզապես այն, թե ինչպես են ծախսվում իրենց տրամադրած միջոցները, այլ այն, թե իրականում ինչ է այդ ֆինանսավորումը փոխում հասարակության կամ տվյալ ոլորտում։