2025 թ.-ի մայիսի 13-ին ԱՊՐԻ Արմենիան հրապարակեց «Հայաստանի հանրային կառավարման բարեփոխումները․ ինչպես քաղաքականությունները դարձնել ավելի արդյունավետ» զեկույցը։ Այն պիլոտային ծրագրի արդյունք է, որն ուսումնասիրում է Հայաստանի հանրային կառավարման բարեփոխումների ռազմավարության իրականացումը և քաղաքականությունների ավելի արդյունավետ մշակման խոչընդոտները։
Զեկույցը 2024 թվականի սեպտեմբերից մինչև 2025 թվականի փետրվարը անցկացված լայնածավալ հետազոտության արդյունք է։ Այն բացահայտում է արդյունավետ քաղաքականությունների մշակման կառուցվածքային և մշակութային խոչընդոտները և ներկայացնում է գործնական առաջարկներ՝ ռազմավարության իրականացմանը նպաստելու, քաղաքականությունների մշակման ու ինստիտուտների արդյունավետությունը բարելավելու համար։
Միջոցառմանը ողջույնի խոսքով հանդես է եկել ԱՊՐԻ Արմենիայի ռազմավարության և զարգացման հարցերով փոխնախագահ Անահիտ Փիլիպպոսյանը, որին հաջորդել է ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակի ղեկավար Էդգար Մկրտչյանի բացման խոսքը։ Մկրտչյանն ընդգծել է նման հետազոտության կարևորությունը բարեփոխումների արդյունավետ իրականացումն ապահովելու գործում։
Միջոցառմանը առցանց միացել է Էլգե Ռիմկուտեն՝ ՏՀԶԿ/ՍԻԳՄԱ-ի ավագ խորհրդատու, ով խոսեց Հայաստանի հանրային բարեփոխումների առաջընթացի վերաբերյալ իր պատկերացումների մասին։ Նա ներկայացրեց իր տեսակետը, նաև փաստահենք քաղաքականությունների մշակման և բարեփոխումներում քաղաքացիական հասարակության կազմակերպությունների ներգրավման վերաբերյալ։
ԱՊՐԻ Արմենիայի՝ հանրային կառավարման բարեփոխումների հարցերով գիտաշխատող և այս պիլոտային ծրագրի ղեկավար Հովսեփ Բաբայանը ներկայացրեց զեկույցի հիմնական արդյունքներն ու առաջարկները, որին հաջորդեց թեմայի վերաբերյալ պանելային քննարկումը։ Քննարկման բանախոսներն էին ՀՀ վարչապետի աշխատակազմի մասնակցային և բաց կառավարման հարցերի վարչության պետ Լիլյա Աֆրիկյանը, «Ամերիա» ընկերությունների խմբի կառավարման խորհրդատվական ծառայության ղեկավար Տիգրան Ջրբաշյանը և GIZ-ի հայաստանյան գրասենյակի «Հանրային կառավարման բարեփոխումներ Արևելյան գործընկերության երկրներում» տարածաշրջանային ծրագիր/Հայաստանում ծրագրի ազգային համակարգող Հրաչիկ Յարմալոյանը: Քննարկման մասնակիցներն անդրադարձան զեկույցի արդյունքներին և քննարկեցին Հայաստանի պետական կառավարման համակարգի խնդիրները լուծելու ուղիները։