Մարտի 16-ից մարտի 22-ը ԱՊՐԻ Արմենիայի պատվիրակությունը գտնվում էր Նյու Դելիում՝ մասնակցելու «Ռաիսինա երկխոսություն 2025»-ին և հանդիպումներ ունենալու հնդկական առաջատար վերլուծական կենտրոնների, բիզնես առաջնորդների և որոշումների կայացման գործընթացում ներգրավված կենտրոնների հետ: Պատվիրակության կազմում էին ԱՊՐԻ Արմենիայի նախագահ Լարա Սեդրակյանը, ավագ գիտաշխատող Լեոնիդ Ներսիսյանը, գիտաշխատողներ Նվարդ Չալիկյանը և Սերգեյ Մելքոնյանը, կրտսեր գիտաշխատող Դավիթ Անտոնյանը։
«Ռաիսինա երկխոսություն 2025»-ը՝ Հնդկաստանի ամենամեծ աշխարհաքաղաքական և աշխարհատնտեսական համաժողովը, որը կազմակերպվել էր Observer Research Foundation-ի կողմից, կրում էր «Kālachakra. մարդիկ, խաղաղություն, մոլորակ» խորագիրը: Միջոցառման ընթացքում տեղի ունեցան քննարկումներ փոփոխվող միջազգային աշխարհակարգի և նոր միտումների, մինիլատերալիզմի, գլոբալ հարավի վերելքի, ԱՄՆ-Ռուսաստան բանակցությունների, Հնդկաստանի արտաքին քաղաքականության և շարունակվող աշխարհաքաղաքական փոփոխությունների վերաբերյալ, որոնք ազդում են նաև Հարավային Կովկասի վրա:
ԱՊՐԻ Արմենիայի պատվիրակությունը հանդիպումներ ունեցավ նաև Հնդկաստանի առաջատար վերլուծական կենտրոնների և ակադեմիական հաստատությունների հետ, այդ թվում՝ The Observer Research Foundation, Usanas Foundation, the Indian Council of World Affairs, Jawaharlal Nehru University և այլ վերլուծական կենտրոններ: Հանդիպումները և կլոր-սեղան քննարկումները նվիրված էին Հարավային Կովկասի աշխարհաքաղաքական և անվտանգային իրավիճակին և մեծ տերությունների դերին, տարածաշրջանում Հնդկաստանի քաղաքականությանը, Հայաստան-Հնդկաստան գործընկերության ներկայիս դինամիկային և տարբեր ոլորտներում Հայաստան-Հնդկաստան հարաբերությունների ընդլայնման ներուժին:
ԱՊՐԻ Արմենիան նաև ներգրավեց ոլորտի առաջատարների և տնտեսագետների՝ վերլուծելու այն տնտեսական ոլորտները, որտեղ Հայաստան- Հնդկաստան հարաբերությունները կարող են ընդլայնվել, ներառյալ առևտուրը, գյուղատնտեսությունը, տեխնոլոգիաները, հանքարդյունաբերությունը, արտադրության ոլորտը, զբոսաշրջությունը, դեղագործությունը, ենթակառուցվածքները և վերականգնվող էներգիան:
ԱՊՐԻ Արմենիայի պատվիրակությունը շփումներ ունեցավ նաև տեղի լրագրողների հետ՝ հարցազրույցներ տալով Հայաստան-Հնդկաստան հարաբերությունների վիճակի և Հարավային Կովկասում տարածաշրջանային աշխարհաքաղաքականության վերաբերյալ:
Հնդկաստան կատարած այցն ԱՊՐԻ Արմենիայի համար կարևորվեց մի քանի առումով։ Նախ, այն թույլ տվեց ԱՊՐԻ Արմենիայի հետազոտական թիմին բացահայտել Հայաստան-Հնդկաստան հարաբերություններն ամրապնդելու հիմնական հնարավորությունները, ինչպես նաև երկկողմ հարաբերությունների հետագա զարգացման խոչընդոտները։ Երկրորդ, այն հնարավորություն տվեց ԱՊՐԻ Արմենիային շարունակել կազմակերպել ռազմավարական հանդիպումներ Հայաստանի բիզնես/տեխնոլոգիական համայնքների և նրանց հնդիկ գործընկերների միջև՝ շարունակելու կոնկրետ բիզնես գաղափարների շուրջ խոսակցությունները և խթանելու մասնավոր հատվածի փոխադարձ հետաքրքրությունը: Ի վերջո, ուղևորությունը հնարավորություն ընձեռեց պահպանել նախկինում գոյություն ունեցող հարաբերությունները Հնդկաստանում և համագործակցել նոր գործընկերների հետ:
Մենք շնորհակալ ենք Հ. Հովնանյան ընտանեկան հիմնադրամին՝ ԱՊՐԻ Արմենիայի այցը Հնդկաստան աջակցելու համար։