Տարածաշրջանային անվտանգություն

Հայաստան և Ադրբեջան. պաշտպանական բյուջե, դաշինքներ եւ խաղաղության պատրանք

Հոդվածը հրապարակվել է Մեդիամաքս-ում։ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ շարունակվող երկարատեւ հակամարտությունը ստվեր է գցում Հարավային Կովկասի վրա, որն էական նշանակություն ունեցող տարածաշրջան է համաշխարհային էներգետիկ ուղիների եւ աշխարհաքաղաքական կայունության ապահովման համար։ Սույն հոդվածը վերլուծում է, թե ինչպես է Հայաստանը՝ մշտական սպառնալիքի տակ գտնվող այս փոքր պետությունը, վերանայում պաշտպանական իր ռազմավարությունը տարածաշրջանային լարվածության սրման եւ Ադրբեջանի ռազմական ակտիվ հզորացման պայմաններում։ Այն բացահայտում է Եվրոպան եւ Ասիան կամրջող փխրուն տարածաշրջանում այս հակամարտության առավել լայն հետեւանքները ժողովրդավարական դաշինքների, ռազմական արդիականացման եւ խաղաղության համար: Նախապատմություն (2020 թվականից ի վեր այս տարածաշրջանը դարձել է անկայունության օջախ, որտեղ Հայաստանը շարունակաբար ագրեսիայի է ենթարկվում Ադրբեջանի կողմից)։ 2020 թվականից սկսած՝ այդ պետությունների միջեւ տեղի են ունեցել մի շարք լայնածավալ էսկալացիաներ, որոնք ներառում էին 2020 թվականի Լեռնային Ղարաբաղի երկրորդ պատերազմը, 2023 թվականին Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի վրա ամբողջական վերահսկողություն սահմանելը եւ 2021 ու 2022 թվականներին Ադրբեջանի կողմից Հայաստանի որոշակի տարածքների ուղղակի օկուպացիան։ Չնայած այն հանգամանքին, որ Ադրբեջանը ձեռք բերեց այն ամենն, ինչ ցանկանում էր 2020 թվականի պատերազմից առաջ, եւ Երեւանը պատրաստ է խաղաղության համաձայնագիր ստորագրել, Բաքուն անդադար շարունակում է ռազմական ճնշում գործադրել՝ Հայաստանից էլ ավելի զիջումներ ստանալու նպատակով։ Առանցքային հարցն այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքն» է. ճանապարհ, որը կապում է Ադրբեջանի հիմնական տարածքը Նախիջեւանի էքսկլավի հետ՝ Հայաստանի տարածքով եւ պետք է լինի Հայաստանի Հանրապետության վերահսկողությունից դուրս: Հայաստանի պաշտպանական ծախսերի աճը արձագանք է երկարատեւ սպառնալիքներին եւ տարածաշրջանային անկայունությանը: Երեւանն ուշադրությունը կենտրոնացրել է իր ինքնիշխանության եւ տարածքային ամբողջականության պաշտպանության վրա: Այս մարտահրավերների պայմաններում Հայաստանի պաշտպանական ռազմավարությունը ձգտում է ստեղծել վստահելի զսպող մեխանիզմ, որը հիմնված կլինի ժողովրդավարական պետությունների հետ դաշինքների եւ արդիականացված ռազմական ենթակառուցվածքներում ներդրումների վրա: Միեւնույն ժամանակ, Ադրբեջանը շարունակում է իր ռազմականացման գործընթացը եւ զինված ուժերի արդիականացումը, ինչին նպաստում են Իսրայելից, Թուրքիայից եւ Արեւելյան Եվրոպայի երկրներից զենքի զգալի գնումները: Հոդվածում մանրամասն ներկայացված են Հայաստանի եւ Ադրբեջանի պաշտպանական բյուջեների հատկացումները վերջին հինգ տարիների ընթացքում: Ռազմական ծախսերը Ադրբեջանի ծախսերի հետագիծը ապշեցուցիչ է՝ 2.2 միլիարդ ԱՄՆ դոլարից (2020թ.) 2025 թվականին կհասնի կանխատեսվող 5 միլիարդ ԱՄՆ դոլարի: Այս 127 տոկոս աճն ընդգծում է ռազմական գերակայությունը պահպանելու Բաքվի նպատակը: (2021 թվականին՝ 2.6 միլիարդ ԱՄՆ դոլար, 2022 թվականին՝ 2.7 միլիարդ ԱՄՆ դոլար, 2023 թվականին՝ 3.1 միլիարդ ԱՄՆ դոլար, 2024 թվականին՝ 3.8 միլիարդ ԱՄՆ դոլար): Հայաստանի պաշտպանական ծախսերն արտացոլում են մշտական ռազմական սպառնալիքներին վճռական, բայց զուսպ պատասխանը։  2021-ից 2025 թվականներին բյուջեի պլանավորված 252% աճը (1.7 միլիարդ ԱՄՆ դոլար) ցույց է տալիս առաջնահերթությունների զգալի փոփոխություն:  Այնուամենայնիվ, Հայաստանի պաշտպանական հատկացումների ընդհանուր ծավալն Ադրբեջանի համեմատ մնում է աննշան։ Երեւանը 2020 թվականին հատկացրել է 745 միլիոն ԱՄՆ դոլար (ներառյալ՝ Ղարաբաղյան երկրորդ պատերազմի հետ կապված ծախսերը), 2021 թվականին՝ 673 միլիոն ԱՄՆ դոլար, 2022 թվականին՝ 820 միլիոն, 2023 թվականին՝ 1.3 միլիարդ, 2024 թվականին՝ 1.4 միլիարդ ԱՄՆ դոլար։ Հայաստանի պաշտպանական բյուջեն կենտրոնացած է զինված ուժերի վրա, մինչդեռ Ադրբեջանի բյուջեն ներառում է լրացուցիչ հատկացումներ տարբեր հաստատությունների համար: Ադրբեջանի 2025 թվականի 5 միլիարդանոց պաշտպանական բյուջեից 1.57 միլիարդ ԱՄՆ դոլարը նախատեսված է զինված ուժերի, 275 միլիոն ԱՄՆ դոլարը՝ ազգային անվտանգության, 318 միլիոն ԱՄՆ դոլարը՝ սահմանային ծառայության եւ 2.7 միլիարդ ԱՄՆ դոլարը՝ «պաշտպանությանը եւ ազգային անվտանգությանն ուղղված այլ միջոցառումների համար»: Այս վերջին կատեգորիայի մեծ մասը ֆինանսավորում է սպառազինությունների գնումները՝ Ադրբեջանի հիմնական պաշտպանական բյուջեն հասցնելով մոտ 4.3 միլիարդ ԱՄՆ դոլարի: Հատկանշական է, որ այդ ծախսերից մի քանիսը, ինչպիսիք են՝ ռազմածովային ծախսերը, կապված չեն Հայաստանի հետ հակամարտության հետ: Ի սկզբանե Ադրբեջանը նախատեսում էր 2025 թվականի համար իր պաշտպանական բյուջեի նվազագույն աճ՝ տնտեսության աճի դանդաղ տեմպերով պայմանավորված։  Այնուամենայնիվ, Հայաստանի 2025 թվականի պաշտպանական բյուջեի 20%-ով ավելացումը Բաքվին դրդեց պետական նավթային հիմնադրամից լրացուցիչ 1 մլրդ դոլար հատկացնել իր ռազմական առավելությունը պահպանելու նպատակով։  Օրինակ՝ միայն 2025 թվականի համար Ադրբեջանի նախատեսվող գնումների ծախսերը գերազանցում են 2022 թվականի վերջից Հայաստանի կատարած պաշտպանական գնումների ընդհանուր ծավալը, որը գնահատվում է մոտ 2 միլիարդ ԱՄՆ դոլար։ Այս զարգացումներն ընդգծում են Ադրբեջանի վճռականությունը հզորացնելու իր ռազմական պոտենցիալը եւ պահպանելու իր ռազմավարական առավելությունը Հայաստանի նկատմամբ՝ չնայած խաղաղություն հաստատելու Հայաստանի կառուցողական ջանքերին, ինչի մասին վկայում են զիջումների գնալու վերջինիս պատրաստակամությունը եւ իր պաշտոնյաների կողմից հաշտեցմանը նպաստող բազմիցս հնչեցված հրապարակային հայտարարությունները։ Գնումներ եւ դաշինքներ Բյուջեի ցուցանիշներից բացի, չափազանց կարեւոր է ուսումնասիրել ռազմական գնումների, դաշինքների եւ երկու երկրների զինված ուժերի համագործակցության զարգացումները: 2020 թվականի պատերազմից հետո Ադրբեջանը զինամթերքի լայնածավալ գնումներ է իրականացրել Իսրայելից, Թուրքիայից, Պակիստանից, Սերբիայից եւ Սլովակիայից։ Համաձայն հրապարակված տվյալների՝ ձեռքբերումները ներառում են 48 միավոր 155 մմ տրամաչափի Nora B-52NG ինքնագնաց հրետանային կայանքներ (ԻՀԿ) Սերբիայից՝ 339 միլիոն ԱՄՆ դոլարով, 70 միավոր 155 մմ տրամաչափի Dita ինքնագնաց հրետանային կայանքներ (ԻՀԿ-ներ) Սլովակիայից, Պակիստանից՝ JF-17 կործանիչներ՝ 1.6 միլիարդ ԱՄՆ դոլարով, Թուրքիայից Akinci ծանր հարվածային անօդաչու թռչող սարքեր, ինչպես նաեւ Barak MX հակաօդային պաշտպանության համակարգեր Իսրայելից՝ 1.2 միլիարդ ԱՄՆ դոլարով։ Բացի այդ, Ադրբեջանը գաղտնի կերպով այլ ռազմական տեխնիկա է ձեռք բերել Իսրայելից, արդիականացրել է իր ավիացիոն հնարավորություններն Իտալական C-27J Spartan ռազմական տրանսպորտային ինքնաթիռներով, ինչպես նաեւ Թուրքիայում արդիականացրել է իր Su-25 գրոհիչները՝ կառավարվող ռումբերի եւ հրթիռների կիրառման նպատակով։ Թուրքիան շարունակում է զորավարժություններ անցկացնել Ադրբեջանի հետ, մարզել վերջինիս զինված ուժերը եւ աջակցել Հայաստանի դեմ իրականացվող քաղաքականությունը: Թուրքիան Երեւանի եւ Անկարայի միջեւ հարաբերությունների կարգավորման գործընթացում առաջընթացը կապում է Բաքվի եւ Երեւանի միջեւ խաղաղ բանակցությունների հետ: Ադրբեջանը համատեղ զորավարժություններ է անցկացրել նաեւ Հայաստանի հարեւան եւս մեկ երկրի՝ Իրանի հետ:   Հայաստանը, որը ձգտում է 2020 թվականին կրած պարտությունից հետո վերականգնել իր ռազմական ներուժը,  ի սկզբանե դիմել է իր պայմանագրային դաշնակից Ռուսաստանին: Սակայն 2021 թվականի օգոստոսյան պայմանագրերով ձեռք բերված սպառազինության մեծ մասն այդպես էլ չի մատակարարվել։ 2021 եւ 2022 թվականներին Հայաստանի տարածք Ադրբեջանի ներխուժումներից հետո Երեւանը սկսեց հեռանալ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունից (ՀԱՊԿ) եւ Ռուսաստանից՝ կենտրոնանալով Հնդկաստանի եւ Ֆրանսիայի վրա՝ միաժամանակ ընդլայնելով անվտանգության ոլորտում համագործակցությունը Միացյալ Նահանգների եւ Եվրամիության հետ: 2022 թվականից սկսած Հայաստանն իրականացնում է իր պատմության մեջ ամենանշանակալի գնումները, որոնք գնահատվում են 2 միլիարդ դոլար: Հնդկաստանի հետ վերջին պայմանագրերը ներառում են 155 մմ տրամաչափի քարշակվող ATAGS հաուբիցների, 72 միավոր 155 մմ տրամաչափի MARG ինքնագնաց հրետանային կայանքների (ԻՀԿ), Pinaka համազարկային կրակի ռեակտիվ համակարգերի (ՀԿՌՀ), Akash «զենիթա-հրթիռային համակարգերի» (ԶՀՀ), Zen անօդաչու թռչող սարքերի ոչնչացման համակարգերի, Konkurs-M հակատանկային հրթիռների, հրազենի եւ զինամթերքի ձեռքբերում: 2024 թվականին Հայաստանի եւ Հնդկաստանի պաշտպանության նախարարությունների ներկայացուցիչները կադրերի վերապատրաստման եւ ինստիտուցիոնալ գործընկերության վերաբերյալ համագործակցության համաձայնագիր են ստորագրել: Հայաստանը Ֆրանսիայից գնել է երեք GM-200 ռադար, 50 միավոր Bastion զրահատեխնիկա, 36 միավոր 155 մմ տրամաչափի Cesar ԻՀԿ, հրազեն եւ այլ տեխնիկա։ Ֆրանսիան եւ Միացյալ Նահանգները աջակցում են Հայաստանի պաշտպանական բարեփոխումներին: Միեւնույն ժամանակ, Երեւանը զգալի միջոցներ է ներդրել իր սահմանների ամրապնդման աշխատանքների ուղղությամբ,

Հայաստան և Ադրբեջան. պաշտպանական բյուջե, դաշինքներ եւ խաղաղության պատրանք Read More »

Հայկական բանակի կերպափոխման հայեցակարգ. քննական հայացք

Հոդվածը հրապարակվել է Hetq.am-ում։ 2020 թվականի Ղարաբաղյան երկրորդ պատերազմի պարտությունը դրդեց քննարկումների և քայլերի՝ Հայաստանի զինված ուժերի վերափոխման ուղղությամբ: Բացի այդ, 2022 թվականի սեպտեմբերին Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ Ադրբեջանի երկօրյա ագրեսիան ընդգծեց խորը փոփոխությունների հրատապ անհրաժեշտությունը։ 2022 թվականի վերջին Հայաստանը ձեռնարկեց սպառազինության և ռազմական տեխնիկայի ակտիվ գնումներ նոր գործընկերներից՝ հիմնականում Հնդկաստանից և Ֆրանսիայից, և սկսեց ամրաշինական աշխատանքներ իր սահմաններում, ինչպես նաև ակտիվացրեց ոլորտի բարեփոխումները։ 2024թ. նոյեմբերի 12-ին ՀՀ պաշտպանության նախարարությունը հրապարակել Է զինված ուժերի բարեփոխումների գործընթացը նկարագրող առաջին պաշտոնական փաստաթուղթը: Բանակի կերպափոխման հայեցակարգի իրականացման հայտարարված ժամկետն է 2024 – 2035 թվականները: Հայեցակարգը շոշափում է առկա բազմաթիվ խնդիրներ, և սույն հոդվածի նպատակն է վերլուծել դրա ամենակարևոր կետերը:  Անցում արհեստավարժ բանակի և արհեստավարժ սերժանտական համակարգի ստեղծում Զինված ուժերի վերափոխման հայեցակարգը պարունակում է արհեստավարժ բանակի աստիճանական անցման ծրագիր: Այն մատնանշում է երկու հիմնական խնդիր՝ պայմանագրային ծառայության անբավարար որակը և զորակոչիկների սահմանափակ քանակը։ Հայեցակարգի VIII բաժնում առաջարկվում են ավելի բարձր չափանիշներ, որոնք սպաներից և սերժանտներից պահանջում են համապատասխանաբար բարձրագույն կրթության և մասնագիտական պատրաստվածության առկայություն: Առաջարկվում է նաև զորակոչիկների վեցամսյա վերապատրաստման ծրագրի իրականացում, որը բաղկացած կլինի 4,5 ամիս տեսական ուսուցումից և 1,5 ամիս գործնական պատրաստությունից: Հատկանշական է, որ ծրագիրը նախատեսում է 2027 թվականից կրճատել պարտադիր զինվորական ծառայության տևողությունը, որը ներկայում կազմում է երկու տարի, և դա ուղեկցել պայմանագրային զինծառայողների քանակի ավելացմամբ։ Այնուամենայնիվ, առաջարկվող ժամկետում այս նպատակին հասնելը զգալի դժվարություններ է առաջացնում՝ ժողովրդագրական սահմանափակումների պատճառով: Ներկայիս զորակոչիկների մեծ մասը ծնվել է 2005 և 2006 թվականներին, երբ, ըստ Հայաստանի Վիճակագրական կոմիտեի տվյալների, ծնվել է շուրջ 36.000 տղա: Լավագույն դեպքում, այս խմբից հնարավոր է զինվորական ծառայության զորակոչել մոտ 70%-ը (25.000 մարդ), քանի որ մնացածներն ունեն առողջական խնդիրներ կամ արտագաղթել են: Ծառայության ժամկետը մինչև 18 ամիս կրճատելը կպահանջի լրացուցիչ 6250 պայմանագրային զինծառայող: Համապատասխանաբար, մեկամյա պարտադիր զինվորական ծառայության ժամկետի դեպքում կպահանջվի լրացուցիչ 12.500 պայմանագրային զինծառայող, վեցամսյա ժամկետի դեպքում՝ 18.750 պայմանագրային: Զինծառայողների ներկայիս թվաքանակի պահպանումը կպահանջի լուրջ և նպատակասլաց ջանքեր՝ զինվորական ծառայության հեղինակությունը բարձրացնելու համար, ներառյալ վարձատրության բարձրացումը և սոցիալական ապահովության փաթեթի ընդլայնումը: Արհեստավարժ սերժանտական համակարգ Բանակի կերպափոխման հայեցակարգում նախատեսված մեկ այլ ուշագրավ փոփոխությունն արհեստավարժ սերժանտական համակարգի հիմնադրումն է: Հայեցակարգային փաստաթղթի VIII բաժնի համաձայն՝ զինված ուժերն առաջնորդվելու են “սերժանտական կորպուսը բանակի ողնաշարն է” կարգախոսով: Այս նախաձեռնությունը ներառում է սերժանտների հավաքագրում, վերապատրաստում, ուսուցում և կառավարում, ինչը կենսական է արդյունավետ ռազմական գործողություններ իրականացնելու համար: Արհեստավարժ սերժանտական համակարգը շեշտում է ստորադաս ստորաբաժանումների ինքնավարությունը, հատկապես կապի կամ հրամանատարության համակարգերի խաթարման իրավիճակներում: Ծրագրի նպատակն է ստեղծել հրամանատարական և կառավարման համակարգ, որը կբարձրացնի փոքր ստորաբաժանումների արդյունավետությունը: Այս ոլորտում բարեփոխումներն արդեն իրականացվում են Միացյալ Նահանգների աջակցությամբ։ Դրա հաջողությունը կախված կլինի արհեստավարժ սերժանտական դպրոցի ստեղծումից և զինված ուժերի ընդհանուր հեղինակության բարձրացումից, ինչը թույլ կտա ծրագրին բավարար թվով մասնակից թեկնածուներ ներգրավել: Տարածքային պաշտպանության համակարգ և ակտիվ պահեստազոր Բանակի կերպափոխման հայեցակարգը նախատեսում է նաև տարածքային պաշտպանության համակարգի ստեղծում, որը նախատեսված է Հայաստանի մարզերի համակարգված և համաչափ պաշտպանության համար: Հայեցակարգի XI բաժնի համաձայն՝ այս համակարգում կկիրառվեն պահուստային ուժեր՝ ելնելով բնակչության բաշխումից և առկա ռեսուրսներից։ Այն առաջարկում է տեղական պաշտպանական ստորաբաժանումների ձևավորում, որոնք, խաղաղ պայմաններում վերապատրաստման և կազմակերպչական միջոցառումների շնորհիվ, կառուցվածքային առումով պատրաստ կլինեն պատերազմի ժամանակ մոբիլիզացիայի: Այս ստորաբաժանումները հիմնականում կազմված կլինեն համայնքի անդամներից՝ պահեստազորայինների երկրորդ խմբից (նրանք, ովքեր ակտիվ պահեստազորայինների զորակոչի առաջնահերթությունների ցանկում չեն առողջական վիճակի, տարիքի և այլ պատճառներով) կամ պաշտոնաթող զինծառայողներից: Այս ստորաբաժանումների վարժեցումը շարունակաբար կթարմացվի տարածքային պաշտպանության արդյունավետությունը բարձրացնելու նպատակով՝ ելնելով վերջին հակամարտությունների միջազգային դասերից և փորձից: Այս նոր ուժերի ստեղծման ավելի մանրամասն նախագիծը ներկայացված է Տարածքային պաշտպանության համակարգի հայեցակարգում (փաստաթուղթը ներկայում հասանելի չէ հանրությանը): Բացի այդ, Ազգային ժողովը վերջերս ընդունեց օրենք, որը պաշտոնական է դարձնում տարածքային պաշտպանության ասպեկտները: Տարածքային պաշտպանության համակարգի ստեղծումը կարող է Հայաստանի Զինված ուժերին ապահովել լրացուցիչ մարտունակ ստորաբաժանումներով։ Համակարգի արդյունավետությունն ապահովելու համար պատրաստվածության, վարժեցման և սպառազինության չափանիշները պետք է համապատասխանեն կանոնավոր բանակի չափանիշներին: Դա անհրաժեշտ է, որպեսզի այդ զորքերն արդյունավետ լինեն մարտական իրավիճակներում։ Շարունակական վարժեցման գործընթացները և ստորաբաժանումների անձնակազմի հաստիքացուցակի շարունակական, բազմամյա համալրվածությունը նույնպես կենսապես կարևոր են ստորաբաժանումների ներսում բարձր գործնական համատեղելիության հասնելու համար: Դրա հետ կապված խնդիրը վերաբերում է ակտիվ պահեստազորի կառավարմանը, ինչի լուրջ պակասն ի հայտ է եկել 2020 թվականին Ղարաբաղյան երկրորդ պատերազմի ժամանակ։ Բանակի կերպափոխման հայեցակարգը նախատեսում է զորահավաքային ռեսուրսների կառավարման միասնական թվային համակարգի ստեղծման ծրագրեր: Այս մոտեցումը խելամիտ և իրագործելի է՝ հաշվի առնելով տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում Հայաստանի նշանակալի փորձը, ինչը կարող է նպաստել ՀՀ-ում ներքին զարգացմանը՝ միաժամանակ ամրապնդելով կիբեռանվտանգության ոլորտը: Նման համակարգը կփոխարինի զինկոմիսարիատների հնացած ու խնդրահարույց համակարգին, որն այդքան էլ չհաջողեց կազմակերպել պահեստազորայինների հստակ կազմակերպված զորակոչ: Քաղաքացիական կազմակերպությունների հետ համագործակցություն և ռազմաքաղաքացիական հարաբերություններ Բանակի կերպափոխման հայեցակարգի XII բաժնում մանրամասն ներկայացվում են ռազմամարզական կազմակերպությունների հետ համագործակցության ծրագրերը՝ առկա ռեսուրսներն արդյունավետ օգտագործելու համար: Նման համագործակցության կանոնների նախագիծը նախքան ընդունվելը թափանցիկ եղանակով կքննարկվի համապատասխան կազմակերպությունների հետ, ներառյալ քաղաքացիական հասարակությունը: Այս նախաձեռնությունը նաև նպատակ ունի զինված ուժերում  ինտեգրել անկախ կամավորական ստորաբաժանումներ, ինչպիսիք են «ՈՄԱ»-ն կամ «Մեծն Տիգրան»-ը, ինչպես նաև ստանդարտացնել այդ ստորաբաժանումների կողմից առաջարկվող ուսումնական ծրագրերը: Ըստ լավագույն պրակտիկայի՝ լիցենզավորված ռազմամարզական կազմակերպությունում ձեռք բերված դասընթացները, ինչպիսիք են հետևակի ընդհանուր ուսուցումը կամ ԱԹՍ օպերատորների վերապատրաստումը, պետք է հաշվի առնվեն պահեստազորայիններին զորակոչելիս կամ պարտադիր ծառայության ընթացքում դերերի վերաբերյալ որոշում կայացնելիս: Հայեցակարգը վերաբերում է նաև քաղաքացիական և ռազմական ոլորտների միջև ավելի լայն հարաբերություններին՝ սահմանելով երեք հիմնական նպատակ՝ բանակի ռազմական արդյունավետության բարձրացում, մասնավոր պաշտպանական հատվածի ներդրման ավելացում և զինված ուժերի նկատմամբ քաղաքացիական վերահսկողության ապահովում: Այս նպատակները կախված են զինվորականների, պաշտպանական հատվածի քաղաքացիական անձնակազմի, գործադիր և օրենսդիր իշխանության ճյուղերի և ընդհանրապես քաղաքացիական հասարակության միջև առողջ, հավասարակշռված փոխհարաբերությունների ամրապնդումից: Արդար վարձատրության, կրթական հնարավորությունների և ծառայողական առաջխաղացման միջոցով բանիմաց և հմուտ քաղաքացիական ծառայողների ներգրավումը կենսական է այդ նպատակներին հասնելու համար: Այս մոտեցման կիրառումը կարող է բանակին ապահովել զգալի մտավոր ներուժ, քանի որ քաղաքացիական անձնակազմը կարևոր դեր է խաղում լավ զարգացած զինված ուժերում: Ավելին, զարգացած պետությունների օրինակով, հասարակական կազմակերպությունները (ՀԿ-ները), ներառյալ վերլուծական կենտրոնները, կարող են կառուցողական առաջարկություններ ներկայացնել, աջակցել զինված ուժերի օպտիմալ զարգացմանը և ծառայել որպես պաշտպանության նախարարության գրագետ կադրերի ռեզերվ: Հայաստանի ռեսուրսներն օպտիմալացնելու համար հարկ է դիտարկել նաև հայկական սփյուռքի ներգրավման հնարավորությունը։ մի բաղադրիչ, որն ակնհայտորեն բացակայում է հայեցակարգային փաստաթղթում: Օրինակ, Հայաստանի կամ արտերկրի շահագրգիռ հայերի և կազմակերպությունների նյութական և ֆինանսական օգնությունը կարող է ուղղվել նշանակված գործընկեր ստորաբաժանումներին՝ դրանց կոնկրետ կարիքների հստակ ըմբռնմամբ: Առանց նման համակարգման, առկա է անարդյունավետության վտանգ, որն ակնհայտ դարձավ 2020 թվականին: Պետական սահմանի պահպանության համակարգի կատարելագործում  Բանակի կերպափոխման հայեցակարգի XII բաժինը սահմանում է Հայաստանի սահմանային անվտանգության համակարգի զարգացման մի քանի առանցքային ուղղություն. Այս նախաձեռնություններից մի քանիսն արդեն իրականացվում են, օրինակ՝ սահմանապահ զորքերի դերի ընդլայնումը, թեև դա պահանջում է նրանց ներուժի և թվաքանակի զգալի աճ: Նմանապես, պաշտպանության երկրորդ գծի երկայնքով կառուցվում են նոր հզոր ամրություններ։  Անձնակազմի փոխարինումը

Հայկական բանակի կերպափոխման հայեցակարգ. քննական հայացք Read More »

Արևմուտքը պետք է օգնի Երևանին փախչել Մոսկվայի «Հետնաբակից»

Ներկայացնում ենք War on the Rocks պարբերականում հրապարակված “Escaping Russia’s backyard: Armenia’s strategic defense shift” հոդվածի հայերեն թարգմանությունը՝ իրականացված Մեդիամաքսի կողմից: Այսօր Հայաստանն այլեւս չի համարվում «Ռուսաստանի հետնաբակը», ինչպես վերջին երեք տասնամյակներում էր։ Ռուսաստանի՝ Ուկրաինա ներխուժման եւ 2020 թվականի Երկրորդ Լեռնային Ղարաբաղի պատերազմի արդյունքում Հայաստանի պաշտպանական եւ անվտանգության քաղաքականությունը փոխվում է։ Այս ռազմավարական վերադասավորումը պատմական հնարավորություն է ընձեռում Հայաստանին վերաիմաստավորել իր աշխարհաքաղաքական դերը, հեռանալ Մոսկվայի ազդեցության գոտուց եւ մոտենալ արեւմտյան դաշնակիցներին։ Այս տեղաշարժի լույսի ներքո Միացյալ Նահանգներն ու Եվրամիությունը պետք է Հայաստանին ավելի մեծ ռազմական աջակցություն տրամադրեն՝ նպաստելով Հարավային Կովկասի տարածաշրջանային կայունությանը: Այդպիսով արեւմտյան տերությունները թույլ չեն տա Ռուսաստանին վերականգնել իր վերահսկողությունը եւ կվիճարկեն Ադրբեջանի միակողմանի ռազմական ճնշումը: Նման աջակցությունը կնպաստի նաեւ Հայաստանի ռազմական բարեփոխումներին եւ կօգնի դառնալ տարածաշրջանային անվտանգության ինքնաբավ դերակատար։ Անցյալ գնումներ Հայաստանը սկսեց ակտիվ զենք գնել 2016 թվականին՝ Ադրբեջանի հետ քառօրյա պատերազմից հետո։ Այս հակամարտությունը, որի ընթացքում Բաքուն ռազմական գերազանցություն ցուցադրեց՝ ներմուծելով իսրայելական արտադրության հարվածային եւ հետախուզական անօդաչու թռչող սարքեր, ստիպեց Երեւանին պայմանագիր կնքել իր այն ժամանակվա ռազմավարական դաշնակցի՝ Մոսկվայի հետ: Որպես Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամ՝ Հայաստանը կարող էր զենք գնել ներքին գներով, իսկ բանակի համապատասխանեցումը ռուսական չափանիշներին պարզեցրեց սարքավորումների ինտեգրումը։ Ի նշան աջակցության՝ Մոսկվան տրամադրեց 200 մլն դոլարի վարկ՝ Հայաստանին հնարավորություն տալով ձեռք բերել ԲՄ-30 «Սմերչ» եւ ՏՕՍ-1Ա «Սոլնցեպյոկ» բազմակի արձակման հրթիռային համակարգեր, «Իգլա-Ս» մարդատար շարժական հակաօդային պաշտպանության համակարգեր, «Ավտոբազա-Մ» էլեկտրոնային հետախուզական համակարգ եւ այլ զինամթերք։ Պաշտպանունակությունն ուժեղացնելու նպատակով Հայաստանը վերը նշված վարկային գծից դուրս Ռուսաստանից գնեց «Իսկանդեր-Է» հրթիռային համակարգեր: Մինչ 2020-ի պատերազմը Հայաստանը ձեռք էր բերել նաեւ չորս Սու-30ՍՄ կործանիչներ, թեեւ դրանք չունեին ժամանակակից ավիացիոն զինամթերք։ Պատերազմից առաջ մեկ այլ կարեւոր ձեռքբերում էին Tor-M2KM հակաօդային պաշտպանության համակարգերը: Այս գնումները պետք է լայնածավալ էսկալացիայի դեմ զսպող գործոն լինեին։ 2010-2020 թվականներին, բացի ռուսական սպառազինությունից, Հայաստանը Հորդանանից ստացավ 35 «Օսա» հակաօդային պաշտպանության համակարգ եւ 40 մլն դոլարի պայմանագիր կնքեց Հնդկաստանի հետ չորս ժամանակակից «Swathi» հակահրետանային ռադարների համար, որոնք մատակարարվեցին 2021-ին: 2011-2020 թվականներին Ռուսաստանին բաժին էր ընկել Հայաստանի հիմնական սպառազինությունների ներմուծման 94 տոկոսը։ Պատերազմի հետեւանքները 2020 թվականի Երկրորդ Լեռնային Ղարաբաղի պատերազմը զգալիորեն փոխեց ուժերի հավասարակշռությունը տարածաշրջանում։ Հայաստանը մեծ կորուստներ կրեց, որոնց թվում, ըստ բաց Oryx բլոգի, 255 տանկ, 71 հետեւակի մարտական մեքենա, 250 քարշակային հրետանի, 29 ինքնագնաց հրետանային միավոր, 84 բազմակի հրթիռային համակարգ եւ 39 հակաօդային պաշտպանության համակարգ (ներառյալ մեկ S-300 դիվիզիոն եւ երկու Tor-M2KM համալիր), ինչպես նաեւ հարյուրավոր այլ զինատեսակներ: Չնայած լուրջ ապացույցներ կան, որ այս թվերն ուռճացված են, Հայաստանի զինված ուժերը ակնհայտորեն կարողությունների կորուստ են կրել։ Պատերազմի արդյունքում ինքնահռչակ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը կորցրեց 1994 թվականից ի վեր վերահսկվող տարածքի 70 տոկոսը, իսկ մնացած տարածքում տեղակայվեցին ռուս խաղաղապահներ։ Երեւանը Մոսկվային խնդրեց ռազմական հենակետեր ստեղծել հայ-ադրբեջանական նորաստեղծ սահմանին՝ խոցելի դարձնելով Երեւանը, որն այլեւս Լեռնային Ղարաբաղի անվտանգության երաշխավորը չէր: Ըստ 2020-ի նոյեմբերի 10-ի հայտարարության՝ նոր ստատուս-քվոն նախատեսում էր, որ Հայաստանն իր տարածքով հաղորդակցություն է ապահովելու Ադրբեջանի համար։ Սա Բաքվի հաջորդ ռազմավարական նպատակն է, որին աջակցում է Թուրքիան. ստանալ այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքը»՝ Հայաստանի տարածքով իր էքսկլավի հետ ուղիղ ցամաքային կապը, որը կվերահսկվի Ռուսաստանի ԱԴԾ սահմանապահ զորքերի կողմից: Ադրբեջանը ռազմավարական դաշինք ձեւակերպեց Թուրքիայի հետ, որի հրամանատարական մակարդակով ներգրավվածությունը վճռորոշ էր 2020-ի պատերազմում։ 2021-ի հունիսին Բաքուն եւ Անկարան ստորագրեցին Շուշիի հռչակագիրը՝ պաշտպանական պայմանագիր, որը ներառում է փոխօգնության դրույթներ կողմերից մեկի վրա հարձակման դեպքում: Նրանց նպատակներից մեկն էլ Հայաստանի տարածքով ցամաքային ճանապարհ բացելն է։ Ադրբեջանը, օգտագործելով իր ռազմական, տնտեսական եւ քաղաքական առավելությունը, շարունակեց միակողմանի զիջումներ պարտադրել Հայաստանին, 2021-ի էսկալացիայի ժամանակ հայկական տարածքներ գրավեց, 2022-ի սեպտեմբերին երկօրյա ինտենսիվ մարտերի ընթացքում ձեռք բերեց սահմանի երկայնքով ռազմավարական բարձունքներ, իսկ 2024-ին Տավուշում հայ-ադրբեջանական սահմանի մի հատվածի «սահմանագծում եւ սահմանազատում» իրականացրեց ռազմական ճնշման ներքո։ Վերջին սրացումները բացահայտեցին Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության շրջանակներում Ռուսաստանի անվտանգության մեխանիզմների անարդյունավետությունը։ Թեեւ 2020-ի պատերազմը կազմակերպության պատասխանատվությունից դուրս էր, հետագա հարձակումները պետք է արձագանք ստանային, քանի որ ուղղակիորեն Հայաստանի դեմ էին: Հայաստանը աստիճանաբար հեռացավ ՀԱՊԿ-ից՝ սառեցնելով իր անդամակցությունը եւ փոխարենը ընտրելով ԵՄ-ի դիտորդական առաքելությունը, որը ներկայում բաղկացած է 209 հոգուց եւ մանդատ ունի մինչեւ 2025-ի փետրվարը։ Նոր շուկաների որոնում Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ ռազմաքաղաքական համաձայնագրերի վերանայումը բխում է ոչ միայն նրանց դաշինքի նվազող ազդեցությունից, այլեւ գործող պայմանագրերով սպառազինություն եւ ռազմական տեխնիկա չմատակարարելուց: 2021-ի օգոստոսին Հայաստանն ու Ռուսաստանը Մոսկվայում զենքի մատակարարման նոր համաձայնագիր ստորագրեցին, որի արժեքը եւ պայմանները չմանրամասնվեցին։ ՀՀ ԱԺ պաշտպանության հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը 2023-ին բացահայտեց, որ պայմանագրի արժեքը 400 մլն դոլար էր։ Ռուսական զենքի մատակարարման վերաբերյալ քննարկումներն ակտիվացան 2022-ի աշնանը՝ Հայաստանի վրա հարձակումից հետո։ Մեկ տարի անց՝ 2023-ի նոյեմբերին, վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Հայաստանը Ռուսաստանին վճարել է զենքի համար, բայց այդպես էլ այն չի ստացել։ Առաջարկվեցին տարբեր լուծումներ, այդ թվում՝ արդեն իսկ վճարված միջոցների օգտագործումը Հայաստանի պարտքի մի մասը դուրս գրելու համար։ Սակայն այս առաջարկները չլուծեցին հիմնական խնդիրը. Հայաստանը մնաց Ադրբեջանի ռազմական ճնշման ներքո՝ չստանալով սպառազինությունը, որի համար վճարել էր: Իրավիճակը վատթարացավ ռուս-ուկրաինական պատերազմի բռնկումից հետո եւ Հայաստանին դրդեց զենքի այլ շուկաներ փնտրել: Իրադարձությունների այս շրջադարձն ընդգծում է, որ ադրբեջանական ճնշմանը դիմակայելու համար Հայաստանն այլընտրանքային ռազմական մատակարարումներ գտնելու հրատապ կարիք ունի: Հնդկաստան 2022 թվականից սկսած Հնդկաստանը դարձավ Հայաստան ռազմական տեխնիկայի ամենամեծ մատակարարը։ Մեր գնահատականներով, որոնք հիմնված են լրատվամիջոցների արտահոսքի վրա, պայմանագրերի ներկայիս փաթեթը գերազանցում է 1,5 մլրդ դոլարը։ Պատվերը ներառում է այնպիսի համակարգեր, ինչպիսիք են 245 մլն դոլար արժողությամբ Pinaka բազմակի արձակման հրթիռային համակարգը, 72 միավոր 155 միլիմետրանոց MARG-155 ինքնագնաց հրացանները, 155 միլիոն դոլար արժողությամբ 90 միավոր 155 միլիմետրանոց առաջադեմ քարշակային հրետանային համակարգերը, 720 մլն դոլարի Akash «երկիր-օդ» հրթիռները, 41 մլն դոլարի «Զեն» հակադրոնային համակարգերը, լիցենզավորված արտադրության «Konkurs-M» հակատանկային հրթիռները եւ այլ զինամթերք։ 2024-ի ապրիլին հաղորդվեց, որ Հնդկաստանը Հայաստան է ուղարկելու իր առաջին ռազմական կցորդին։ Այս որոշումը կապված է երկու երկրների միջեւ աճող ռազմատեխնիկական համագործակցության հետ եւ նպատակ ունի առավել արդյունավետ լուծել հնարավոր տեխնիկական խնդիրները։ Բացի այդ, 2024-ին հայկական եւ հնդկական պատվիրակությունները ստորագրեցին պաշտպանության ոլորտում համագործակցության համաձայնագիր, որը վերաբերում է վերապատրաստմանը եւ ինստիտուցիոնալ գործակցությանը։ Հատկանշական է, որ Հայաստանը գնել է 155 միլիմետրանոց հրետանի՝ ազդարարելով, որ խորհրդային 152 միլիմետր եւ 122 միլիմետր տրամաչափերից անցնում է ՆԱՏՕ-ի չափանիշներին։ Ռազմավարական այս փոփոխությունը գրեթե անհնարին կդարձնի Ռուսաստանից հրետանային զենքի եւ զինամթերքի հետագա ձեռքբերումը, հատկապես հաշվի առնելով, որ Լեռնային Ղարաբաղի Երկրորդ պատերազմում կրած ծանր կորուստներից հետո Հայաստանի պահեստներում սովետական զենքեր գրեթե չեն մնացել: Երեւանի եւ Նյու Դելիի միջեւ զարգացող հարաբերությունները ռազմավարական շրջադարձ են, որոնք կարող են փոխել ուժերի հավասարակշռությունը տարածաշրջանում՝ նվազեցնելով Հայաստանի կախվածությունը Մոսկվայից եւ ամրապնդելով նրա կապը ժողովրդավարական ուժերի հետ: Հաշվի առնելով երկու երկրների միջեւ

Արևմուտքը պետք է օգնի Երևանին փախչել Մոսկվայի «Հետնաբակից» Read More »

Լեռնային Ղարաբաղի անկումը. մեկ տարի անց

2023 թվականի սեպտեմբերին նախագահ Իլհամ Ալիևն իննամսյա շրջափակումից հետո ադրբեջանական զորքերը մտցրեց Արցախ։ Բնակչության զանգվածային արտագաղթի արագությունն ու ծավալները տարածաշրջանի պատմության մեջ աղետալի մի նոր էջ բացեցին՝ հայերի մոտ ողբերգական զգացողության դեժավյու առաջացնելով։  2024 թվականի սեպտեմբերին լրանում է Լեռնային Ղարաբաղի հայերի էթնիկ զտման մեկ տարին, Հայաստան Ադրբեջանի ամենամահաբեր ներխուժման երկու տարին և Լեռնային Ղարաբաղի երկրորդ պատերազմի չորս տարին։ Սույն վերլուծության մեջ ԱՊՐԻ Արմենիան անդրադառնում է անցած տարվա իրադարձություններին և Հայաստանի անվտանգությանն ու տարածաշրջանային կայունությանն ուղղված դրանց հետևանքներին: Այն «ո՛չ խաղաղություն, ո՛չ պատերազմ» ներկայիս անորոշությունից դուրս գալու ուղիներ է առաջարկում։ Ներկայիս իրավիճակը Այսօրվա դրությամբ իրավիճակը մնում է չկարգավորված։ Միջազգային հանրության շրջանում շատերն ակնկալում էին, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության ուժային լուծումը ճանապարհ կհարթի Հայաստանի և Ադրբեջանի միջև շուտափույթ խաղաղության հաստատման համար, սակայն ապացուցվեց, որ այդ ակնկալիքը սխալ էր: Չնայած խաղաղության շուրջ բանակցություններում կառուցողականորեն ներգրավվելու Հայաստանի պատրաստակամությանը՝ Ադրբեջանն ամբողջ տարվա ընթացքում շարունակում էր նոր նախապայմաններ առաջ քաշել՝ մշտապես փոխելով ցանկացած իրական խաղաղության համաձայնագրի հասնելու ուղենիշները: 2024 թվականի սեպտեմբերի դրությամբ Ադրբեջանը ներկայացրել է ութ պահանջ, որոնցից երկուսը Բաքվից ներկայացվել են որպես խաղաղության ցանկացած համաձայնագրի ստորագրման նախապայման՝ 2023 թվականի սեպտեմբերից ի վեր որևէ լուրջ ռազմական էսկալացիա չի եղել։ Հայաստանն իր գործընկերների աջակցությամբ ստեղծել է զսպման նուրբ հավասարակշռություն։ Հայաստանում Եվրոպական առաքելության (EUMA) գործունեությունը հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով նպաստել է այս հավասարակշռության հաստատմանը, ինչպես նաև Իրանի պաշտոնյաների կողմից (այդ թվում՝ ԱԳ նախարար Աբբաս Արաղչիի) բազմիցս կրկնվող հայտարարությունները, համաձայն որոնց Իրանը չի հանդուրժի սահմանների որևէ փոփոխություն։ Բացի այդ, Հայաստանը նոր գործընկերներ է գտել Հնդկաստանում և Ֆրանսիայում, որոնք կամրապնդեն իր ռազմական կարողություններն ու ներուժը և երկարաժամկետ հեռանկարում կօգնեն զսպել Ադրբեջանին: Ակտիվ ռազմական էսկալացիայի զսպմանը հնարավոր է նպաստել է նաև 2024 թվականի մարտ-ապրիլ ամիսներին ուժի սպառնալիքի ներքո Երևանի կողմից Տավուշի մարզի գյուղերի զիջումը։ 2023 թվականի դեկտեմբերի երկկողմ հայտարարությունը հնարավորություն ընձեռեց ազատ արձակել 32 հայ ռազմագերիների (մինչդեռ 23-ը մնում են գերության մեջ) և Բաքուն դարձրեց 2024 թվականին ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության համաժողովի (COP29) անցկացման վայր։ Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի և Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի գլխավորած սահմանների սահմանազատման և սահմանագծման հանձնաժողովները շարունակում են իրենց աշխատանքը նաև 2024 թվականին: Բոլորովին վերջերս ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ կողմերը համաձայնության են եկել ներկայիս խաղաղության համաձայնագիրը կազմող 17 հոդվածներից 13-ի շուրջ, իսկ մնացած երեքի վերաբերյալ մասնակի համաձայնություն է ձեռք բերվել։ Ադրբեջանի նախագահ Ալիևը հայտարարել է, որ համաձայնագրի շուրջ աշխատանքներն 80 տոկոսով ավարտվել են։  2023 թվականի սեպտեմբերին Լաչինի միջանցքը հատած Լեռնային Ղարաբաղի 100,632 հայերից 10,308-ը հունիս ամսվա դրությամբ լքել են Հայաստանը։ Արցախի կառավարության նախկին ներկայացուցիչներն այդ թիվը մոտ քսան հազար են գնահատում։ Հաղորդվում է, որ Հայաստանում  մնացածներից շատերը բախվում են սոցիալական և տնտեսական լուրջ խնդիրների: Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի բռնազավթումը լրացուցիչ դժվարություններ և անորոշություններ է ստեղծել, որոնք էլ ավելի են սրվել Արցախի՝ այժմ Հայաստանում բնակվող պաշտոնատար անձանց կողմից հրապարակային հայտարարությունների բացակայության, ինչպես նաև Հայաստանի կառավարության՝ դրա հետևանքների վերաբերյալ լռության պատճառով: Տավուշի գյուղերի զիջումը, որը հանգեցրեց Հայաստանի և Ադրբեջանի միջև 12,6 կիլոմետր երկարությամբ սահմանի վերասահմանմանը, նույնպես պատճառ դարձավ  կարճատև հանրային անկարգությունների, որոնք վկայում էին հայ ժողովրդի որոշակի դժգոհության և քաղաքացիական անհամաձայնության մասին: Հակամարտության կարգավորման հարցում Եվրամիության և Միացյալ Նահանգների ներգրավվածության մեջ պարադոքս է առաջացել: Եթե ԵՄ-ը և ԱՄՆ-ն ի սկզբանե ակտիվ դերակատարություն են ունեցել որպես միջնորդներ, ապա դա չի հանգեցրել ակնկալվող արդյունքների: Ալիևը դուրս է եկել բրյուսելյան ձևաչափից և ցուցադրական դիվանագիտություն է ձեռնարկել ԱՄՆ-ի հետ։ Ադրբեջանի նկատմամբ որևէ պատժամիջոց չի կիրառվել ուժի կիրառման և նրա կողմից իրականացված էթնիկ զտումների համար: Չի դատապարտվել նաև Ադրբեջանի կողմից Հայաստանի շուրջ 200 քառակուսի կիլոմետր ինքնիշխան տարածքի օկուպացումը: Միևնույն ժամանակ, ԱՄՆ-ը և ԵՄ-ը շարունակում են ավելի սերտ համագործակցել Հայաստանի հետ։ Դիվանագիտական երկխոսությունն ընթանում է ամբողջ ուժով. նոր գործընկերության օրակարգ ԵՄ-ի և Հայաստանի միջև և նոր ռազմավարական գործընկերության հանձնաժողովի ստեղծման հանձնառություն ԱՄՆ-ի և Հայաստանի միջև: ԱՄՆ-ն և ԵՄ-ը նաև մարդասիրական օգնություն են տրամադրել Հայաստանին՝ փախստականների շուրջ ստեղծված ճգնաժամը հաղթահարելու համար։ Ընդհանուր առմամբ, 2024 թվականը նաև կարևոր լակմուսի թուղթ է դարձել Արևմուտքի և Ռուսաստանի համար՝ տարածաշրջանային կայունության ամրապնդման ուղղությամբ իրենց դիվանագիտական ջանքերի արդյունավետությունը սահմանելու հարցում:  Արդյո՞ք համաձայնություն ձեռք կբերվի Շրջանակային համաձայնագիրը կարող է ստորագրվել մինչև 2024 թվականի նոյեմբերը՝ COP29-ի 29-րդ նստաշրջանից առաջ կամ դրա ընթացքում՝ հաշվի առնելով հայկական և ադրբեջանական կողմերի ակնկալիքները և ԱՄՆ-ի ու ԵՄ-ի բարձրագոչ խրախուսանք-հորդորները՝ մինչև նոյեմբեր գործարքն ավարտին հասցնելու վերաբերյալ: Կարևոր է նշել, որ եթե փաստաթուղթը ստորագրվի, ապա, ամենայն հավանականությամբ, դա կլինի շրջանակային համաձայնագիր, ինչի մասին վկայում են Հայաստանի և Ադրբեջանի հայտարարությունները: Շրջանակային համաձայնագիրը, որպես կանոն, ներառում է չհարձակման և տարածքային ամբողջականության նկատմամբ փոխադարձ հարգանքի մասին ընդհանուր հայտարարություններ՝ ապագա բանակցություններին թողնելով առանցքային որոշ հարցեր, ինչպիսիք են՝ հաղորդակցության վերականգնումը և սահմանների սահմանազատումը։   Մյուսները, այդ թվում՝ ԱՊՐԻ Արմենիայի հետազոտողները, վստահ չեն, որ շրջանակային համաձայնագիրը կստորագրվի մինչև COP29-ը: Ադրբեջանը հաստատակամ է, որ ոչինչ չի ստորագրվի այնքան ժամանակ, քանի դեռ Հայաստանը չի փոխել իր Սահմանադրությունն ու մյուս օրենքները և չի սատարել ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարմանը. այս դիրքորոշումը նախագահ Ալիևը վերահաստատել է ԱՄՆ պետքարտուղար Բլինքենի հետ իր վերջին հեռախոսազրույցի ժամանակ: Հայաստանի կառավարությունը բացատրել է, որ այս սահմանադրական փոփոխությունները ներքաղաքական պատշաճ ժողովրդավարական գործընթաց պահանջող հարցեր են և չեն կարող ավարտին հասնել նախքան 2027 թվականը։ Ամեն դեպքում, շրջանակային համաձայնագրի երկարաժամկետ կայունացնող ազդեցությունը դեռ պետք է որոշվի, քանի որ նման համաձայնագրերը, որպես կանոն, չեն լուծում հակամարտության հիմքում ընկած հիմնական խնդիրները, այլ միայն հետաձգում են դրանց լուծումը և տեղ են թողնում հետագա ռազմատենչ մանևրների համար:  Ներկայիս «ո՛չ խաղաղություն, ո՛չ պատերազմ» իրավիճակը վախեցնող է՝ հարցեր առաջացնելով այն մասին, թե Ադրբեջանն ինչպես կարձագանքի Վրաստանում և ԱՄՆ-ում կայանալիք ընտրություններին, և, արդյո՞ք, կամ իրականում ե՞րբ կփորձարկի կարմիր գծերը՝ կիրառելով ռազմական միջոցներ իր քաղաքական նպատակներին հասնելու համար:  Ինչպես 2024 թվականի գարնանը, Ադրբեջանը կարող է կրկին պահանջել «վերադարձնել ադրբեջանական անկլավները»՝ Տիգրանաշենը, Սոֆուլուն, Բարխուդարլուն ու Վերին Ոսկեպարը՝ պնդելով, որ իր նախագահի համբերությունը հասել է սահմանագծին՝ սպառնալով նոր ռազմական հարձակմամբ։ Մեկ այլ տարբերակ․ եթե Հայաստանի ներկայիս զսպման կոնֆիգուրացիան ձախողվի, այն կարող է դառնալ ռազմական հարձակման մեկնարկ դեպի Հայաստանի Վայոց ձորի կամ Սյունիքի մարզեր։ Բաքուն կարող է օգտագործել իր զբաղեցրած ռազմավարական դիրքերը՝ հարձակում սկսելու հարավային Հայաստանի վրա՝ երկիրը կտրելով Իրանի հետ սահմանից և ցամաքային կապ ստեղծելով Ադրբեջանի Նախիջևան էքսկլավի հետ։ Հաջողության դեպքում Ադրբեջանը կարող է ստիպել Հայաստանին ստորագրել համաձայնագիր՝ ընդունելով միջանցքի ստեղծման իր պահանջները՝ կա՛մ արտատարածքային, կա՛մ Ռուսաստանի վերահսկողության ներքո, ինչպես նշված է 2020 թվականի նոյեմբերի 10-ի Եռակողմ հայտարարության մեջ՝ օգտագործելով իր կողմից գրաված տարածքները:  Քանի որ Ադրբեջանը բախվում է ջրի սակավության աճող խնդրի հետ, հնարավոր են նաև Գեղարքունիքի մարզի խորքերը ներթափանցելու փորձեր՝  հասնելու Սևանա լճի ափերին և ստիպելու Հայաստանին ընդունել իր ջրերի համատեղ օգտագործումը։ Կարևոր է նշել, որ այս սցենարները ներառում են նաև երկրորդական ազդեցության ռիսկ, որը, հնարավոր է, կապված լինի Իրանի և Թուրքիայի ներգրավման հետ:  Որո՞նք կարող են լինել մեր հետագա քայլերը Շատ օգտակար կլիներ ընդլայնել Հայաստանի

Լեռնային Ղարաբաղի անկումը. մեկ տարի անց Read More »

Գրանցվեք APRI Armenia-ի թարմացումների համար