2026թ-ի մարտի 16-ի դրությամբ
2026թ-ի փետրվարի 28-ին Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարեցին Իրանի դեմ ռազմական գործողությունների մեկնարկի մասին, որոնք համապատասխանաբար ստացան «Մռնչացող առյուծ» (Roaring Lion) և «Էպիկական կատաղություն» (Epic Fury) անվանումները: Ի պատասխան՝ Թեհրանը սկսեց «Ճշմարիտ խոստում-4» գործողությունը։ Այս նոր հակամարտությունն իր տևողությամբ և մասշտաբներով արդեն գերազանցել է 2025թ-ի հունիսի 12-օրյա պատերազմը:
Թեև Հարավային Կովկասը հաճախ անտեսվում է, և փորձագիտական ու քաղաքական վերլուծությունները հիմնականում կենտրոնանում են Մերձավոր Արևելքի վրա ունեցած ազդեցության վրա, պատերազմի դիտարկման համատեքստում Հարավային Կովկասի նշանակությունն, այդուհանդերձ, էական է: Տարածաշրջանը փորձության է ենթարկում ԱՄՆ-ի և Իրանի ուժի պրոյեկտման կարողությունները, այն նաև կարող է ծառայել որպես փախստականների հնարավոր անցակետ և գտնվում է մի քանի հաղորդակցության ուղիների նախագծերի կենտրոնում, որոնք կարող են վերափոխել համաշխարհային մատակարարման շղթաները:
ԱՊՐԻ Արմենիայի այս վերլուծությունն ուսումնասիրում է պատերազմից բխող ռիսկերն ու հնարավորությունները թե՛ Հայաստանի, թե՛ Հարավային Կովկասի համար և առաջարկում է դրանց հասցեագրման ուղիներ.
- Պատերազմն ընդգծում է տարածաշրջանային ուղիներն ու սահմաններն ապաշրջափակելու հնարավորությունների պատուհանի թե՛ փխրունությունը, թե՛ կարևորությունը:
- Իրանի տարածքում մարդասիրական օգնության տրամադրումը պետք է առաջնահերթություն լինի Հայաստանի և Հարավային Կովկասի մյուս երկրների համար՝ տարածաշրջանային անկայունության ռիսկերը մեղմելու նպատակով:
- Աննախադեպ հնարավորություն է ստեղծվել՝ ընդհանուր եզրերի և շահերի հիման վրա տարածաշրջանային մակարդակով փոխգործակցության համար։
Ի՞ՆՉ Է ՆՇԱՆԱԿՈՒՄ ԱՅՍ ՊԱՏԵՐԱԶՄԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՄԱՐ
Անվտանգություն
Այսօր Հայաստանն Իրանի հարևան երկրներից միակն է, որը հարվածների թիրախ չի դարձել։ Հայաստանի տարածքում անվտանգության ոլորտի միջադեպերի առաջացման հավանականությունը, ինչպիսիք են Թուրքիայի ուղղությամբ արձակած իրանական հրթիռների որսումը Հայաստանի օդային տարածքում կամ Նախիջևանի օդանավակայանին ԱԹՍ-ների հարվածները, մնում է ցածր:
Միջնաժամկետ և երկարաժամկետ հեռանկարում անվտանգության ոլորտում մտահոգության միակ հնարավոր առարկան Հայաստանի և Միացյալ Նահանգների համատեղ նախագծերն են, որոնք Իրանը կարող է ընկալել որպես «երկակի նշանակության ենթակառուցվածքներ»։ Դրանց թվում են Հրազդանում կառուցվելիք արհեստական բանականության (ԱԲ) տվյալների մշակման կենտրոնը (նմանատիպ օբյեկտներ թիրախավորվել են արաբական երկրներում), կամ «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» նախագծի (TRIPP) գործունեության շրջանակներում Իրանի հետ սահմանին ամերիկյան ցանկացած տեսակի ներկայությունը: Եթե Վաշինգտոնի գագաթնաժողովից մի քանի ամիս անց Իրանի երկակի արձագանքը վկայում էր TRIPP նախագծի որոշ ասպեկտների՝ հատկապես երկաթուղային երթուղու նկատմամբ կառուցողական վերաբերմունքի մասին, ապա պատերազմն ուժեղացրեց Իրանի թերահավատ դիրքորոշումն այս հարցում:
Երկարաժամկետ հեռանկարում Իրանի կենտրոնական ղեկավարության անկայունությունը կարող է լոգիստիկ և քաղաքական խնդիրներ ստեղծել Երևանի համար հարավի շուկաներից, օրինակ՝ Հնդկաստանից զենքի մատակարարման հարցում, թեև գոյություն ունեն այլ՝ ավելի բարդ այլընտրանքներ։
Տնտեսություն
Ներկա պահին պատերազմի տնտեսական ազդեցությունը երկկողմ տնտեսական համագործակցության վրա, ինչպիսիք են առևտուրը և էներգետիկ գործարքները, թվում է նվազագույն, մինչդեռ առավել մտահոգիչ խնդիր են հանդիսանում Հայաստանի համար հարավի շուկաների հասանելության խոչընդոտները:
Չնայած Երևանի և Թեհրանի միջև առևտրաշրջանառության շարունակական աճին՝ 2025թ-ին Իրանի բաժինը կազմել է 768 մլն. ԱՄՆ դոլար կամ Հայաստանի ընդհանուր առևտրաշրջանառության 3,6%-ը, ինչը կրիտիկական ցուցանիշ չէ: Սակայն Իրանից Հայաստանի կախվածությունը որոշ ապրանքների մասով, ինչպիսիք են բիտումը, կավիճը և ցեմենտը, բավականին բարձր է, իսկ ներմուծման այլընտրանքային աղբյուրներն ավելի թանկ են։ Իրանական մատակարարումների երթուղիների հետ կապված երկարաժամկետ խափանումները կարող են հանգեցնել Հայաստանում գնաճին։ Համեստ երկկողմ առևտրային կապերի շրջանակներից դուրս Հայաստանի արտաքին առևտրի ավելի քան 20%-ն անցնում է Իրանի տարածքով։ ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալներով Հայաստանը Մերձավոր Արևելք է արտահանում ծխախոտ և անասուններ, իսկ հիմնականում Չինաստանից ներմուծում է խաղալիքներ, տեքստիլ, թուղթ և կահույք: Այդ հոսանքներն իրականացվում են Իրանի տարածքով։ Իրանի միջոցով Մերձավոր Արևելք արտահանումը կարող է վերաուղղորդվել Վրաստանի և Թուրքիայի տարածքով՝ առանց տրանսպորտային ծախսերի էական ավելացման, իսկ Չինաստանից ներմուծումը կարող է մասամբ վերաուղղորդվել Վրաստանի տարածքով և մասամբ փոխարինվել այլ երկրներից ներմուծմամբ: Անկախ Իրանում տեղի ունեցող զարգացումներից՝ այդ երկիրը կարիք է ունենալու Հայաստանից էլեկտրաէներգիայի մատակարարման՝ «գազ էլեկտրաէներգիայի դիմաց» համաձայնագրի շրջանակներում (Հայաստանն օգտագործում է Իրանի մատակարարած գազը էլեկտրաէներգիա արտադրելու համար, որն էլ իր հերթին ուղղվում է ինչպես Իրան, այնպես էլ ներքին շուկա): Իրանի գազի արդյունահանման ենթակառուցվածքի վատթարացումը կարող է հանգեցնել գազի մատակարարումների խափանումների՝ նվազեցնելով երկու երկրների միջև ընդհանուր ապրանքաշրջանառությունը: Դա նաև մատակարարումների ոլորտում բացասական շոկի կենթարկի Հայաստանի տնտեսությունը։ Կարճաժամկետ հեռանկարում իրանական գազի մատակարարումների ամբողջական դադարեցումը կհանգեցնի գազի և էլեկտրաէներգիայի գնի բարձրացմանը։ Սակայն հետևանքները պայմանավորված կլինեն գազամատակարարման խափանումների ծավալով և այլընտրանքային էներգետիկ շուկաներ անցնելու Հայաստանի կարողության արագությամբ։
Իրանում պատերազմի պատճառով զբոսաշրջության անկումը նույնպես կարող է ազդել Հայաստանի տնտեսության վրա։ 2025թ-ին զբոսաշրջային հոսքի ծավալով երրորդ տեղում գտնվող և Հայաստանի ընդհանուր զբոսաշրջիկների 8% կազմող իրանցի զբոսաշրջիկների, ինչպես նաև Իրանի տարածքով Հայաստան եկող այլ երկրների զբոսաշրջիկների ներհոսքի նվազումը խոչընդոտ կդառնա ՀՀ տնտեսական աճի համար։
Մարդասիրական հարթություն
Պատերազմը կարող է հանգեցնել Իրանից դեպի Հայաստան փախստականների ներհոսքի, թեև դա կախված է Իրանի պետական ապարատի գործունակությունից և երկարաժամկետ հեռանկարում ներքին կայունությունից: Եթե պատերազմի ավարտին իրանական կառույցները դադարեն գործել, դա կհանգեցնի փախստականների զանգվածային տեղաշարժի, ինչը զգալի ճնշման կենթարկի տարածաշրջանի սոցիալական ապահովության և առողջապահական համակարգերը:
Հայաստանը վերջերս բախվել է փախստականների և տեղահանվածների մի քանի ալիքի՝ 2020թ-ին (Լեռնային Ղարաբաղից՝ երկրորդ պատերազմից հետո և Լիբանանից՝ Բեյրութի նավահանգստում տեղի ունեցած պայթյունից հետո), 2022թ-ին (Ռուսաստանից՝ Ուկրաինայի դեմ ռազմական գործողությունների մեկնարկից հետո) և 2023թ-ին (Լեռնային Ղարաբաղի հայերի էթնիկ զտումից հետո)։ Յուրաքանչյուր անգամ փախստականներին ընդունելու համակարգի հնարավորությունները ենթարկվել են փորձության, և կառավարությունն ու հասարակությունը հարմարվել են՝ մեծ մասամբ դիվանագիտական գործընկերների աջակցությամբ։ Չնայած որոշ ռուսաստանցիների հեռանալուն՝ սոցիալական ենթակառուցվածքի առումով Հայաստանի հնարավորությունները, ամենայն հավանականությամբ, սահմանափակ են։
Համեմատաբար փոքր թվով (նույնիսկ տասնյակ հազարավոր) իրանաբնակ ադրբեջանցի փախստականների մուտքը Հայաստան կարող է լարվածություն առաջացնել նրանց և տեղի հայ բնակչության միջև, ինչը Բաքուն կարող է օգտագործել որպես ճնշման միջոց Հայաստանի վրա: Իրանի քաղաքական համակարգի փոփոխության դեպքում հնարավոր է նաև Իսլամական հանրապետության անվտանգության ապարատի հետապնդումներից փախչող միջին և ստորին օղակների ներկայացուցիչների ներհոսք։
Դեպի Հայաստան փախստականների ներհոսքի հավանականությունը ներկայումս մեծ չէ և կշարունակի այդպիսին մնալ քանի դեռ պահպանվում է Իրանի պետական ապարատի համեմատական կայունությունը: Սակայն այդ ռիսկը կարող է կրկին առաջանալ, եթե Իրանի, Իսրայելի և ԱՄՆ-ի միջև ռազմական գործողությունները շարունակվեն միջնաժամկետ հեռանկարում: Այլ կերպ ասած, քաղաքականության տեսանկյունից անհրաժեշտ են մարդասիրական օգնություն տրամադրելու պատրաստականությունը և հասարակության տոկունությունը:
Ի՞նչ է պետք անել
Հաշվի առնելով նոր պատերազմի մասշտաբների և բնույթի առանձնահատկությունները՝ Հայաստանի կառավարությունը ցանկալի է.
- Ստեղծի միջգերատեսչական աշխատանքային խումբ: Հավանական է, որ Իրանի և Իսրայելի միջև ռազմական գործողությունները կվերսկսեն նույնիսկ ներկա փուլի ավարտից հետո: Հնարավոր ապագա ռազմական գործողություններին պատրաստ լինելու համար խորհուրդ է տրվում Հայաստանի կառավարությանը կազմել աշխատանքային խումբ Իրանի շուրջ ստեղծված իրավիճակը վերլուծելու համար՝ ներգրավելով Արտաքին գործերի նախարարության, Պաշտպանության նախարարության, Ազգային անվտանգության ծառայության, Արտաքին հետախուզության ծառայության, Ֆինանսների նախարարության և Էկոնոմիկայի նախարարության ներկայացուցիչներին:
- Ուժեղացնի անվտանգությունը՝ Ադրբեջանի, Նախիջևանի Ինքնավար Հանրապետության և Իրանի հետ Սյունիքի սահմաններով: Հաշվի առնելով Հայաստանի հարավային շրջանի անվտանգային փխրուն վիճակը՝ մենք խորհուրդ ենք տալիս Սյունիքում պաշտպանական միջոցները, հատկապես ՀՕՊ զորքերը, պահել բարձր մարտական պատրաստվածության վիճակում և մշակել հետագա ծրագրեր՝ ճգնաժամային իրավիճակներում տարածաշրջանի դիմակայունությունն ապահովելու համար։
- Նվազեցնել TRIPP-ի, ԱԲ տվյալների կենտրոնի և ամերիկյան ընկերությունների ներգրավմամբ այլ նախագծերի հետ կապված ռիսկերը՝ իրանցի գործընկերների հետ ակտիվ շփումների միջոցով և նրանց այդ նախագծերի բովանդակությանը ծանոթացնելով՝ հնարավոր թյուրիմացություններից խուսափելու համար։ Ռիսկերը պետք է նվազեցվեն նաև երաշխավորելով, որ ԱՄՆ-ի հետ որևէ կերպ առնչություն ունեցող անվտանգային ընկերություններ կամ անձնակազմ ներկա չեն լինի Իրանի սահմանի անմիջական մերձակայքում՝ հաշվի առնելով թե՛ այդ անձնակազմի անվտանգությունը, թե՛ TRIPP նախագծի նպատակները։
- Իրականացնի մարդասիրական նախաձեռնություն հենց Իրանում: Հայաստանի կառավարությունը կարող է մարդասիրական նախաձեռնությամբ հանդես գալ՝ Իրանի հարևան շրջանների բնակչությանը պարենային, բժշկական և այլ տեսակի օգնություն ցուցաբերելով: Սահմանից այն կողմ օգնության տրամադրումը կօգնի իրանական հասարակությանն ավելի արագ վերականգնվել ճգնաժամից հետո, կցուցադրի Հայաստանի բարի կամքը ադրբեջանական ծագում ունեցող Իրանի քաղաքացիների նկատմամբ՝ նվազեցնելով հնարավոր հակահայկական տրամադրությունները և փախստականների հնարավոր հոսքը դեպի Հայաստան:
- Դիտարկի Աբովյանի ստորգետնյա գազապահեստարանի և նավթամթերքի պահեստարանների ընդլայնման հնարավորությունը՝ Հայաստանի էներգետիկ անվտանգությունն ու դիմակայունությունն ամրապնդելու համար։ Համաշխարհային և տարածաշրջանային էներգետիկ շուկաները, ամենայն հավանականությամբ, կմնան տատանողական։ Թեև Ռուսաստանի հետ էներգետիկ համաձայնագիրը սկզբունքորեն ուժի մեջ է մինչև 2043 թվականը, նավթի և գազի պաշարների ավելի մեծ ծավալը կօգնի բարձրացնել Հայաստանի էներգետիկ անվտանգությունը մատակարարումների լուրջ խափանումների և գնային տատանումների պարագայում։
Ի՞ՆՉ Է ՆՇԱՆԱԿՈՒՄ ԱՅՍ ՊԱՏԵՐԱԶՄԸ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԻ ՀԱՄԱՐ…
… երբ խոսքը տարածաշրջանային կայունության մասին է
2025 թվականի օգոստոսին տեղի ունեցած Վաշինգտոնի գագաթնաժողովը աննախադեպ առիթ էր Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության ինստիտուցիոնալացման, ինչպես նաև Թուրքիայի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման համար: Սակայն Բաքվի և Անկարայի անգործության պատճառով այդ առիթը դեռ չի օգտագործվել, ինչը հանգեցրել է «ոչ խաղաղություն, ոչ պատերազմ» անորոշ վիճակում գտնվող տարածաշրջանային իրողության։
Իրանում շարունակվող պատերազմն ընդգծում է Հարավային Կովկասում տևական կայունության և անվտանգության անհրաժեշտությունը՝ որպես տարածաշրջանի դիմակայունության և բարգավաճման կարևոր բաղադրիչ։ Մինչ երկու պատերազմները շարունակում են մոլեգնել տարածաշրջանի հյուսիսում (Ուկրաինա) և հարավում (Իրան)՝ բավականին անկանխատեսելի հետևանքներով, առկա «ո՛չ խաղաղություն, ո՛չ պատերազմ» իրավիճակի պահպանումը Հարավային Կովկասն էլ ավելի խոցելի է դարձնում արտաքին ցնցումների և ազդեցությունների նկատմամբ։ Անորոշության այս բարձր մակարդակը նվազեցնում է Հարավային Կովկասի տարանցիկ և լոգիստիկ ներուժը՝ ազդելով Հայաստանի, Ադրբեջանի, Վրաստանի և նույնիսկ Թուրքիայի հաղորդակցության ուղիների նկատմամբ հավակնությունների վրա:
Հայաստանը վաղուց պատրաստ է Ադրբեջանի հետ խաղաղության համաձայնագրի ստորագրմանն ու վավերացմանը, ինչպես նաև Ադրբեջանի ու Թուրքիայի հետ սահմանների ամբողջական բացմանը։ Եվրոպական խորհրդարանում վերջերս ունեցած իր ելույթում վարչապետ Փաշինյանը դարձյալ ընդգծել է դա:
Ադրբեջանն ու Թուրքիան կարող են վերջապես հրաժարվել ձգձգումների իրենց քաղաքականությունից և համաձայնել հարաբերությունների կարգավորմանը։ Մարտի 12-ին Բաքվի գլոբալ 13-րդ ֆորումի շրջանակներում իր ելույթում նախագահ Ալիևը ընդգծեց, որ Ադրբեջանը հավատարիմ է խաղաղությանը՝ «ոչ թե պարզապես տևական, այլ մշտական»: Վերը հայտարարված մտադրությունների լավագույն ապացույցը կլինի Հայաստանի հետ խաղաղության համաձայնագրի ստորագրումն ու վավերացումը և բոլոր հաղորդակցությունների վերականգնումը։ Հակառակ դեպքում Ադրբեջանը կարող է շարունակել նախապայմաններ ներկայացնել՝ ինչպես, օրինակ, Հայաստանի Սահմանադրության փոփոխությունների մասով՝ հետաձգելու կարգավորման գործընթացը։
… երբ խոսքը հաղորդակցության ուղիների մասին է
TRIPP նախագիծը կարող է բախվել նոր մարտահրավերների: Եթե իրանական վարչակարգը պահպանվի իր ներկայիս տեսքով, նրա ղեկավարությունն, ամենայն հավանականությամբ, հանդես կգա ավելի կտրուկ հակաամերիկյան դիրքերից և կարող է ցանկանալ խափանել ԱՄՆ-ի գլխավորած նախագիծը: Սա կվտանգի TRIPP-ի՝ որպես Ասիայի և Եվրոպայի միջև բեռնափոխադրումների միջնորդ հանդես գալու ներուժը՝ սահմանափակելով մեծ քանակությամբ կարևոր նշանակության օգտակար հանածոներ դեպի արևմտյան շուկաներ տեղափոխելու նրա հնարավորությունը, ինչպես նախատեսված է «Տնտեսական համագործակցության մտադրությունների մասին համատեղ հայտարարության» մեջ։ Ներկայիս և ցանկացած հաջորդող հակամարտություն կարող է TRIPP-ը վերածել լոկ Ադրբեջանի, Նախիջևանի և Թուրքիայի միջև տեղական կապող ուղու՝ առանց իրականում իրագործելու այն միջազգային խաղաղությունն ու բարգավաճումը, որը խոստացված է նախագծի հենց անվանման մեջ։
Այսպիսով, TRIPP-ն այսօր կարելի է համարել ավելի կարևոր, քան նախկինում: Իրանը «մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախաձեռնության շրջանակում տարանցիկ կարևորագույն հանգույցներից մեկն է, որը հնարավորություն է ընձեռում Չինաստանից Եվրոպա ապրանքներ տեղափոխել: Իրանական մատակարարման ավելի փխրուն մեխանիզմը կարող է խթանել մատակարարման շղթայի հետագա դիվերսիֆիկացիան՝ ավելի գրավիչ դարձնելով Միջին միջանցքի (ներառյալ TRIPP-ը) շահագործումը: Բաքվի տեսանկյունից, Իրանի հետ Ադրբեջանի հարաբերություններում լարվածությունը կուժեղացնի TRIPP-ի արդիականությունը՝ առնվազն որպես Նախիջևանի և Թուրքիայի հետ կապող տարրի: Բաքուն, հնարավոր է, ավելի քիչ հակված լինի օգտագործել Արազի միջանցքը, որը Իրանի տարածքով կապում է Ադրբեջանի հիմնական մասը Նախիջևանի հետ։
Հյուսիս-Հարավ միջազգային տրանսպորտային միջանցքի (INSTC) հեռանկարները մնում են անորոշ։ Դրա գործունեության շարունակականությունը կախված է նրանից, թե արդյոք իրանական պետությունը կմնա կայուն։ Եթե պետությունը չփլուզվի, և իրանական մատակարարման ենթակառուցվածքը մնա անձեռնմխելի, միջանցքը կարող է շարունակել սպասարկել «Հյուսիս-Հարավ» առևտրային հոսքերը, թեև ԱՄՆ-ն կարող է ճնշում գործադրել Ադրբեջանի, Ղազախստանի և Թուրքմենստանի վրա՝ կանխելու իրենց տարածքների օգտագործումը: Այնուամենայնիվ, եթե պատերազմի արդյունքում Իրանի պետական ապարատն անգործունակ դառնա, ապա INSTC-ի իրականացումը, ներառյալ գազատարը և էլեկտրացանցի նախագծերն Ադրբեջանի տարածքով, կդառնա ավելի բարդ խնդիր:
Պարսից ծոց-Սև ծով միջանցքը, որը նպատակ ունի ամրապնդել Իրանի կապը Եվրոպայի հետ Հայաստանի, Վրաստանի և Սև ծովի միջոցով, կբախվի լուրջ մարտահրավերների: ԱՄՆ-ն, ամենայն հավանականությամբ, կփորձի խաթարել այս միջանցքի գործարկումը՝ որպես իր հակաիրանական զսպման քաղաքականության մաս։
Դեպի ո՞ւր ենք գնում
Իրանական պատերազմը ևս մեկ անգամ ընդգծեց տարածաշրջանային և համաշխարհային աշխարհաքաղաքականության մեջ կայունության և կանխատեսելիության պակասը: Նմանատիպ ցնցումներին ավելի լավ պատրաստ լինելու և Հարավային Կովկասի դիմակայունությունը բարձրացնելու համար տարածաշրջանի երկրները պետք է քայլեր ձեռնարկեն հարաբերությունների կարգավորման գործընթացն ու հաղորդակցությունների վերականգնումն առաջ մղելու ուղղությամբ: Մասնավորապես, Հայաստանը, Ադրբեջանը և Վրաստանը պետք է խորհրդակցություններ սկսեն հնարավոր համատեղ գործողությունների շուրջ՝ մատակարարման շղթաների խափանման բացասական ազդեցությունը նվազեցնելու և փախստականների ներհոսքի դեպքում բեռի կիսման մեխանիզմներ ներդնելու համար: Այս զարգացումները կարող են հիմք հանդիսանալ տարածաշրջանային ինքնության ձևավորման համար, ինչի պակասը Հարավային Կովկասն ունի Խորհրդային Միության փլուզումից ի վեր: