Արդյունավետ հանրային կառավարման համակարգը առանցքային է քաղաքականությունների մշակման որակի, տնտեսական զարգացման խթանման եւ քաղաքացիների կարիքների ու բարեկեցության ապահովման համար։ Լինելով պետության դիմակայունության կարեւոր բաղադրիչներից՝ այն հիմնարար նշանակություն ունի Հայաստանի Հանրապետության ապագայի համար։
Հաշվի առնելով սա՝ ԱՊՐԻ Արմենիան իրականացրեց հանրային կառավարման բարեփոխումների վերաբերյալ պիլոտային ծրագիր՝ նպատակ ունենալով հիմք ստեղծել հետագայում առավել համապարփակ նախաձեռնության համար։
Այս նախաձեռնության շրջանակներում զեկույցը նախ ուսումնասիրում է Հայաստանի հանրային կառավարման 2022-2030 թթ. բարեփոխումների (ՀԿԲ) իրականացումը։ Այն նաեւ հետազոտում է քաղաքականությունների մշակման եւ իրականացման գործընթացները եւ մշակույթը նախարարությունների մակարդակում՝ բացահայտելով հիմնական խնդիրները եւ արդյունավետությանը խոչընդոտող գործոնները: Հետազոտությունը ներառում է նաեւ առաջարկներ Հանրային կառավարման բարեփոխումների ռազմավարության առավել արդյունավետ իրականացման եւ քաղաքականությունների որակի բարելավման վերաբերյալ:
Հետազոտությունն իրականացվել է 2024 թվականի հոկտեմբերից մինչև 2025 թվականի փետրվարն ընկած ժամանակահատվածում, ներառում է գրականության և երկրորդական աղբյուրների ուսումնասիրություն և 35 խորքային հարցազրույցներ։
Զեկույցի հիմնական արդյունքները
Հանրային կառավարման բարեփոխումների ռազմավարության իրականացման խնդիրները
- Ոչ հստակ առաջնորդություն և ղեկավարում
ՀԿԲ ռազմավարության իրականացման և վերահսկողության համար չկա հատուկ մարմին կամ հստակ ինստիտուցիոնալ պատասխանատվություն։
- Դիմադրություն փոփոխություններին
Հաշվի առնելով Ռազմավարության հավակնությունները և շրջանակը՝ այն մարտահրավեր է նետում եղած նորմերին և գործելակերպին, որոնք հաճախ սերում են հիերարխիկ բյուրոկրատիայի և ինստիտուցիոնալ պահպանողականության խորհրդային ժառանգությունից:
- Սահմանափակ կարողություններ
Հետազոտության արդյունքները ցույց են տվել, որ քաղաքացիական ծառայողները հաճախ չունեն բավարար հմտություններ և գիտելիքներ՝ իրականացնելու Ռազմավարությամբ դրված նպատակները:
Որո՞նք են արդյունավետ քաղաքականությունների ձեվավորման խոչընդոտները
Կառուցվածքային խոչընդոտներ
- Ռազմավարական մակարդակում փաստաթղթերի ոչ լիարժեք ներդաշնակեցում
Ազգային և ոլորտային ռազմավարությունների և կառավարության ծրագրի միջև փոխհարաբերությունները հստակ չեն: Սա հանգեցնում է առաջնահերթությունների անորոշությանը և խաթարում է ռազմավարական պլանավորման շղթան։ - Նախարարություններում փաստահենք քաղաքականությունների մշակման թույլ կարողություններ և պրակտիկա
Ոչ բոլոր նախարարություններն ունեն ինստիտուցիոնալ կամ կադրային հնարավորություններ՝ հավաստի տվյալներ հավաքագրելու, վերլուծելու և փաստահենք քաղաքականությունների ձևավորման համար: - Ուսուցման և վերապատրաստման անբավարար որակ
Չնայած քաղաքացիական ծառայողները պարբերաբար վերապատրաստվում են, եղած կրթական մոդուլները հաճախ չեն համապատասխանում նրանց պահանջներին:
Մշակութային խոչընդոտներ
- Գործընթացի վրա կենտրոնացած քաղաքականությունների մշակում
Հայաստանում քաղաքացիական ծառայողներն ավելի շատ հակված են կենտրոնանալ վարչական գործընթացների և ծախսվող ռեսուրսների վրա, քան՝ արդյունքների։ - Քաղաքացիական ծառայողների ներգրավածության և նրանց նկատմամբ վստահության ցածր մակարդակ
Միջին և բարձրաստիճան պաշտոնյաները հակված չեն պատվիրակել աշխատանքն ավելի ստորին օղակի քաղաքացիական ծառայողներին: - Մասնակցության թույլ մշակույթ
Քաղաքացիական ծառայողները և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները դժգոհ են քաղաքացիական ներգրավածության որակից: Հանրային քննարկումները հաճախ ընկալվում են որպես ընթացակարգային գործընթացներ, այլ ոչ թե էական ներդրում ունենալու հնարավորություն:
Առաջարկներ
Աջակցել հանրային կառավարման բարեփոխումների ռազմավարության արդյունավետ իրականացմանը
- Ստեղծել հանրային կառավարման բարեփոխումների խորհուրդ (այսուհետ՝ Խորհուրդ)
Այս մարմինը պետք է լուծի կառավարման հատվածականության խնդիրը, սահմանի ռազմավարական ուղղությունները և ապահովի Ռազմավարության կայուն իրականացումը: - Ստեղծել հատուկ ստորաբաժանում վարչապետի աշխատակազմում
Այս ստորաբաժանումը պետք է ծառայի որպես Հանրային կառավարման բարեփոխումների խորհրդի քարտուղարություն՝ ապահովելու ինստիտուցիոնալ շարունակականությունը, հատկապես՝ պաշտոնյաների բարձր հոսունության պայմաններում: - Փոփոխությունների նկատմամբ դիմադրությունը հաղթահարելու նպատակով կիրառել վարքագծային միջամտություններ և իրականացնել փորձի փոխանակում։
- Ակտիվացնել քաղաքացիական հասարակության մասնակցությունը՝ տեղայնացնելով այնպիսի մոդելներ, ինչպիսին է WeBER ցանցը Արևմտյան Բալկաններում:
Քաղաքականությունների մշակումը բարելավելու ուղղությամբ
- Անհրաժեշտ է ընդունել «Կառավարության ռազմավարական կառավարման աշխատակարգ»-ի նախագիծը և հետևողականորեն կիրառել այն:
- Հզորացնել քաղաքացիական ծառայողների վերլուծական կարողությունները։ Միջին օղակի քաղաքացիական ծառայողներին պետք է տալ ավելի շատ հնարավորություններ փաստահենք քաղաքականություններ մշակելու, մասնավորապես գեներատիվ ԱԲ կիրառմամբ։
- Անհրաժեշտ է ավելի մեծ ուշադրություն դարձնել կարգավորման ազդեցության գնահատման (ԿԱԳ) հարցում նախարարությունների կարողությունների զարգացմանը:
- Բարձրացել վերապատրաստման և ուսուցման արդյունավետությունը։ Քաղաքացիական ծառայության առցանց հարթակը պետք է առաջարկի դասընթացներ հանրային կառավարման ոլորտի առաջատար փորձագետների մասնակցությամբ:
- Խթանել արդյունքամետ մշակույթի ձևավորումը։ Նախարարությունների համար կազմել ուղեցույցներ և կարողությունների զարգացման ծրագրեր՝ արդյունքամետ քաղաքականությունների մշակման մշակույթը խթանելու նպատակով:
- Մեծացնել քաղաքացիական ծառայողների ներգրավվածությունը։ Միջին և բարձրաստիճան ղեկավարները՝ նախարարները, փոխնախարարները և վարչության պետերը, պետք է գնահատեն ստորին օղակի քաղաքացիական ծառայողների ներդրումը: Նախարարություններում գնահատման մշակույթի ձևավորումը կբարձրացնի աշխատակիցների մոտիվացիան:
- Զարգացնել մասնակցային մշակույթը։ Մշակել հատուկ վերապատրաստման մոդուլ միջին և բարձրաստիճան պաշտոնյաների համար հանրային ներգրավվածության ռազմավարությունների, համատեղ աշխատանքի կազմակերպման և ՔՀԿ-ների ներուժը արդյունավետ օգտագործելու վերաբերյալ:
- Կառավարությունը պետք է պարտադիր դարձնի խորհրդակցությունները ՔՀԿ-ի հետ իրավական ակտերի նախագծերի ձևավորման փուլում: Այս փուլում նախարարությունները և ՔՀԿ-ները կարող են համատեղ մշակել միջամտությունները՝ նախքան նախագծերի պաշտոնական հրապարակումը:
Արդյունավետ քաղաքականությունների ձեւավորման խոչընդոտները եւ առաջարկվող լուծումները.

Զեկույցին կարող եք հղում կատարել այսպես՝ Բաբայան, Հովսեփ. «Հայաստանի հանրային կառավարման բարեփոխումները. ինչպես քաղաքականությունները դարձնել ավելի արդյունավետ», մայիս, 2025, Հայաստանի կիրառական քաղաքականության հետազոտական ինստիտուտ (ԱՊՐԻ Արմենիա) DOI: 10.71308/AQMX0642