Հայկական բանակի կերպափոխման հայեցակարգ.
քննական հայացք

Հոդվածը հրապարակվել է Hetq.am-ում։
Լեոնիդ Ներսիսյան, ԱՊՐԻ Արմենիայի ավագ գիտաշխատող

2020 թվականի  Ղարաբաղյան երկրորդ պատերազմի պարտությունը դրդեց քննարկումների և քայլերի՝ Հայաստանի զինված ուժերի վերափոխման ուղղությամբ: Բացի այդ, 2022 թվականի սեպտեմբերին Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ Ադրբեջանի երկօրյա ագրեսիան ընդգծեց խորը փոփոխությունների հրատապ անհրաժեշտությունը։ 2022 թվականի վերջին Հայաստանը ձեռնարկեց սպառազինության և ռազմական տեխնիկայի ակտիվ գնումներ նոր գործընկերներից՝ հիմնականում Հնդկաստանից և Ֆրանսիայից, և սկսեց ամրաշինական աշխատանքներ իր սահմաններում, ինչպես նաև ակտիվացրեց ոլորտի բարեփոխումները։ 2024թ. նոյեմբերի 12-ին ՀՀ պաշտպանության նախարարությունը հրապարակել Է զինված ուժերի բարեփոխումների գործընթացը նկարագրող առաջին պաշտոնական փաստաթուղթը: Բանակի կերպափոխման հայեցակարգի իրականացման հայտարարված ժամկետն է 2024 – 2035 թվականները: Հայեցակարգը շոշափում է առկա բազմաթիվ խնդիրներ, և սույն հոդվածի նպատակն է վերլուծել դրա ամենակարևոր կետերը: 

Անցում արհեստավարժ բանակի և արհեստավարժ սերժանտական համակարգի ստեղծում 

Զինված ուժերի վերափոխման հայեցակարգը պարունակում է արհեստավարժ բանակի աստիճանական անցման ծրագիր: Այն մատնանշում է երկու հիմնական խնդիր՝ պայմանագրային ծառայության անբավարար որակը և զորակոչիկների սահմանափակ քանակը։ Հայեցակարգի VIII բաժնում առաջարկվում են ավելի բարձր չափանիշներ, որոնք սպաներից և սերժանտներից պահանջում են համապատասխանաբար բարձրագույն կրթության և մասնագիտական պատրաստվածության առկայություն: Առաջարկվում է նաև զորակոչիկների վեցամսյա վերապատրաստման ծրագրի իրականացում, որը բաղկացած կլինի 4,5 ամիս տեսական ուսուցումից և 1,5 ամիս գործնական պատրաստությունից:

Հատկանշական է, որ ծրագիրը նախատեսում է 2027 թվականից կրճատել պարտադիր զինվորական ծառայության տևողությունը, որը ներկայում կազմում է երկու տարի, և դա ուղեկցել պայմանագրային զինծառայողների քանակի ավելացմամբ։ Այնուամենայնիվ, առաջարկվող ժամկետում այս նպատակին հասնելը զգալի դժվարություններ է առաջացնում՝ ժողովրդագրական սահմանափակումների պատճառով: Ներկայիս զորակոչիկների մեծ մասը ծնվել է 2005 և 2006 թվականներին, երբ, ըստ Հայաստանի Վիճակագրական կոմիտեի տվյալների, ծնվել է շուրջ 36.000 տղա: Լավագույն դեպքում, այս խմբից հնարավոր է զինվորական ծառայության զորակոչել մոտ 70%-ը (25.000 մարդ), քանի որ մնացածներն ունեն առողջական խնդիրներ կամ արտագաղթել են: Ծառայության ժամկետը մինչև 18 ամիս կրճատելը կպահանջի լրացուցիչ 6250 պայմանագրային զինծառայող: Համապատասխանաբար, մեկամյա պարտադիր զինվորական ծառայության ժամկետի դեպքում կպահանջվի լրացուցիչ 12.500 պայմանագրային զինծառայող, վեցամսյա ժամկետի դեպքում՝ 18.750 պայմանագրային: Զինծառայողների ներկայիս թվաքանակի պահպանումը կպահանջի լուրջ և նպատակասլաց ջանքեր՝ զինվորական ծառայության հեղինակությունը բարձրացնելու համար, ներառյալ վարձատրության բարձրացումը և սոցիալական ապահովության փաթեթի ընդլայնումը:

 

Արհեստավարժ սերժանտական համակարգ 

Բանակի կերպափոխման հայեցակարգում նախատեսված մեկ այլ ուշագրավ փոփոխությունն արհեստավարժ սերժանտական համակարգի հիմնադրումն է: Հայեցակարգային փաստաթղթի VIII բաժնի համաձայն՝ զինված ուժերն առաջնորդվելու են “սերժանտական կորպուսը բանակի ողնաշարն է” կարգախոսով: Այս նախաձեռնությունը ներառում է սերժանտների հավաքագրում, վերապատրաստում, ուսուցում և կառավարում, ինչը կենսական է արդյունավետ ռազմական գործողություններ իրականացնելու համար: Արհեստավարժ սերժանտական համակարգը շեշտում է ստորադաս ստորաբաժանումների ինքնավարությունը, հատկապես կապի կամ հրամանատարության համակարգերի խաթարման իրավիճակներում: Ծրագրի նպատակն է ստեղծել հրամանատարական և կառավարման համակարգ, որը կբարձրացնի փոքր ստորաբաժանումների արդյունավետությունը: Այս ոլորտում բարեփոխումներն արդեն իրականացվում են Միացյալ Նահանգների աջակցությամբ։ Դրա հաջողությունը կախված կլինի արհեստավարժ սերժանտական դպրոցի ստեղծումից և զինված ուժերի ընդհանուր հեղինակության բարձրացումից, ինչը թույլ կտա ծրագրին բավարար թվով մասնակից թեկնածուներ ներգրավել:

Տարածքային պաշտպանության համակարգ և ակտիվ պահեստազոր

Բանակի կերպափոխման հայեցակարգը նախատեսում է նաև տարածքային պաշտպանության համակարգի ստեղծում, որը նախատեսված է Հայաստանի մարզերի համակարգված և համաչափ պաշտպանության համար: Հայեցակարգի XI բաժնի համաձայն՝ այս համակարգում կկիրառվեն պահուստային ուժեր՝ ելնելով բնակչության բաշխումից և առկա ռեսուրսներից։ Այն առաջարկում է տեղական պաշտպանական ստորաբաժանումների ձևավորում, որոնք, խաղաղ պայմաններում վերապատրաստման և կազմակերպչական միջոցառումների շնորհիվ, կառուցվածքային առումով պատրաստ կլինեն պատերազմի ժամանակ մոբիլիզացիայի: Այս ստորաբաժանումները հիմնականում կազմված կլինեն համայնքի անդամներից՝ պահեստազորայինների երկրորդ խմբից (նրանք, ովքեր ակտիվ պահեստազորայինների զորակոչի առաջնահերթությունների ցանկում չեն առողջական վիճակի, տարիքի և այլ պատճառներով) կամ պաշտոնաթող զինծառայողներից:

Այս ստորաբաժանումների վարժեցումը շարունակաբար կթարմացվի տարածքային պաշտպանության արդյունավետությունը բարձրացնելու նպատակով՝ ելնելով վերջին հակամարտությունների միջազգային դասերից և փորձից: Այս նոր ուժերի ստեղծման ավելի մանրամասն նախագիծը ներկայացված է Տարածքային պաշտպանության համակարգի հայեցակարգում (փաստաթուղթը ներկայում հասանելի չէ հանրությանը): Բացի այդ, Ազգային ժողովը վերջերս ընդունեց օրենք, որը պաշտոնական է դարձնում տարածքային պաշտպանության ասպեկտները:

Տարածքային պաշտպանության համակարգի ստեղծումը կարող է Հայաստանի Զինված ուժերին ապահովել լրացուցիչ մարտունակ ստորաբաժանումներով։ Համակարգի արդյունավետությունն ապահովելու համար պատրաստվածության, վարժեցման և սպառազինության չափանիշները պետք է համապատասխանեն կանոնավոր բանակի չափանիշներին: Դա անհրաժեշտ է, որպեսզի այդ զորքերն արդյունավետ լինեն մարտական իրավիճակներում։ Շարունակական վարժեցման գործընթացները և ստորաբաժանումների անձնակազմի հաստիքացուցակի շարունակական, բազմամյա համալրվածությունը նույնպես կենսապես կարևոր են ստորաբաժանումների ներսում բարձր գործնական համատեղելիության հասնելու համար:

Դրա հետ կապված խնդիրը վերաբերում է ակտիվ պահեստազորի կառավարմանը, ինչի լուրջ պակասն ի հայտ է եկել 2020 թվականին Ղարաբաղյան երկրորդ պատերազմի ժամանակ։ Բանակի կերպափոխման հայեցակարգը նախատեսում է զորահավաքային ռեսուրսների կառավարման միասնական թվային համակարգի ստեղծման ծրագրեր: Այս մոտեցումը խելամիտ և իրագործելի է՝ հաշվի առնելով տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում Հայաստանի նշանակալի փորձը, ինչը կարող է նպաստել ՀՀ-ում ներքին զարգացմանը՝ միաժամանակ ամրապնդելով կիբեռանվտանգության ոլորտը: Նման համակարգը կփոխարինի զինկոմիսարիատների հնացած ու խնդրահարույց համակարգին, որն այդքան էլ չհաջողեց կազմակերպել պահեստազորայինների հստակ կազմակերպված զորակոչ:

Քաղաքացիական կազմակերպությունների հետ համագործակցություն և ռազմաքաղաքացիական հարաբերություններ

Բանակի կերպափոխման հայեցակարգի XII բաժնում մանրամասն ներկայացվում են ռազմամարզական կազմակերպությունների հետ համագործակցության ծրագրերը՝ առկա ռեսուրսներն արդյունավետ օգտագործելու համար: Նման համագործակցության կանոնների նախագիծը նախքան ընդունվելը թափանցիկ եղանակով կքննարկվի համապատասխան կազմակերպությունների հետ, ներառյալ քաղաքացիական հասարակությունը: Այս նախաձեռնությունը նաև նպատակ ունի զինված ուժերում  ինտեգրել անկախ կամավորական ստորաբաժանումներ, ինչպիսիք են «ՈՄԱ»-ն կամ «Մեծն Տիգրան»-ը, ինչպես նաև ստանդարտացնել այդ ստորաբաժանումների կողմից առաջարկվող ուսումնական ծրագրերը: Ըստ լավագույն պրակտիկայի՝ լիցենզավորված ռազմամարզական կազմակերպությունում ձեռք բերված դասընթացները, ինչպիսիք են հետևակի ընդհանուր ուսուցումը կամ ԱԹՍ օպերատորների վերապատրաստումը, պետք է հաշվի առնվեն պահեստազորայիններին զորակոչելիս կամ պարտադիր ծառայության ընթացքում դերերի վերաբերյալ որոշում կայացնելիս:

Հայեցակարգը վերաբերում է նաև քաղաքացիական և ռազմական ոլորտների միջև ավելի լայն հարաբերություններին՝ սահմանելով երեք հիմնական նպատակ՝ բանակի ռազմական արդյունավետության բարձրացում, մասնավոր պաշտպանական հատվածի ներդրման ավելացում և զինված ուժերի նկատմամբ քաղաքացիական վերահսկողության ապահովում: Այս նպատակները կախված են զինվորականների, պաշտպանական հատվածի քաղաքացիական անձնակազմի, գործադիր և օրենսդիր իշխանության ճյուղերի և ընդհանրապես քաղաքացիական հասարակության միջև առողջ, հավասարակշռված փոխհարաբերությունների ամրապնդումից: Արդար վարձատրության, կրթական հնարավորությունների և ծառայողական առաջխաղացման միջոցով բանիմաց և հմուտ քաղաքացիական ծառայողների ներգրավումը կենսական է այդ նպատակներին հասնելու համար:

Այս մոտեցման կիրառումը կարող է բանակին ապահովել զգալի մտավոր ներուժ, քանի որ քաղաքացիական անձնակազմը կարևոր դեր է խաղում լավ զարգացած զինված ուժերում: Ավելին, զարգացած պետությունների օրինակով, հասարակական կազմակերպությունները (ՀԿ-ները), ներառյալ վերլուծական կենտրոնները, կարող են կառուցողական առաջարկություններ ներկայացնել, աջակցել զինված ուժերի օպտիմալ զարգացմանը և ծառայել որպես պաշտպանության նախարարության գրագետ կադրերի ռեզերվ:

Հայաստանի ռեսուրսներն օպտիմալացնելու համար հարկ է դիտարկել նաև հայկական սփյուռքի ներգրավման հնարավորությունը։ մի բաղադրիչ, որն ակնհայտորեն բացակայում է հայեցակարգային փաստաթղթում: Օրինակ, Հայաստանի կամ արտերկրի շահագրգիռ հայերի և կազմակերպությունների նյութական և ֆինանսական օգնությունը կարող է ուղղվել նշանակված գործընկեր ստորաբաժանումներին՝ դրանց կոնկրետ կարիքների հստակ ըմբռնմամբ: Առանց նման համակարգման, առկա է անարդյունավետության վտանգ, որն ակնհայտ դարձավ 2020 թվականին:

Պետական սահմանի պահպանության համակարգի կատարելագործում 

Բանակի կերպափոխման հայեցակարգի XII բաժինը սահմանում է Հայաստանի սահմանային անվտանգության համակարգի զարգացման մի քանի առանցքային ուղղություն. 

  • սահմանի պահպանության գործառույթների փուլային հանձնում Հայաստանի ազգային անվտանգության ծառայության (ԱԱԾ) սահմանապահ զորքերին,
  • մարտական հերթապահության օպտիմալացում՝ տեխնիկական միջոցների (ռոբոտների) ներդրմամբ՝ առաջնագծից ստորաբաժանումների աստիճանաբար դուրսբերմամբ,
  • ԶՈՒ պաշտպանության գոտու, նոր զբաղեցրած բնագծերի ինժեներական սարքավորում և ամրացված շրջանների կառուցում, 
  • պայթյունային և ոչ պայթյունային արգելափակոցների համակարգի զարգացում: 
  • ԶՈՒ կարևորագույն օբյեկտների պատսպարում՝ օդուժի ռադիոլոկացիոն հետախուզությունից և նշանառու հարվածներից պաշտպանվելու համար։

Այս նախաձեռնություններից մի քանիսն արդեն իրականացվում են, օրինակ՝ սահմանապահ զորքերի դերի ընդլայնումը, թեև դա պահանջում է նրանց ներուժի և թվաքանակի զգալի աճ: Նմանապես, պաշտպանության երկրորդ գծի երկայնքով կառուցվում են նոր հզոր ամրություններ։ 

Անձնակազմի փոխարինումը անօդաչու համակարգերով, մասնավորապես՝ ռոբոտացված ցամաքային տրանսպորտային միջոցներով, երկարաժամկետ հեռանկարում հնարավոր է թվում՝ հաշվի առնելով նույնիսկ ամենազարգացած երկրներում առկա տեխնոլոգիական սահմանափակումները: Այնուամենայնիվ, առկա է սահմանների հետախուզման և դրանց խախտման կասեցման համար անօդաչու թռչող սարքերի (ԱԹՍ) օգտագործման ընդլայնման զգալի ներուժ: Նմանապես, գնդացիրներով, հակատանկային հրթիռներով և զինված հեռակառավարվող պտուտաաշտարակների ավելի լայն կիրառումը կարող է մեծացնել սահմանների պաշտպանության հնարավորությունները:

ԶՈՒ տարբեր զորատեսակների և ստորաբաժանումների ինտեգրումը թույլ կտա հետագայում կիրառել հեռահար ականապատման կատարելագործված մարտավարություն։ Այն ենթադրում է հրետանու միջոցով հակատանկային կամ հակահետևակային ականների ճշգրիտ տեղադրում հակառակորդի հարձակվող զորքերի ճանապարհին, ինչը լայնորեն կիրառվել է ռուս-ուկրաինական պատերազմի ընթացքում։

Մարտավարական և ռազմավարական կերպափոխում 

Բանակի կերպափոխման հայեցակարգը պարունակում է գաղտնի բաղադրիչները՝ կերպափոխման հիմնական ռազմական և ռազմավարական ասպեկտների խորը պատկերմամբ: Դրանք ներառում են՝

  • հրամանատարության և վերահսկողության (C2) արդյունավետության բարձրացում. առանձին հրամանատարությունների ստեղծում, հրամանատարության և շտաբերի գործառույթների հավասարակշռում, «առաքելության հրամանատարության» ապակենտրոնացված կառավարման սկզբունքների ներդրում, հրամանատարական կետերի կայունության և շարժունակության բարձրացում և կառավարման ավտոմատացված համակարգերի ինտեգրում: 
  • մարտական գործողությունների վարման ձևերի և մեթոդների վերանայում. օպերացիաների մշակում՝ հաշվի առնելով Հայաստանի տեղանքի առանձնահատկությունները, շեշտելով գործողությունների ապակենտրոնացման, շարժունակության ռազմավարական պլանավորման կատարելագործումը,
  • մարտական պատրաստության կատարելագործում. որակավորման բարձրացում մասնագիտացված ուսումնական կենտրոնների, մոդելավորման հնարավորությունների և հրահանգիչների ուսուցման ժամանակակից համակարգերի միջոցով,
  • սպառազինության և ռազմական տեխնիկայի արդիականացում՝ թիրախների ժամանակին հայտնաբերում և չեզոքացում, օդային և ցամաքային պաշտպանության ուժեղացում և ճշգրտության և շարժունակության բարելավում: Վերը նշված նպատակներին հասնելուն կօգնի միջազգային ռազմատեխնիկական համագործակցության դիվերսիֆիկացումը և տեղական պաշտպանական արտադրության շեշտադրումը:

Հայեցակարգում շարադրված այս բաղադրիչներն ու կառուցվածքային փոփոխությունները ներկայացնում են Հայաստանի ռազմական կերպափոխման ամենաբարդ և կրիտիկական տարրերը: 

Զարգացած ՏՏ ոլորտի և աճող պաշտպանական արդյունաբերության շնորհիվ Հայաստանը զգալի ներուժ ունի հրամանատարության և վերահսկողության (C2) թվային համակարգերի ներդրման համար: Ժամանակակից C2 համակարգերը առանցքային դեր կխաղան առաջարկվող կառուցվածքային և դոկտրինալ փոփոխությունների իրականացման գործում, քանի որ դրանք անհամատեղելի են հին ռազմական կանոնադրությունների, և, ըստ էության, ստեղծում են նոր գործառնական իրողություն: Այս իրողությունները համապատասխանաբար կնպաստեն պատերազմի վարման նորացված մեթոդների և օպերատիվ ռազմավարությունների ներդրմանը։

Չի կարելի գերագնահատել տեղական մշակման և արտադրության C2 համակարգերի կարևորությունը զինված ուժերի համար: Կիբերանվտանգությունը դարձել է կարևորագույն խնդիր, և նման զգայուն ոլորտում օտարերկրյա ծրագրակազմի օգտագործումը զգալի ռիսկեր է պարունակում: Բացի այդ, C2 թվային համակարգերն անհրաժեշտ են Հայաստանի առկա և նախատեսվող զինանոցի ինտեգրման համար: Նման ինտեգրման բացակայությունը վտանգում է ինքնավար զենքի համակարգերի անարդյունավետությունը, հատկապես խորհրդային ժամանակների հնացած սարքավորումները՝ Ֆրանսիայի, Հնդկաստանի և այլ պոտենցիալ գործընկերների կողմից արտադրված ժամանակակից համակարգերի հետ համատեղելու դժվար պայմաններում:

Բանակի և կրթության հեղինակությունը

Բանակի կերպափոխման հայեցակարգի եզրափակիչ բաժինը նվիրված է բանակի հեղինակության և կրթության կարևորագույն դերին: Առանց այս ոլորտներում արդյունավետ և ժամանակին բարեփոխումների, հնարավոր չի լինի հասնել բարեփոխումների ավելի լայն նպատակների, քանի որ դրանք են հանդիսանում բազմաթիվ բարեփոխումների հիմքը: 

Հայեցակարգն առաջարկում է տեղեկատվական նոր քաղաքականություն՝ ուղղված բանակի հեղինակության բարձրացմանը և հանրային ընկալման բարելավմանը: Անձնական նվաճումներն ընդգծելու փոխարեն, այս քաղաքականությունն ընդգծում է զինվորական ծառայության ազնիվ կողմերը՝ անկեղծ ներկայացնելով դրա մարտահրավերները, տնտեսական բեռը և դրան բնորոշ ռիսկերը: Նպատակն է հասարակությունում սերմանել այն ըմբռնումը, որ մարտունակ բանակի պահպանումը կենսական է ազգային անվտանգության համար: Զինծառայողները պետք է ճանաչվեն որպես հասարակության հիմնադիր դաս, ինչն արտացոլում է նրանց անփոխարինելի դերը պետության կայունության ապահովման գործում: Ակնկալվում է, որ սպաները, որպես բանակի առանցքային ներկայացուցիչներ, հավատարիմ կմնան բարեխղճության ամենաբարձր չափանիշներին՝ դրա հեղինակությունը բարձրացնելու համար:

Վարքագծի կանոնագրքերը, ինչպիսիք են Հայ զինվորի էթիկական վարքագծի կանոնագիրքը և Արտաքին տեսքի, կեցվածքի և վարքագծի կանոնագիրքը, թույլ կտան ստեղծել զինվորների և սպաների կատարյալ կերպար՝ էլ ավելի բարելավելով զինվորական ծառայության հանրային ընկալումը: Քաղաքականությունը նախատեսում է նաև սոցիալական աջակցության համակարգերի կատարելագործում, ներառյալ զինվորական կենսաթոշակները, բնակարանները և նպաստները զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների համար: Վետերանների, գործող զինծառայողների և զոհված զինծառայողների ընտանիքների համար կմշակվեն մասնագիտական կողմնորոշման, վերապատրաստման և աշխատանքի տեղավորման աջակցության ծրագրեր: Անձնական և հոգեբանական զարգացման ծրագրերը կնպաստեն նաև կենսունակության, հոգեկան առողջության և բարձր մարտունակության բարձրացմանը՝ ռազմական կրթության և ծառայողական աճի թափանցիկ համակարգերի աջակցությամբ:

Այս միջոցառումները կենսական նշանակություն ունեն պայմանագրային զինծառայողների թիվն ավելացնելու և բարձր որակավորում ունեցող դիմորդներին ռազմական ուսումնական հաստատություններ ներգրավելու համար՝ ներառյալ սերժանտական դպրոցներ և սպայական ՌՈՒՀ-եր: Հասարակության հետ կապերից բացի, հավասարապես կարևոր է զինվորական ծառայությունը դարձնել ավելի գրավիչ ծառայություն՝ առաջարկելով հմտություններ, որոնք կարող են օգտագործվել քաղաքացիական կյանքում: Անհրաժեշտ է ավելի մեծ ուշադրություն դարձնել զինված ուժերում մասնագիտացված արհեստավարժների ինտեգրմանը։ Օրինակ, պաշտպանության նախարարությունը կարող է հովանավորել բարձրագույն կրթության ծրագրերը քաղաքացիական ԲՈՒՀ-երում՝ վճարելով ուսման վարձը և տրամադրելով զգալի կրթաթոշակներ, պայմանով, որ շրջանավարտները կնքեն բանակում ծառայելու հնգամյա պայմանագիր:

Մեկ այլ առանցքային խնդիր է վարձատրությունը: Արհեստավարժ անձնակազմ ներգրավելու և պահպանելու համար շարքային զինծառայողների վարձատրությունը պետք է առնվազն երկու անգամ գերազանցի ՀՀ միջին եկամուտը, իսկ սպաների վարձատրությունը պետք է համապատասխանի երկրի տնտեսության ամենաբարձր վարձատրվող ոլորտներին: Մրցակցային վարձատրությունը կստեղծի իրական մոտիվացիա՝ զինուժում շարունակական մասնագիտական զարգացման և ողջ կյանքի ընթացքում վերապատրաստման համար:

Ռազմական կրթության կերպափոխում 

Ռազմական կրթության կերպափոխման նպատակն է Հայաստանի ռազմական կրթության համակարգը դարձնել ինքնաբավ և միջազգայնորեն մրցունակ: Դա ներառում է ժամանակակից ուսումնական ծրագրերի մշակում, ենթակառուցվածքների բարելավում և ռազմական կրթության ինտեգրում քաղաքացիական կառույցների հետ՝ արտերկրի աջակցությունից կախվածությունը նվազեցնելու համար: Ավագ դպրոցի աշակերտների համար վերապատրաստման և Նախնական զինվորական պատրաստության ընդլայնված դասընթացները կբարձրացնեն ռազմական գիտելիքների և պատրաստվածության մակարդակը:

Նախատեսվում է, որ ուսումնական կենտրոնները կհամալրվեն ժամանակակից վարժասարքերով, մարտավարական մոդելավորման համակարգերով և վիրտուալ իրականության միջոցներով՝ ուսումնական ծրագրերի արդյունավետությունը բարձրացնելու համար: Վերափոխումների հաջողության համար անհրաժեշտ են բարձր կրթված և արհեստավարժ սպաներ և անձնակազմ: Օտար լեզուների իմացության մակարդակի բարձրացումը կարևոր նշանակություն ունի միջազգային գործընկերների հետ համագործակցության ամրապնդման և ռազմական գիտության առաջխաղացման համար:

Եզրակացություն 

Բանակի կերպափոխման հայեցակարգը պետք է արագացնի տեղերում շոշափելի փոփոխությունների իրականացումը, որոնցից շատերը պետք է լրամշակվեն փորձերի և մոդելների փորձարկման միջոցով: Ի սկզբանե բոլոր բարեփոխումները նեղ սահմանված, համապարփակ վարդապետական փաստաթղթերում ուրվագծելու փորձը և դրանց իրականացումը հղի են ձգձգումներով և, որոշ դեպքերում, օպտիմալից ցածր արդյունքներով: Կարևոր է ունենալ իրականացման միջանկյալ հստակ ժամկետներ, ինչպես նաև նշանակել կոնկրետ բարեփոխումների պատասխանատուներ, որոնք պետք է ապահովեն սահմանված բարեփոխումների իրականացումը: Ռազմական ծախսերի ավելացման միտումը պահպանելը նույնպես կարևոր նշանակություն ունի պլանավորված կարևոր կերպափոխումներն ավարտելու համար:

Բանակային կառույցների համատարած թվայնացումն ինքնին էապես կփոխի պատերազմի վարման մեթոդները՝ ստեղծելով նոր դոկտրինաների և կանոնների մշակման հնարավորություններ։ Այդ դոկտրինաները պետք է գործեն որպես կենդանի, պարբերաբար թարմացվող փաստաթղթեր՝ ի հայտ եկած խնդիրները ժամանակին լուծելու և փորձից քաղված դասերը հաշվի առնելու համար: 

Միաժամանակ, զինվորական ծառայությունը պետք է դառնա Հայաստանի ամենահեղինակավոր ծառայության ուղիներից մեկը։ Այս նպատակին հասնելու համար այն պետք է լինի մրցունակ, ապահովի հարմարավետ կենսամակարդակ և ծառայի որպես սոցիալական շարժունակության հուսալի միջոց՝ զինծառայողների և նրանց ընտանիքների համար:

Related Publications

detail