2025 թվականի մարտի 20-ի դրությամբ
2025 թվականի մարտի 13-ին Ադրբեջանի և Հայաստանի արտաքին գործերի նախարարությունները հանդես եկան հայտարարություններով այն մասին, որ երկու պետությունների միջև խաղաղության համաձայնագրի տեքստը վերջնական տեսքի է բերվել։ Այս զարգացումը տեղի ունեցավ ավելի քան երկու տարվա երկկողմ բանակցություններից հետո՝ աշխարհակարգի աճող անորոշության և անկայունության պայմաններում:
ԱՊՐԻ Արմենիայի այս վերլուծությունն անդրադառնում է այս զարգացման նշանակությանը և Հայաստանի անվտանգության և տարածաշրջանային կայունության համար դրա հետևանքներին:
Ի՞նչ տեղի ունեցավ
2025 թվականի մարտի 13-ին Ադրբեջանի և Հայաստանի արտաքին գործերի նախարարությունները հանդես եկան առանձին հայտարարություններով՝ հայտնելով խաղաղության համաձայնագրի տեքստի վերջնականացման մասին։ Հայաստանն իր պատրաստակամությունը հայտնեց սկսել խորհրդակցություններ՝ համաձայնագրի ստորագրման ժամկետների և վայրի վերաբերյալ։ Ադրբեջանը, սակայն, ընդգծեց, որ համաձայնագրի ստորագրման նախապայման է Հայաստանի Սահմանադրության փոփոխությունը, ինչպես նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի պաշտոնական լուծարումը։
Այս հայտարարություններին մարտի 16-ից սկսած հետևեցին Ադրբեջանի պաշտպանության նախարարության մի շարք հաղորդագրություններ (Հաղորդագրություն 1, Հաղորդագրություն 2, Հաղորդագրություն 3, Հաղորդագրություն 4 և Հաղորդագրություն 5): Դրանք պնդում էին, որ հայկական ուժերը կրակ են բացել ադրբեջանական դիրքերի վրա Հայաստանի Սյունիքի և Գեղարքունիքի մարզերի սահմանային հատվածներում։ Այս հայտարարություններով Ադրբեջանն ըստ երևույթին, փորձում է պատրվակ ստեղծել Հայաստանի դեմ ադրբեջանական նոր հարձակումն արդարացնելու համար։
Հայաստանում Եվրամիության առաքելությունը մարտի 17-ին հերքել է այս պնդումները։ Հայաստանի պաշտպանության նախարարությունը նույնպես հերքել է այդ մեղադրանքները։ Հնարավոր էսկալացիայի վերաբերյալ աճող մտահոգությունների ֆոնին Հայաստանի վարչապետի աշխատակազմը հանդես է եկել հատուկ հայտարարությամբ՝ պնդելով, որ հայկական զինված ուժերը հրադադարի ռեժիմը խախտելու ոչ պատճառ ունեն, ոչ էլ որևէ հրաման։
Հայաստանի՝ խաղաղության հասնելու ջանքերը․ սիզիփոսյան պայքար
Համաձայնվելով համաձայնագրի նախագծի շուրջ աշխատանքների վերջնականացմանը՝ Հայաստանն իր հերթական կարևոր զիջում արեց՝ խաղաղության գործընթացը խթանելու նպատակով։ Ամիսներ շարունակ համաձայնագրի նախագծի շուրջ բանակցությունները մտել էին փակուղի Ադրբեջանի հետևյալ պահանջների պատճառով՝ հրաժարվել միջագային դատական ատյաններում միմյանց նկատմամբ առաջադրված պահանջներից և չտեղակայել օտարերկրյա ուժեր Հայաստան-Ադրբեջան սահմանային գոտում։
Ինչ վերաբերում է առաջին պահանջին՝ երկու երկրներն էլ դիմել են Արդարադատության միջազգային դատարան և Մարդու իրավունքների եվրոպական դատարան՝ միմյանց դեմ հայցեր ներկայացնելով։ Սակայն Հայաստանի կողմից Հռոմի ստատուտի վավերացումն առանձնահատուկ վտանգ է ներկայացնում Ադրբեջանի առաջնորդների համար, քանի որ դա կարող է հիմք ստեղծել նրանց նկատմամբ դատական գործընթաց սկսելու՝ 2022 և 2023 թվականներին մարդկության դեմ գործած հանցագործությունների համար։
Երկրորդ դրույթը ենթատեքստով ուղղված էր Հայաստանում Եվրոպական միության առաքելությանը, որին Բաքուն բազմիցս վարկաբեկել է և անգամ սպառնալիքներ հնչեցրել՝ այդ թվում Ադրբեջանի նախագահ Ալիևի կողմից 2025 թվականի հունվարի 7-ի հեռուստատեսային հարցազրույցում։ Չնայած այս առարկություններին՝ ԵՄ առաքելությունը զգալիորեն ամրապնդել է մարդկանց անվտանգությունը սահմանային գոտում։
Նախկինում Հայաստանն առաջարկել էր եվրոպական դիտորդներին դուրս բերել սահմանի սահմանազատված հատվածներից՝ պահպանելով նրանց ներկայությունը չսահմանազատված գոտիներում՝ նրանց դիտարկելով որպես զսպող միջոց Ադրբեջանի հնարավոր էսկալացիաների դեմ։ Հայաստանի կառավարությունը նաև հայտնել էր, որ պատրաստ է հետ վերցնել միջազգային դատարաններում ներկայացրած հայցերը, եթե համոզվի, որ հաստատվել է կայուն և տևական խաղաղություն՝ հակառակ դեպքում դրանք դիտարկելով որպես Ադրբեջանի վրա ազդելու լծակ։
Ադրբեջանի տեսանկյունից, Հայաստանի կողմից դատական գործերի դադարեցումը պաշտոնապես կփակի 2020-2023 թվականների իրադարձությունների էջը՝ Ադրբեջանի վրայից հանելով 2020 թվականին Լեռնային Ղարաբաղում պատերազմի ժամանակ միջազգային իրավունքի խախտման, 2021 և 2022 թվականներին Հայաստան ներխուժելու և 2023 թվականին Լեռնային Ղարաբաղը ռազմական եղանակով զավթելու և հայերի բռնի տեղահանման մեղադրանքները։
Հայաստան-Ադրբեջան սահմանից ԵՄ դիտորդական առաքելության հեռացումը համահունչ է երկու երկրների բանակցություններից միջնորդներին և դիտորդներին դուրս մղելու Ադրբեջանի ավելի լայն ռազմավարությանը: Սա օգնում է Ադրբեջանին ամբողջությամբ օգտագործել կողմերի միջև առկա ուժերի անհավասարակշռությունը՝ առանց որևէ արտաքին միջամտության:
Հատկանշական է, որ համաձայնագրի նախագծում որևէ հիշատակում չկա ադրբեջանական բանտերում պահվող հայ ռազմագերիների մասին: Այն նաև չի անդրադառնում տրանսպորտային և հաղորդակցության ուղիների վերաբերյալ վիճահարույց հարցին, որը երկու կողմերը 2024 թվականին համաձայնել են հանել համաձայնագրից և առանձին քննարկել, ճիշտ այնպես, ինչպես դա տեղի ունեցավ սահմանագծման և սահմանազատման հարցում, երբ ստորագրվեց սահմանազատման հանձնաժողովների գործունեությունը կարգավորող առանձին փաստաթուղթ:
Համաձայնագրի տեքստը վերջնական տեսքի է բերվել ադրբեջանական մամուլում աճող տեղեկատվական արշավի ֆոնին, որը Հայաստանին մեղադրում է 2025 թվականի ապրիլին հարձակում նախապատրաստելու մեջ։ Քանի որ Բաքուն փորձում է արդարացնել նոր «կանխարգելիչ» ռազմական գործողությունը՝ իրականացնելով նաև ինտենսիվ զորավարժություններ, Հայաստանի կողմից երկու չհամաձայնեցված հոդվածների վերաբերյալ Ադրբեջանի առաջարկների ընդունումը կարծես թե նպատակ է հետապնդում զրկել Բաքվին ներխուժման նոր պատրվակից և հերքել այն խոսույթը, թե Հայաստանը ապակառուցողական բանակցող կողմ է: Այս քայլը նաև ուղիղ ազդակ է հայությանն ու միջազգային հանրությանն առ այն, որ Հայաստանը շարունակում է հավատարիմ մնալ խաղաղությանը՝ անգամ լրացուցիչ ցավալի զիջումների գնով:
Մինչդեռ, Բաքուն շարունակում է պնդել երկու նախապայմանների իրականացման վրա՝ նախքան խաղաղության համաձայնագրի նախագծի ստորագրումը։ Սա ևս մեկ անգամ ընդգծվել է Ադրբեջանի վերջին պաշտոնական հայտարարության մեջ։ Հարցը մնում է չլուծված. արդյո՞ք, տարածաշրջանն իրական առաջընթաց է գրանցել խաղաղության ուղղությամբ, երբ Ադրբեջանը շարունակում է պահպանել համաձայնագրի ստորագրման համար ոչ բանակցելի պայմաններ։
Ո՞ւր է այս ամենը տանում
Ինչպես ավելի վաղ նշել էինք, Ադրբեջանն, ըստ երևույթին, չունի Հայաստանի հետ խաղաղություն հաստատելու կամ, ավելի լայն, տարածաշրջանում խաղաղություն պահպանելու իրական մտադրություն: Ի հակառակ 2023 թվականի դեկտեմբերի հայտարարությանը և երկու կողմերի ենթադրյալ ծրագրերին՝ վերջին հայտարարությունը համատեղ հայտարարություն չէր:
Բաքուն երկու նախապայման է առաջադրել խաղաղության համաձայնագրի ստորագրման համար. Հայաստանը պետք է փոփոխություններ կատարի իր Սահմանադրության մեջ և այլ օրենքներում, որպեսզի վերացնի Ադրբեջանի նկատմամբ ենթադրյալ տարածքային պահանջները, և ԵԱՀԿ Մինսկի խումբը պետք է լուծարվի: Թեև Հայաստանը բաց է վերջին հարցի քննարկման համար, Հայաստանի կառավարությունը և երկրի Սահմանադրական դատարանը պնդում են, որ Սահմանադրությունը տարածքային պահանջներ չի պարունակում Ադրբեջանի կամ որևէ այլ պետության նկատմամբ:
Այս երկու նախապայմաններից բացի, Ադրբեջանը նաև լրացուցիչ պայմաններ է առաջ քաշել, որոնք խաղաղության համաձայնագրից առանձին է համարում՝
- Հայաստանի կողմից սպառազինությունների գնման պայմանագրերի չեղարկում և արդեն առաքված զենքի վերադարձ:
- Հայաստանում, այսպես կոչված՝ «արևմտյան ադրբեջանցիների» «վերադարձը» և նրանց հատուկ իրավունքների տրամադրումը ՝ հիմնված Ադրբեջանի այն պնդումների վրա, որ Հայաստանի մի մասը կամ ամբողջը հանդիսանում է պատմական «Արևմտյան Ադրբեջան»:
- «Զանգեզուրի միջանցքի» ստեղծում, որն ուղիղ և անխոչընդոտ անցում է ապահովելու (առանց հայկական վերահսկողության) Ադրբեջանից դեպի Նախիջևան՝ Հայաստանի տարածքով:
Երկու այլ պայմաններ, որոնք բարձրացվել են անցյալ տարի, բայց ավելի քիչ են հիշատակվում ադրբեջանական վերջին հայտարարություններում, ներառում են՝
- «Ադրբեջանական անկլավների» վերադարձ, ներառյալ՝ Տիգրանաշենը, Սոֆուլուն, Բարխուդարլուն և Վերին Ոսկեպարը:
- Հայաստանի կողմից «Խոջալուի իրադարձությունների» ճանաչումը որպես ցեղասպանություն։
Ադրբեջանը, կարծես թե, մտադիր է խաթարել Հայաստանի վերջին զիջումների արդյունքում ստեղծված դրական մթնոլորտը: Ադրբեջանի պաշտպանության նախարարության վերջին հայտարարությունները ամրապնդում են նրա ագրեսիվ դիրքորոշումը Հայաստանի նկատմամբ և ընդգծում Եվրամիության առաքելության կայունացնող դերը՝ որպես անվտանգության միջոց, որը Երևանն արդեն համաձայնել է փոփոխել։
Ադրբեջանը պահպանում է հետագա էսկալացիայի հնարավորությունը և ցանկացած պահի կարող է հարձակում սկսել։ Առանց Բաքվի վրա էական միջազգային ճնշման՝ տեսանելի ապագայում խաղաղության համաձայնագրի ստորագրումը քիչ հավանական է մնում։
Առաջարկներ
Քանի որ էսկալացիայի ռիսկը պահպանվում է, անհրաժեշտ է երկու երկրների միջև ուժերի ավելի մեծ հավասարակշռություն և տնտեսական ու դիվանագիտական ազդեցության լծակների առավել արդյունավետ օգտագործում:
Տարածաշրջանում խաղաղությամբ և անվտանգությամբ հետաքրքրված գործընկերները պետք է շարունակեն Ադրբեջանին բացատրել, որ Հայաստանի տարածքային ամբողջականության վրա ցանկացած հարձակում՝ ֆիզիկական կամ խոսույթային, անընդունելի է և բացասական հետևանքներ կունենա, այդ թվում՝ տնտեսական։ Նրանք նաև պետք է ընդգծեն խաղաղության համաձայնագրի անհապաղ ստորագրման անհրաժեշտությունը։ Այս համատեքստում մարտի 14-ի ՌԴ ԱԳՆ խոսնակի հայտարարությունը, որը ողջունում է համաձայնագրի շուրջ բանակցությունների ավարտը և ԱՄՆ նախագահի՝ ազգային անվտանգության հարցերով խորհրդականի մարտի 16-ի հայտարարությունը, որով կոչ է արվում ավարտին հասցնել խաղաղության համաձայնագիրը և ազատ արձակել Ադրբեջանում պահվող բանտարկյալներին, ճիշտ ուղղությամբ իրականացվող քայլեր են:
Բաքվին էսկալացիայից զերծ պահելու հիմնական միջոցը ագրեսիայի արժեքի բարձրացումն է: Ուժի կամ ուժի սպառնալիքի կիրառումը Բաքվի համար պետք է լուրջ հետևանքներ առաջացնեն, միևնույն ժամանակ, գործընկերները կարող են շարունակել աջակցել Հայաստանին տնտեսական, քաղաքական և ռազմական առումով՝ որպես Ադրբեջանին հակակշիռ:
Հայաստանը պետք է դիտարկի ռազմական էսկալացիան հետաձգելու նպատակով զիջումների գնալու արդյունավետության խնդիրը։ Նախորդ փորձերը (օրինակ՝ 2022 թվականի հոկտեմբերին Պրահայի հայտարարությամբ Հայաստանը ճանաչեց Լեռնային Ղարաբաղը որպես Ադրբեջանի մաս՝ նվազեցնելու համար 2022 թվականի սեպտեմբերին Բաքվի Հայաստան ներխուժումից հետո առկա հետագա էսկալացիայի ռիսկը) ցույց են տալիս, որ այս մոտեցումը միշտ չէ, որ տալիս է նախատեսված արդյունքները։
Բացի այդ, հաշվի առնելով աշխարհաքաղաքական լանդշաֆտը, հատկապես ուկրաինական պատերազմի ընթացքը և ԱՄՆ-Ռուսաստան հարաբերությունների պոտենցիալ կարգավորումը, Հայաստանը պետք է քայլեր ձեռնարկի Ռուսաստանի հետ հարաբերությունների վերագործարկման:
Հին հունական դիցաբանության մեջ Սիզիփոսը դատապարտվել է հավերժական անօգուտ աշխատանքի՝ քարը բարձրացնել բլուրն ի վեր, սակայն այն նորից հետ է գլորվել՝ ստիպելով նրան վերսկսել աշխատանքը: Մնում է միայն հուսալ, որ երկու պետությունները վերջապես կվերացնեն սիզիփոսյան անեծքը՝ կնքելով պատմական խաղաղություն արդար պայմաններով կամ էլ նրանք ևս մեկ անգամ կհայտնվեն բլրի ստորոտում՝ բորբոքելով դժգոհություններն ու նախապատրաստվելով հակամարտության հաջորդ փուլին: Հարավային Կովկասի և այն սերունդների համար, ովքեր շատ երկար ժամանակ են անցել պատերազմի միջով, հույսն այն է, որ հանգուցալուծումը մոտ է, և խաղաղության քարը վերջապես կդադարի ետ գլորվել՝ ավարտելով Սիզիփոսյան շղթան։ |