2025թ-ի հունիսի 17-ի դրությամբ
Ինչ է տեղի ունեցել
Հունիսի 13-ին Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտարարեց «Վեր հառնող առյուծ» ռազմական գործողության մեկնարկի մասին, որը նա բնորոշեց որպես «կանխարգելիչ հարված միջուկային և ռազմական ենթակառուցվածքներին»։
Ռմբակոծությունների թիրախում էին ռազմական ղեկավարներն ու առաջատար միջուկային գիտնականները, ինչպես նաև միջուկային, ռազմական, իսկ ավելի ուշ՝ էներգետիկ օբյեկտները։ Ի պատասխան՝ Իրանը հայտարարեց «Ճշմարիտ խոստում 3» գործողության մասին՝ հարվածներ հասցնելով ռազմական թիրախներին, էներգետիկ ենթակառուցվածքներին և որոշումների կայացման գործընթացում ներգրավված կենտրոններին։ Երկու երկրները հարվածներ են հասցրել նաև քաղաքացիական ենթակառուցվածքներին։
Այս հոդվածը հրապարակելու դրությամբ Իսրայելը շարունակում է կանոնավոր հարվածներ հասցնել Իրանին՝ Իրանի օդային տարածքում ունենալով հարաբերական ազատություն։ Թեհրանի հակահարվածները ավելի սահմանափակ են՝ ժամանակի և կիրառվող միջոցների առումով։ Ռազմական գործողությունները սկսվել են երկու օր առաջ՝ նախքան Միացյալ Նահանգների և Իրանի միջև միջուկային համաձայնագրի վերաբերյալ նախատեսված վեցերորդ հանդիպումը։
Իրան–Իսրայել առճակատումն արդեն իսկ ազդել է Հայաստանի տնտեսության և ռազմական անվտանգության վրա: Լարվածության թուլացման նշաններ դեռ չկան, իսկ հակամարտության շարունակությունը կարող է ոչ միայն վատթարացնել Հայաստանի եղած խնդիրները, այլև ստեղծել նորերը: ԱՊՐԻ Արմենիայի այս վերլուծությունը անդրադառնում է պատերազմի՝ Հայաստանի համար հետևանքներին և ներկայացնում է առաջարկներ տարածաշրջանային կայունությանը համար:
Հիմնական եզրակացությունները
- Կանոնների վրա հիմնված միջազգային կարգը շարունակում է քայքայվել՝ պետությունների միջև վեճերի լուծման գործիքակազմում «ընդունելի դարձնելով» ուժի կիրառումը։
- Բանակցային գործընթացների նկատմամբ վստահությունը տատանվում է։ Ամիսներ շարունակ Միացյալ Նահանգները և Իրանը բանակցություններ էին վարում միջուկային համաձայնագրի շուրջ։ Բանակցությունների վեցերորդ փուլը նախատեսված էր անցկացնել Օմանում հունիսի 15-ին, որը չեղարկվել է հակամարտության պատճառով։ Նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները նախապես տեղեկացված է եղել Իրանի վրա հարձակվելու Իսրայելի ծրագրերի մասին։ Չի բացառվում, որ այլ երկրներ նույնպես տեղյակ են եղել։ Սա ավելի շատ հարցեր է առաջացնում այն մասին, թե որքանով են իրական եղել բանակցությունները Իրանի և ԱՄՆ-ի միջև։
- Ռազմական թիրախների նկատմամբ ավանդական սահմանափակումները թուլացել են։ Միջուկային օբյեկտների, ռազմական ղեկավարության և այլ պետական գիտնականների դեմ հարվածները հուշում են թիրախներ ընտրելու նոր պրակտիկայի ի հայտ գալու մասին, որը մյուս պետությունները կարող են այժմ ավելի համարձակ կիրառել։
- Տերությունների միջև բևեռացումը խորանում է։ ԱՄՆ-ից, Կանադայից, Ճապոնիայից և առաջատար եվրոպական երկրներից՝ Ֆրանսիայից, Գերմանիայից, Միացյալ Թագավորությունից և Իտալիայից կազմված «Մեծ յոթնյակը» աջակցություն է հայտնել Իսրայելի «անվտանգությանը և ինքնապաշտպանության իրավունքին»: Միևնույն ժամանակ, Չինաստանը, Թուրքիան, Ռուսաստանը և այլ երկրներ, այդ թվում՝ Հայաստանը, դատապարտել են Իսրայելի հարձակումները:
Հետևանքները Հայաստանի համար
1. Անվտանգություն
2020 թվականի Լեռնային Ղարաբաղի պատերազմից հետո Իրանը առանցքային դեր խաղաց Հարավային Կովկասում կայունության պահպանման գործում: Թեհրանի կոշտ հայտարարությունները՝ տարածաշրջանի միջազգայնորեն ճանաչված սահմանների ցանկացած փոփոխության դեմ, գլխավոր արգելքը դարձան Ադրբեջանի և Թուրքիայի կողմից առաջ մղվող, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» և «Արևմտյան Ադրբեջանի» օրակարգերի իրականացման համար: Կան հայտարարություններ, որ Իրանը 2022 թվականի սեպտեմբերին կասեցրեց Ադրբեջանի հետագա ներխուժումը Հայաստան: Բաքուն և Անկարան կարող են Իրանի ռազմական կարողությունների թուլացումը ընկալել որպես հնարավորություն՝ Հայաստանի վրա ռազմական ճնշումը մեծացնելու համար: Պատահական չէ, որ հունիսի 14-ին Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը հայտարարեց, որ Բաքուն Հայաստանից ակնկալում է կոնկրետ գործողություններ «Զանգեզուրի միջանցքի» բացման վերաբերյալ, որը «ռազմավարական նշանակություն ունի ամբողջ տարածաշրջանի համար»՝ ընդգծելով նաև թյուրքական ազգերը կապող ուղիղ երթուղի ունենալու իրենց մեծ ցանկությունը:
Իրանի քաղաքական ղեկավարության թուլացումը կարող է Իրանի հյուսիսում անջատողական շարժումների առաջացման պատճառ դառնալ, օրինակ՝ «Ինքնավար Հարավային Ադրբեջանի Հանրապետություն» ստեղծման համար, ինչը օգուտ կբերի Ադրբեջանին, Իսրայելին և այլ երկրների, որոնք ցանկանում են տեսնել Իրանի թուլացումը։
Եթե հակամարտությունը շարունակվի, Հայաստանը կարող է բախվել Հյուսիսային Իրանից տասնյակ կամ նույնիսկ հարյուր հազարավոր փախստականների հոսքի։ Իրանական ծագում ունեցող էթնիկ հայերը և դիվանագիտական համայնքը նույնպես կարող են տարհանվել Հայաստանի միջոցով։ Իրենց երկրից փախչել ցանկացող իրանցիները, հավանաբար, կընտրեն Թուրքիան, Հայաստանը և Ադրբեջանը, քանի որ այս երկրներն ունեն ամենահարմար ցամաքային սահմանները։ Հաշվի առնելով, որ Հյուսիսային Իրանը բնակեցված է ադրբեջանախոս իրանցիներով, չի կարելի բացառել նրանց Հայաստան գալու հնարավորությունը։ Եթե դա տեղի ունենա, ապա այն իր ազդեցությունը կունենա Հայաստանի սոցիալ-տնտեսական կառուցվածքի վրա և կարող են ուժեղանալ նաև աշխարհաքաղաքական ռիսկերը։
Վերջապես, եթե ռազմական գործողությունները շարունակվեն, Հայաստանը խնդիրներ կունենա հնդկական զենքի մատակարարումների հետ, քանի որ դրանք Հայաստան են հասնում իրանական օդային և ցամաքային տարածքով։
2. Տնտեսություն
Բաց աղբյուրների համաձայն՝ Հայաստանի առևտրի ավելի քան 30%-ը անցնում է Իրանով։ Հունիսի 16-ին ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը հայտարարեց, որ Իրանի Բանդար Աբբաս նավահանգստում կան հայկական ապրանքներ, որոնք կամ դեռևս դուրս չեն եկել այնտեղից, կամ գտնվում են ճանապարհներին։ Եթե ուշացումները երկարաձգվեն, Հայաստանը կարող է ունենալ որոշ ապրանքների պակաս, իսկ ընկերությունները, հնարավոր է, չկատարեն պայմանագրային պարտավորությունները, ինչը կհանգեցնի ֆինանսական տուգանքների և տնտեսական կորուստների։
3. Շրջակա միջավայր
Իսրայելի հարվածների հիմնական թիրախներից են եղել Իրանի միջուկային օբյեկտները։ Այս օբյեկտներից ամենամեծը՝ Ֆորդո միջուկային գործարանը, գտնվում է Հայաստանի սահմանից մոտ 800 կիլոմետր հեռավորության վրա։ Միջազգային ատոմային էներգիայի գործակալությունը հայտնել է Նաթանզի ուրանի հարստացման օբյեկտներից մեկում ռադիոլոգիական և քիմիական աղտոտվածության մասին։ Նմանատիպ դեպքեր կարող է տեղի ունենալ նաև Հայաստանի սահմանին մոտ տարածքներում, ինչը լուրջ բնապահպանական և հանրային առողջապահական ռիսկեր է ստեղծում տարածաշրջանի համար։
Առաջարկներ
- Հայաստանի կառավարությունը պետք է խորհրդակցություններ սկսի անվտանգության ոլորտի գործընկերների հետ՝ օգտագործելով Հայաստանի անվտանգության խորհրդի համակարգմամբ գործող մեխանիզմները։ Այս խորհրդակցությունների նպատակներն են լինելու ընդգծել Ադրբեջանի կողմից իրավիճակի էսկալացիայի ռիսկի աճը և վերահաստատել, որ Հայաստանը կձեռնարկի բոլոր անհրաժեշտ միջոցները իր ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը պաշտպանելու համար, ինչպես նաև կոչ անել իր անվտանգության ոլորտի գործընկերներին պատրաստ լինել ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ՝ հնարավոր տարածաշրջանային անկայունությունը նվազեցնելու համար։
- Կառավարությունում ստեղծել աշխատանքային խումբ՝ փոխվարչապետերից մեկի ղեկավարությամբ, որը կուսումնասիրի Իրանի հետ արտահանման/ներմուծման դժվարությունների հետևանքով առաջացած բացասական տնտեսական ազդեցությունը մեղմելու տարբերակները: Դրանք կարող են ներառել Սև ծովի և Կասպից ծովի տարանցիկ ներուժի ավելի լայն օգտագործումը Մերձավոր Արևելքի և Ասիայի շուկաներ մուտք գործելու համար:
- Սկսել խորհրդակցություններ ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի և այլ համապատասխան միջազգային կազմակերպությունների հետ՝ Իրանից Հայաստանի հարավային շրջաններ փախստականների հոսքի դեպքում ստեղծված արտակարգ իրավիճակը համակարգելու համար: Հայ-իրանական սահմանին փախստականների զգալի հոսքը կառավարելու շրջանակներում Հայաստանի իշխանությունները կարող են խորհրդակցություններ սկսել Հայաստանում տեղակայված ռուսական սահմանապահ զորքերի ղեկավարության հետ:
- Պատրաստել Իրանից և Իսրայելից հայ քաղաքացիների և էթնիկ հայերի տարհանման ծրագիր, եթե նրանք նման ցանկություն ունենան։