Լեռնային Ղարաբաղի երկրորդ պատերազմի և ռուս-ուկրաինական պատերազմի հետևանքով Հարավային Կովկասի աշխարհաքաղաքական դինամիկայի ծավալուն փոփոխությունները ձևավորեցին Հայաստանի կառավարության ձգտումը՝ դիվերսիֆիկացնել արտաքին քաղաքականությունը: Զեկույցում վերլուծվում են 2020թ-ի նոյեմբերից՝ Լեռնային Ղարաբաղի երկրորդ պատերազմի ավարտից մինչև 2025թ-ի մարտ ընկած ժամանակահատվածում Հայաստանի արտաքին քաղաքականությունում և դրա շուրջ տեղի ունեցած առանցքային իրադարձությունները: Զեկույցում ներկայացված են նաև առաջարկներ՝ Հայաստանի արտաքին քաղաքականության ընդհանուր հետագիծը՝ ինչպես լայն շրջանակներում, այնպես էլ կոնկրետ երկկողմ հարաբերությունների մակարդակով ուղղորդելու վերաբերյալ:
Զեկույցի հիմքում թեմայի վերաբերյալ արված լայնածավալ հետազոտությունն է, որը ներառում է նաև հրապարակումներ, պաշտոնական հայտարարություններ և ավելի քան 25 հարցազրույց Հայաստանի պաշտոնյաների, ինչպես նաև տարածաշրջանային հարցերով զբաղվող հայ և օտարերկրյա փորձագետների հետ։
Ամփոփագիր
2020 թվականի Լեռնային Ղարաբաղի պատերազմը, 2022 թվականին ռուս–ուկրաինական պատերազմի մեկնարկը և 2023 թվականին Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի ռազմական ճանապարհով գրավումը խաթարեցին տարածաշրջանի ստատուս քվոն։ 2022թ-ից հետո Հայաստանի կառավարությունն ակտիվացրել է արտաքին քաղաքականության դիվերսիֆիկացման ջանքերը՝ Ադրբեջանի բազմակի ներխուժումների և Ռուսաստանի և Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության կողմից շոշափելի պատասխանի բացակայության պայմաններում։ Հայաստանը ձգտում էր խորացնել դիվանագիտական և ռազմական համագործակցությունը նոր և գոյություն ունեցող գործընկերների՝ մասնավորապես Հնդկաստանի, Ֆրանսիայի, ԵՄ-ի և ԱՄՆ-ի հետ՝ միաժամանակ բացելով բազմաթիվ դեսպանատներ աշխարհով մեկ։
Զսպումը հզորացնելու նպատակով դիվերսիֆիկացիայի խորացում. առաջարկներ
- Ամրապնդել զսպումը երկու տարբեր միջոցներով՝ իրականացնել ռազմական արդիականացում, ամրաշինված սահմանների ստեղծում և դիվանագիտական կապերի խորացում:
- Ներգրավել Թուրքիային. շարունակել Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման ուղղությամբ ջանքերը՝ ձգտելով այս գործընթացը տարանջատել Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցություններից՝ թուլացնելու Անկարայի և Բաքվի դաշինքը:
- Ամրապնդել տնտեսական կապերը Հայաստանի հետ բաց սահմաններ ունեցող պետությունների հետ. հայկական բիզնեսի ակտիվ մասնակցությամբ ընդլայնել տնտեսական, էներգետիկ և ենթակառուցվածքային համագործակցությունն Իրանի հետ և ամրապնդել տնտեսական հարաբերությունները Վրաստանի հետ:
- Ռուսաստանի հետ հարաբերությունների վերագործարկում. երկկողմ հարաբերությունների բնույթի փոփոխման պայմաններում Հայաստանը պետք է հստակ ձևակերպի Մոսկվայի հետ նոր հարաբերությունների իր տեսլականը։
Զեկույցին կարող եք հղում կատարել այսպես՝ Պողոսյան, Բենիամին. «Հայաստանի արտաքին քաղաքականությունը ղարաբաղյան երկրորդ պատերազմից հետո. դիվերսիֆիկացիան հետմիաբևեռ աշխարհում», ապրիլ, 2025, Հայաստանի կիրառական քաղաքականության հետազոտական ինստիտուտ (ԱՊՐԻ Արմենիա) DOI։https://doi.org/10.71308/HTSV7537